«Երևանի ավտոբուսների ծրագիր» համաձայնագրով ՎԶԵԲ-ը 20 մլն եվրո վարկ կտա ՀՀ-ին

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23,  24 News

ավտոբուս

Կառավարությունը դեկտեմբերի 23-ի նիստում հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2021 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրված «Երևանի ավտոբուսների ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրինագիծը:

Ըստ հիմնավորման՝ համաձայնագրի շրջանակում ֆինանսավորման չափը կազմում է 20 մլն եվրո, իսկ վարկի ժամկետը սահմանվում է 15 տարի:

Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում «Դաբլյու Վայ Ջի Ինթերնեյշնլ Լիմիթիդ» խորհրդատվական ընկերության կողմից մշակվել և Երևանի քաղաքապետարանին է տրամադրվել քաղաքի հանրային տրանսպորտի նոր երթուղային ցանցը, որի համաձայն՝ երթուղային ցանցի սպասարկման համար անհրաժեշտ է ձեռք բերել 845 հատ տարբեր չափսի ավտոբուսներ:

Նոր տրանսպորտային ցանցի շարժակազմերի ներդրման ֆինանսական աջակցության հնարավորության հարցը Երևանի քաղաքապետարանը դեռևս 2019թ. գարնանը քննարկել է ՎԶԵԲ-ի հետ, որն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու ավտոբուսների ձեռքբերմանը՝ համապատասխան սուվերեն վարկային պայմանագրի շրջանակներում: Նախնական գնահատմամբ ավտոբուսների ընդհանուր քանակի ձեռքբերման համար անհրաժեշտ կլինի 120-150 մլն եվրո:

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության և ՎԶԵԲ-ի միջև ձեռք բերված նախնական համաձայնությունը ավտոբուսների ձեռքբերման առաջին փուլի ֆինանսավորման համար (25 մլն եվրո, որից 20 մլն եվրո ՎԶԵԲ կողմից վարկային միջոցներ) և տրանսպորտային բարեփոխումների անհետաձգելիությունը՝ Երևանի քաղաքապետարանը տրանսպորտային բարեփոխումների ծրագրի առաջին փուլի շրջանակներում 2021թ. փետրվարի 1-ին հայտարարել է նախնական գնման (Advanced Procurement) երկփուլային մրցույթ՝ շուրջ 100 սեղմված բնական գազով շահագործվող 12 մետրանոց ցածրահատակ ավտոբուսների ձեռքբերման նպատակով:

Մրցութային հայտերի հանձնման վերջնաժամկետը սահմանված է եղել 2021թ. մարտի 31-ը: Ներկայումս ստացված առաջարկները գտնվում են գնահատման փուլում:

--00—ՄՀ