Թուրք-ադրբեջանական ագրեսիան Հայաստանի դեմ նախազգուշացում էր Եվրոպային. Վալերի Պեկրես

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22,  24 News

Վալերի

 

Ֆրանսիական Իլ դը Ֆրանս կենտրոնական շրջանի ղեկավար Վալերի Պեկրեսը կարծում է, որ իր երկիրը՝ Ֆրանսիան, կարող է մի քանի հարթակներով դեր խաղալ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման հարցում: Դրանցից մեկը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է, մյուսը Եվրոպայի մակարդակով հարցը բարձրացնելն է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս շրջանի խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսը այդ մասին հայտարարեց Երևանում հայկական և ֆրանսիական լրատվամիջոցների հետ ասուլիսի ժամանակ:

«Գիտեք, որ հունվարին Ֆրանսիան ստանձնում է Եվրամիության նախագահությունը, և ես կարծում եմ, որ այստեղ կարևոր դեր ունենք համոզելու Եվրամիության մյուս երկրներին, որ առավել ներգրավվեն այս տարածաշրջանի հիմնախնդիրների լուծման հարցում», - ասաց Վալերի Պեկրեսը՝ ողջունելով դեկտեմբերի 14-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպումը:

Բացի այդ, Վալերի Պեկրեսը ցանկանում է Փարիզում միջազգային կոնֆերանս կազմակերպել ի աջակցություն Հայաստանի: Նրա խոսքով՝ այդ կոնֆերանսի օրակարգում կընդգրկվեն ինչպես խաղաղության հաստատման և պահպանման, այնպես էլ այլ կարևոր հարցեր, ինչպիսին է մշակութային և հոգևոր ժառանգության պահպանումը Հայաստանում և Արցախում:

Ֆրանսիացի գործիչը շեշտեց, որ շատ կապված է Հայաստանի հետ: Սա Վալերի Պեկրեսի երրորդ այցն է Հայաստան: Առաջին անգամ նա Հայաստան է եկել 1990 թվականին, երբ աշխատում էր Մոսկվայում Ֆրանսիայի դեսպանությունում: Իր խոսքով՝ դա Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո էր, և այն ժամանակ, ինչպես հայտնի է, Ֆրանսիան հումանիտար աջակցություն է ցուցաբերել Հայաստանին և կարևոր դեր է խաղացել վերականգնողական աշխատանքներում:

Երկրորդ անգամ Պեկրեսը Հայաստան է եկել Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովից հետո՝ 2018 թ. նոյեմբերին, որպես Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ՝ Իլ դը Ֆրանսի և Երևան քաղաքի հարաբերություններն ամրապնդելու, ինչպես նաև Տավուշի մարզի հետ գործընկերություն ձևավորելու նպատակով:

«Իմ լավ ընկեր և քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանը (1944-2020) նախաձեռնել էր գործընկերություն Տավուշի հետ, և մեր Իլ դը Ֆրանս շրջանը, փաստորեն, շարունակեց այդ գործընկերությունը», - պատմեց ֆրանսիական շրջանի ղեկավարը:

Ըստ նրա՝ 2018-ի իր այցը շատ հետաքրքիր էր: Նա հիշեց Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում ծառ տնկելը, հիշեց հայ ժողովրդի նորագույն շրջանի պատմության ամենամեծ ողբերգության՝ Հայոց ցեղասպանության մասին, որն, իր խոսքով, Ֆրանսիայի և հայ համայնքի ու Հայաստանի հարաբերությունների մեկնակետն է եղել, քանի որ 1915-ի ցեղասպանությունից փրկված հազարավոր հայեր հանգրվանել են հենց Ֆրանսիայում՝ կազմավորելով այն մեծ համայնքը, որը շատ մեծ դեր ունի Ֆրանսիայի հասարակության մեջ:

Այդ համայնքի նշանավոր ներկայացուցիչներից է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ, ֆրանսահայ «Nouvelles d'Arménie» ամսագրի խմբագիր Արա Թորանյանը, որը Վալերի Պեկրեսի գլխավորած պատվիրակության կազմում եկել էր Հայաստան:

