Երբեք չենք ասել Թուրքիային՝ Ցեղասպանությունը կճանաչեք՝ հարաբերությունները կկարգավորենք, չէ՝ չէ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում հնարավո՞ր է հայկական կողմը հրաժարվի ցեղասպանության ճանաչումից: Այս հարցին անդրադառնալով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր առցանց ասուլիսի ժամանակ նշեց` հայկական կողմը երբեք Թուրքիային որպես նախապայման չի ներկայացրել Ցեղասպանության ճանաչումը:

«ՀՀ բոլոր իշխանություններն, առանց բացառության, ասել են, որ պատրաստ են Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել առանց նախապայմանների, ինչը նշանակում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը երբեք Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների կարգավորման, սահմանների բացման նախապայման չէր: Չի եղել էդպիսի բան երբևէ»,- ասաց նա:

Փաշինյանն ընդգծեց` իրենց կառավարությունը կրկնել է այն նախադասությունը, որ ձևակերպված է 90-ականների սկզբից, այն է` ՀՀ-ն պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել առանց նախապայմանների:

«Դա նշանակում է` չենք ասում` այ, կճանաչեք Ցեղասպանությունը, հարաբերությունները կկարգավորվեն, չեք ճանաչի` չեն կարգավորվի, իսկ միջազգային ճանաչման հարցի վերաբերյալ Կառավարության ծրագրում մենք մեր դիրքորոշումը ձևակերպել ենք»,- նշեց վարչապետը: