Դավիթ Տոնոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդություն է ներկայացվել

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27,  24 News

տոնոյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդություն է ներկայացվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը։ 

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ԱԱԾ-ն ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի. Զենքի մատակարարման գործով զբաղվող գործարար Դավիթ Գալստյանի, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի և ևս չորս անձի գործով նախաքննության ավարտ է հայտարարել եւ 8 օր ժամանակ տվել պաշտպանության կողմին՝16 հատորից բաղկացած գործի նյութերին ծանոթանալու համար։

Գործի նյութերին ծանոթանալու ժամկետը լրացել է. Տոնոյանի պաշպանները միջնորդություն են ներկայացրել՝ պահանջելով դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը։

«Այս պահին արդեն կարող ենք փաստել, որ գործի նյութերի վերլուծության հիման վրա հնարավոր չէ առաջադրել այն մեղադրանքը, որն առաջադրած է»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ մեղադրանքի նկարագրությունը, դրա նկարագրական մասում ձևակերպված արարքները, հետևանքները քրեական գործի նյութերով չեն հիմնավորվում, հակառակը՝ դրանք հերքող, լիովին այլ տվյալների մասին է գործի նյութերը։

Բացի այդ՝ վարույթ իրականացնող մարմինը նախաքննության ավարտ էր հայտարարել՝ առանց պայթյունատեխնիկական և ապրանքագիտական փորձաքննություններ իրականացնելու, մինչդեռ, փաստաբանի պնդմամբ, առանց հրթիռի որակի մասին գնահատական տալու, ընդ որում, որևէ դատավարական գործողության արդյունքում դրանց վերաբերյալ դիրքորոշում հայտնած չլինելու պայմաններում ասելը, որ անորակ, անպիտան հրթիռ է ձեռքբերվել, իրավաբության հետ աղերս չունի։ Պաշտպանության կողմի համոզմամբ՝ վարույթ իրականացնող մարմինն անկատար է թողել նշված փորձաքննությունները՝ հասկանալով, որ խնդիր են ունենալու փորձաքննության կատարման հետ, եզրակացությունը հակասելու է առաջադրված մեղադրանքին։ Պաշտպանի խոսքով՝ քրեական գործի նյութերում առկա են բազմաթիվ տվյալներ, որոնք կարող ենք որակել որպես «արդարացնող», որոշ ապացույցներ պաշտպանության կողմի նախաձեռնությամբ են ձեռք բերվել։

«Պարզապես մինչև քրեական գործի նախաքննության ավարտը մենք չէինք կարողանում տիրապետել այդ նյութերին և քննիչի կողմից դրանք դատարան չէին ներկայացվել կալանքի ժամկետի երկարացման կամ դրան նախորդող նիստերի ընթացքում։ Երբ ծանոթացանք քրեական գործի ամբողջ նյութերին, պարզ դարձավ, որ այն ապացույցները, որոնք շատ էական էին նաև կալանքի հարցը քննարկելիս՝ չէր ներկայացվել դատարան, միայն այն մասով էին ներկայացրել, որը կարող էր քիչ, թե շատ պարոն Տոնոյանի առնչությունը հիմնավորել»,- նշեց Հովհաննիսյանը։

Նախաքննության ընթացքում Դավիթ Տոնոյանն այդպես էլ ցուցմունք չի տվել, Դավիթ Տոնոյանի դեմ ցուցմունքներ, որպես այդպիսին, ևս չկան։

«Քրեական գործի նրբությունն այն է, որ պարտադիր չէ, որ որևէ մեկը ցուցմունք տա, խոսքը կատարված գործարքի մասին է, որն ամբողջությամբ փաստաթղթավորված է, մնացած հարցերը վերաբերելի էին փորձաքննությանը։ Ամբողջ փաստաթղթերն առգրավված էր, գտնվում էր վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ։ Դրա վերաբերյալ ով ինչ ցուցմունք էլ տար՝ միևնույնն էր, փաստաթղթերով հիմնավորված էր, թե ինչ գնով է ձեռք բերվել, ինչպես է եղել, ով է հայտն ներկայացրել, գնի վերաբերյալ ինչ բանակցություններ են եղել։ Այդ ամենի վերաբերյալ քրեական գործում արդեն տվյալներ առկա էին»,- նշեց Հովհաննիսյանը։

Ինչ վերաբերում է Դավիթ Տոնոյանի տեսակցությունների վրա դրված արգելանքին, պաշտպանը նշեց, որ Դավիթ Տոնոյանը դարձյալ չի ցանկանում արգելանքը վերացվի, նման միջնորդություն չի ներկայացվել։

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ում քննվող քրեական գործ է հարուցվել՝ ռազմամթերքի ձեռքբերման գործընթացում ենթադրյալ չարաշահումներին, մասնավորապես՝ անորակ, անպիտան հրթիռներ ձեռք բերելուն։ Քրեական գործի շրջանակներում ընդհանուր առմամբ մեղադրանք է առաջադրվել յոթ անձի, այդ թվում՝ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանին՝ «Պատրոն Դավո»-ին, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին։ Ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության՝ Դավիթ Տոնոյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասով՝ խոշոր չափերով յուրացում կատարելու հատկանիշներով։ Խոսքը մոտ 2,277,323,840 ՀՀ դրամի մասին է։

--00—ՄՀ