Փաշինյանի սպանությունը նախապատրաստելու մեջ մեղադրվող արվեստագետը նույնպես արդարացվել է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

Հասարակական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպանությունը նախապատրաստելու մեջ մեղադրվող արվեստագետ Աշոտ Ավագյանի նկատմամբ քրեական հետապնդումը նույնպես դադարեցվել է։ Այս մասին 24News-ին ասաց Ավագյանի փաստաբան Վահե Արմենակյանը։

Նոյեմբերի 15-ին «Քարահունջ» հնավայր արգելոցի տնօրեն, ՀՅԴ անդամ, Սիսական ջոկատի կամավորական Աշոտ Ավագյանին Ազգային անվտանգության ծառայությունը մեղադրանք էր առաջադրել քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության յուրացում) և 35-305-րդ հոդվածով (պետական գործչի սպանության նախապատրաստում)։

Արմենակյանն ասաց, որ Աշոտ Ավագյանը հիմա արդարացվածի կարգավիճակ ունի։ 

Անձամբ Ավագյանը 24News-ին ասաց, որ մամուլից է իմացել քրեական հետապնդումը դադարեցնելու՝ ԱԱԾ որոշման մասին։

Այս նույն գործով մեղադրվում էին նաև «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Վահրամ Բաղդասարյանը, Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը։ 

Ավելի վաղ Վահրամ Բաղդասարյանի փաստաբան Ռուբեն Հակոբյանը 24News-ին ասել էր, որ բոլորի վերաբերյալ մի որոշումով է քրեական հետապնդումը դադարեցվել։ 

Ի տարբերություն մյուսների՝ Աշոտ Մինասյանը շարունակում է մեղադրվել ապօրինի զենք, զինամթերք պահելու մեջ (235-րդ հոդվածի 1-ին մաս)։ Մինասյանի փաստաբան Միհրան Պողոսյանը, անդրադառնալով քրեկան հեդապնդումը դադարեցնելու հարցին, երեկ իր ֆեյսբուքյան էջում գրել էր․ «Հիշեցնեմ, որ խոսքը գնում է 2020թ-ի նոյեմբերի 13-ին Սիսիան քաղաքում հայտնաբերված զենք ռազմամթերքին, որի հետ Աշոտ Մինասյանի կապն այնքան է, որքան Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացունը»։

--00--ԿԿ