Դեկտեմբերի 20-21-ի երկօրյա այցի շրջանակներում ևս Իլ դը Ֆրանսի ղեկավարը այցելել է Ծիծեռնակաբերդ՝ տեսնելով իր տնկած ծառը և հարգանքի տուրք մատուցելով Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Ֆրանսիական պատվիրակությունը այցելել է նաև «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Արցախյան երկու պատերազմներում զոհված հայորդիների հիշատակին, այնուհետև՝ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն՝ «Զինվորի տուն, և շփվել 44-օրյա պատերազմում վիրավորված զինծառայողների հետ:

«Կարծում եմ, որ սա մեր այցի շատ լավ խորհրդանիշ էր, քանի որ մեր այցը միաժամանակ խարսխված է մեր համատեղ անցյալի վրա, բայց նաև ուղղված է դեպի ապագան: Իլ դը Ֆրանս շրջանը շատ ամուր կապեր ունի Հայաստանի հետ: Բացի Երևանի հետ համագործակցությունից՝ մենք նաև Հայաստանում Ֆրանսիական համալսարանի գործընկերն ենք և 500.000 եվրո ենք տրամադրել նոր կամպուսի կառուցման և զարգացման ծրագրերի համար: Ակտիվորեն ներգրավված ենք նաև մարդասիրական հարցերում», - հաղորդեց Իլ դը Ֆրանսի ղեկավարը:

Վալերի Պեկրեսի այցելության երրորդ պատճառն այն է, որ ինքն անձամբ մեծապես ներգրավված է Արևելքի քրիստոնյաների պաշտպանության գործընթացում:

«Մենք կարևորում ենք Արևելքի քրիստոնյաների պաշտպանության հարցը, որովհետև մենք միամիտ չենք, մեր աչքերը փակ չեն, և կարծում ենք, որ այսօր առկա են Հայաստանին սպառնացող որոշ վտանգներ, բայց այդ վտանգները կախված են նաև Ֆրանսիայի և Եվրոպայի վրա», - շեշտեց Վալերի Պեկրեսը:

Իսկ ընդհանուր առմամբ իր այցը Վալերի Պեկրեսը նվիրում է Հայաստանի այսօրվա ու վաղվա երիտասարդությանը, հատկապես՝ վերջին պատերազմում զոհված հիմնականում երիտասարդ տղաներին և արցախահայ շուրջ 80 հազար տեղահանվածներին. «Երիտասարդությունն է այս երկրի ապագան, և շատ կարևոր է, որ նրանք ապրեն ու բարգավաճեն հենց իրենց երկրում՝ ձեր հողի վրա: Գիտեմ, որ արտագաղթը շատ մտահոգիչ խնդիր է այսօր ձեր երկրում, սակայն Հայաստանը շատ տոկուն, դիմակայուն երկիր է, դիմակայուն են նրա ժողովրդավարական համակարգը, և այս տարվա ժողովրդավարական ընտրությունները ևս մեկ անգամ վերահաստատեցին այս փաստը»:

Այդ առումով ֆրանսիացի գործիչը անհրաժեշտ է համարում, որ Ֆրանսիան ու Եվրոպան օգնեն Հայաստանին բոլոր այդ գործընթացներում, և հենց այդ պատճառով է, որ, ըստ նրա, Ֆրանսիան պետք է ավելի շատ զբաղվի Հայաստանում կրթության ու մշակույթի ոլորտում գործընկերության զարգացմամբ, այդ թվում՝ Հայաստանում ֆրանսիական ինստիտուտ հիմնելով:

«Նաև պետք է զարգացնենք ու խորացնենք համագործակցությունը կրթության, ֆրանկոֆոնիայի, առողջապահության, մշակույթի, տնտեսական զարգացման ոլորտում: Իհարկե, կարևոր են նաև առևտրային փոխհարաբերությունները», - ասաց Վալերի Պեկրեսը:

Իր այցելության շրջանակներում Իլ դը Ֆրանսի ղեկավարը հանդիպումներ է ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ:

Իր մեկնությամբ՝ այդ հանդիպումների ընթացքում իրենք խոսել են 2020-ի 44-օրյա պատերազմի և հետպատերազմական իրավիճակի մասին: Այդ համատեքստում նա կոչ արեց Բաքվին անվերապահորեն վերադարձնել Ադրբեջանում պահվող 51 հայ գերիներին, ինչպես նաև շեշտեց, որ Ադրբեջանի և Թուրքիայի նախաձեռնությամբ 2020 թվականին Հայաստանի դեմ իրականացված ագրեսիան կարևոր նախազգուշացում էր Եվրոպայի համար:

