Հակոբ Սիմիդյանը մասնակցել է Սևանա լճից ձկնորսական ապօրինի ցանցերի դուրսբերման աշխատանքներին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

Սիմիդյան Սևան

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը մասնակցել է Սևանա լճից ձկնորսական ապօրինի ցանցերի դուրսբերման աշխատանքներին: Այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:

Ինչպես ավելի վաղ նախարարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ հայտնել էր նախարար Հակոբ Սիմիդյանը, ինքը պատրաստվում է պարբերաբար այցերի միջոցով մասնակցել Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված խիստ վերահսկողության միջոցառումների ծրագրի ընթացքին:

Այսօր նախարար Սիմիդյանը Գեղարքունիքի մարզպետի, ՀՀ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ներկայացուցիչների ու «Սևան» ազգային պարկի տեսուչների հետ մասնակցել է լճից ապօրինի ցանցերի դուրսբերման աշխատանքներին:

Միջոցառումների ողջ ընթացքում լճի վրա հատուկ վերահսկողությունը շարունակվելու է:

Այս ամենը միտված է մեր ազգային հարստություն Սևանա լճի էկոհամակարգի վերականգնմանը և կենսաբազմազանության պահպանությանն ու խելամիտ օգտագործմանը:

Հիշեցնենք, որ Սևանա լճում սիգի ձվադրող վտառի պահպանությունը և բնականոն վերարտադրությունն ապահովելու նպատակով 2021 թվականի դեկտեմբերի 20-ից մինչև 2022 թվականի հունվարի 15-ը Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում իրականացվում է Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված վերահսկողության համատեղ միջոցառումների ծրագիրը:

--00--ԱԹ