ՊՎԾ-ն Երևանի քաղաքապետարանում պետական բյուջեի ծախսման արդյունավետությունն է ստուգել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

Հասարակական

Երեկ Երևանի քաղաքապետարանում Պետական վերահսկողական ծառայությունն իր գործառություններն է իրականացրել, որը ներառում է նաև պետական բյուջեի ծախսման արդյունավետությունը ստուգելը։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Իոսիֆ Կուբատյանը։

«Երևանի քաղաքապետարանն ունի համայնքային՝ սեփական եկամուտներ։ Ունի նաև պետբյուջեից ստացվող սուբսիդիաներ և այլն, օրինակ՝ փողոցային լուսավորության ապահովումը պետբյուջեից է ֆինանսավորվում, ասֆալտապատման որոշ աշխատանքներ պետբյուջեից են ֆինանսավորվում», - նշեց Կուբատյանը։ Այլ մանրամասներ նա չասաց՝ հորդորելով դիմել ՊՎ ծառայությանը։

Հավանաբար ՊՎԾ-ն 2-3 ամսից կներկայացնի Երևանի քաղաքապետարանում իրականացված ստուգումների արդյունքները։ Պետական վերահսկողական ծառայությունից չհաջողվեց որևէ բան տեղեկանալ․ տարբեր բաժիններ, նույնիսկ «գլխավոր քարտուղար», «քարտուղարի տեղակալ», «ծառայության ղեկավարի օգնական՝ մամուլի խոսնակ» բաժիններ կատարած հեռախոսազանգերն արդյունք չտվեցին՝ կա՛մ ասում էին՝ «գրավոր դիմե՛ք», կա՛մ էլ՝ «տեղեկություն չունեմ»։

ՊՎԾ-ի ստուգումները սկսվել են Հայկ Մարությանին քաղաքապետի պաշտոնից հեռացնելուց (դեկտեմբերի 22) հետո։ Իշխող ուժի նախաձեռնությամբ սկսված պաշտոնանկության գործընթացը Մարությանն իր դեկտեմբերի 22-ի ելույթում որակել էր որպես հեղաշրջում և քննադատել իշխանությունների վարած քաղաքականությունը, այդ թվում՝ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի համար 90 միլիոն դրամանոց ծառայողական մեքենա գնելը։

Նշենք, որ այս տարվա ապրիլի 15-ին «Ժողովուրդ» օրաթերթը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ Պետական վերահսկողական ծառայությունը վերջերս երբ փորձել է ստուգումներ իրականացնել Երևանի քաղաքապետարանում, դիմադրության է հանդիպել՝ ՊՎԾ աշխատողներին դուրս են հանել, չեն թողել ստուգումներ իրականացնել։ «Քաղաքապետարանում ստուգումներն իրականացնել, ըստ էության, չի հաջողվել, քանի որ հանդիպել են անձամբ քաղաքապետ Հայկ Մարությանի դիմադրությանը, եւ վերջինս ասել է, թե իրավունք չունեն իրենց ստուգելու: Նշենք, որ քաղաքապետարանում ստուգումներ անելու հրահանգը տվել է կառավարության աշխատակազմի ղեկավար [այժմ պատգամավոր] Արսեն Թորոսյանը, քանի որ Հայկ Մարությանն այլեւս չի շփվում իմքայլականների հետ եւ վերահսկողությունից դուրս է եկել», - գրել էր թերթը։

--00--ԿԿ