Վահրամ Բաղդասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է․ փաստաբան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

Հասարակական

Վահրամ Բաղդասարյանի, Աշոտ Մինասյանի, Արթուր Վանեցյանի վերաբերյալ քրեական հետապնդումը դադարեցվել է վերջիններիս արարքներում հանցակազմի բացակայության հիմքով։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Վահրամ Բաղդասարյանի փաստաբան Ռուբեն Հակոբյանը։

«Բոլորի վերաբերյալ մի որոշումով է քրեական հետապնդումը դադարեցվել։ Վահրամ Բաղդասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, ինքը ձեռք է բերում արդարացվածի կարգավիճակ», - հավելեց Հակոբյանը։

Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 15-ին «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Վահրամ Բաղդասարյանին և Սիսական ջոկատի հրամատար Աշոտ Մինասյանին մեղադրանք էր առաջադրվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպանությունը նախապատրաստելու համար։ Բաղդասարյանին և Վանեցյանին մեղադրանք էր առաջադրվել քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասի (իշխանության յուրացում), և 35-305-րդ հոդվածի (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստում) հատկանիշներով, իսկ Աշոտ Մինասյանին՝ նաև 235-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք զինամթերք պահելը) հատկանիշներով։

Մինասյանի փաստաբան Միհրան Պողոսյանը, անդրադառնալով քրեական հեդապնդումը դադարեցնելու հարցին, երեկ իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Աշոտ Մինասյանը մեղադրվում է միմիայն ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով /միջին ծանրության հանցանք, առավելագույնը մինչև 3 տարի ազատազրկում/։ «Հիշեցնեմ, որ խոսքը գնում է 2020թ-ի նոյեմբերի 13-ին Սիսիան քաղաքում հայտնաբերված զենք ռազմամթերքին, որի հետ Աշոտ Մինասյանի կապն այնքան է, որքան Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացունը», - նշել էր Պողոսյանը։