«Կարծում եմ՝ այն, ինչ պատահեց Հայաստանում, կարևոր նախազգուշացում էր Եվրոպայի համար, և շատ սխալ կլիներ մեր կողմից թերագնահատել դրա կարևորությունը և մտածել, որ այդ ամենը, ինչ կատարվեց այստեղ, մեզ չի սպառնում, որովհետև Եվրոպայի պատմությունը լի է դասերով, որ վտանգները գլուխ են բարձրացրել այն ժամանակ, երբ դրանք թերագնահատվել են», - շեշտեց Վալերի Պեկրեսը:

Ֆրանսիական պատվիրակության ղեկավարը նաև ճաշել է նախագահ Արմեն Սարգսյանի հետ և նրա հետ քննարկել արհեստական բանականության ոլորտում հիմնադրամ ստեղծելու ծրագիրը: Հաշվի առնելով, որ Հայաստանը շատ մեծ գիտական ներուժ ունի մաթեմատիկայի և ինֆորմատիկայի բնագավառում՝ Պեկրեսը կարծում է, որ կարելի է այդ ոլորտին առնչվող շատ հզոր մի բան կառուցել Երևանում՝ ներգրավելով Ֆրանսիական համալսարանին:

Իլ դը Ֆրանսի ղեկավարը նաև տեղեկացրեց, որ Տավուշում բացվելու է գյուղատնտեսական լիցեյ, որը կրելու է Պատրիկ Դևեջյանի անունը:

Վալերի Պեկրեսը Փարիզ քաղաքը և նրա անմիջական արվարձաններն ընդգրկող Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահն է 2018 թ. դեկտեմբերի 18-ից: Մինչ այդ նա տարբեր բարձր պաշտոններ է զբաղեցրել Ֆրանսիայում: Լինելով «Հանրապետականներ» ցենտրիստական կուսակցության անդամ՝ 2002-2007 թթ. և 2012-2016 թթ. ընտրվել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր: 2007-2011 թթ. Պեկրեսը Ֆրանսուա Ֆիյոնի կառավարությունում զբաղեցրել է Բարձրագույն կրթության և հետազոտությունների նախարարի պաշտոնը, իսկ 2011-2012 թթ. եղել է Բյուջեի նախարարը և կառավարության խոսնակը:

2021 թ. հուլիսին Վալերի Պեկրեսը հայտարարել է 2022 թ. ապրիլին կայանալիք Ֆրանսիայի նախագահի ընտրություններին իր թեկնածությունը առաջադրելու մասին: 2021 թ. դեկտեմբերի 4-ին Պեկրեսը Հանրապետականների համաժողովի կողմից առաջադրվել է որպես 2022-ի նախագահական ընտրություններում կուսակցության թեկնածուն:

Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս շրջանը երկար տարիներ համագործակցում է Հայաստանի կառավարության և Երևան քաղաքի հետ: 2018 թ. նոյեմբերին, երբ Վալերի Պեկրեսը Երևանի քաղաքապետի հրավերով եկել էր Հայաստան, ստորագրվել է Երևան քաղաքի և Երևանի և Իլ դը Ֆրանս շրջանի համագործակցության համաձայնագրի 2018-2021 թթ. ճանապարհային քարտեզը, ըստ որի փորձի փոխանակման ծրագրեր կիրականացվեն աղբահանության կազմակերպման, քաղաքային տրանսպորտի կառավարման, քաղաքային պլանավորման, ստարտափ ծրագրերի միջև կապերի խորացման, մշակույթի, կրթության և այլ ոլորտներում:

2020 թ. 44-օրյա պատերազմից հետո Իլ դը Ֆրանսի շրջանային խորհուրդը Արցախի Հանրապետության ճանաչման մասին բանաձև է ընդունել, ինչպես նաև 75 հազար եվրո օգնություն է հատկացրել պատերազմի հետևանքով տեղահանված հայ բնակչության կարիքները հոգալու համար։

 --00—ՄՀ