Նահատակված զինծառայողների դիերը պոլիէթիլենային պարկերով նկուղի հատակին նետելու համար ոչ ոք չի պատժվի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

Հասարակական

Պատերազմում զոհված զինծառայողների դիերն և մասունքները նկուղի հատակին նետելու համար ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվի։ Քննչական կոմիտեն որոշել է, որ զինվորների մարմինները նկուղում պահելը նորմալ է ու քրեական գործի վարույթը կարճել, գրում է «Փաստինֆո»-ն։

Լրատվամիջոցը գրավոր հարցում է ուղարկել ՀՀ ՔԿ՝ պարզելու, թե ինչ փուլում է գտնվում քրեական գործի նախաքննությունը, արդյոք քրեական գործով որևէ անձի մեղադրանք առաջադրվե՞լ է, թե՞ ոչ, քրեական գործի շրջանակներում հարցաքննվե՞լ է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Պարզվել է, որ նախարարը ոչ միայն չի հարցաքննվել, ոչ միայն որևէ մեկին մեղադրանք չի առաջադրել, այլև զոհված զինվորների մարմինները նկուղում պահելը հետապնդելի արարք չեն համարել։

«ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնի Կոտայքի մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնում զոհված զինծառայողների մարմնի մասունքները և դիերը ոչ պատշաճ պահելու դեպքի առթիվ 02. 06. 2021թ Կոտայքի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 49200121 քրեական գործը, որը նախաքննություն կատարելու նպատակով ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին»,- «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են ՀՀ ՔԿ-ից՝ տեղեկացնելով, որ դեկտեմբերի 16-ին որոշում է կայացվել քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ հանցակազմի բացակայության հիմքով։

Միաժամանակ ՔԿ-ից նշել են, որ քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը չի հարցաքննվել։