Փաշինյանը պատրաստում է հետագա հողերի հանձման. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25,  24 News

քաղաքագետ

Նիկոլ Փաշինյանը պատրաստում է հետագա հողերի հանձման և հասարակական կարծիքն է նախապատրաստում։  Այս մասին 24News-ին ասաց «Կովկաս» ինստիտուտի ավագ գիտաշխատող, քաղաքագետ, տնտեսագետ Հրանտ Միքայելյանը` անդրադառնալով երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մի շարք մտքերին։

Երեկ առցանց ասուլիսի ժամանակ Փաշինյանն ասեր էր, որ 1975 թվականի քարտեզներով Տավուշի որոշ գյուղերի հողեր ադրբեջանական վերահսկողության տակ են, նշել էր նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում ադրբեջանցի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին։

Հարցին՝ արդյո՞ք Սոչիում և Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցություններն ազդեցություն ունեցել են Փաշինյանի այսպիսի հայտարարությունների վրա, Միքայելյանը պատասխանեց, որ Փաշինյանը հանդես է գալիս որպես թուրք-ադրբեջանական շահերի լոբբիստ։ «Իրականում եթե մենք խոսում ենք Ադրբեջանի ինքնորոշման մասին, Ադրբեջանը բոլոր օրենքները պահելով չի առանձնացել [ԽՍՀՄ-ից], չի պահել ամբողջ պրոցեդուրան։ Իսկ եթե պահեր, պետք է ճանաչվեր Արցախի անկախությունը, որովհետև ենթադրվում էր [ԽՍՀՄ-ի] բոլոր ինքնավարություններում հանրաքվե իրականացնել։ Բայց քանի որ Ադրբեջանը դա չի արել, իրականում օրինական տեսանկյունից իր ինքնորոշման իրավունքը չի իրացրել։ Իսկ ինչ վերաբերում է Փաշինյանի հայտարարություններին, ապա ինքը որպես Թուրքիայի և Ադրբեջանի շահերի լոբբիստ է հանդես գալիս, և իրենց կարծիքն է անընդհատ ներկայացնում Հայաստանին», - ընդգծեց քաղաքագետը։ 

Արդյո՞ք այս հայտարարությունները կթուլացնեն Հայաստանի դիրքերը բանակցային գործընթացում։ «Հայկական կողմն ըստ էության բոլոր դիրքերը կորցրել է բանակցային գործընթացում, որովհետև բանակցողները Փաշինյանը և Արարատ Միրզոյանն են։ Եթե Ադրբեջանն ասում է, որ բոլոր տարածքներն իրենցն են, իսկ հայկական կողմի այսպես կոչված ներկայացուցիչն ասում է, որ կարող է պարզվել, որ այդ տարածքներն ադրբեջանական են, պարզ է, որ Ադրբեջանն այստեղ լուրջ առավելություն ունի», - եզրափակեց Հրանտ Միքայելյանը։

 --00—ՄՀ