Մանկական Եվրատեսիլ 2022-ը՝ Հայաստանում. անցկացման ամսաթիվը և վայրը կհաստատվեն մոտակա ամիսներին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

Մանկական եվրատեսիլ

Եվրոպական հեռարձակողների միությունը և Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը պաշտոնապես հայտնում են, որ դեկտեմբերի 19-ին Փարիզում տարած հաղթանակի շնորհիվ՝ 20-րդ Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթը հաջորդ տարի տեղի կունենա Հայաստանում։

14-ամյա Մալենայի «Քամի քամի» երգը հաղթեց 19-րդ Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթում՝ ստանալով 224 միավոր: Գլխավոր մրցանակի համար պայքարում էին 19 երկրի ներկայացուցիչ:

Սա Հայաստանի երկրորդ հաղթանակն է մրցույթում։ 2022 թվականին Հայաստանը երկրորդ անգամ կհյուրընկալի Մանկական Եվրատեսիլը:

Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթի գործադիր ղեկավար Մարտին Օստերդալը իր խոսքում նշել է․ «Հայաստանի հետաքրքիր, բարձրակարգ և ժամանակակից կատարողը նոր նշաձող սահմանեց մրցույթի համար։ Հայաստանի ոգևորությունը մրցույթի հանդեպ անսահման է, և մենք ուրախությամբ հայտարարում ենք, որ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը հաջորդ տարի ցանկություն է հայտնել հյուրընկալելու 20-րդ Մանկական Եվրատեսիլը։ Անհամբերությամբ սպասում ենք նրանց հետ համագործակցությանը, որպեսզի միասին կազմակերպենք յուրահատուկ շոու, որը հոբելյանական է»։

Եվրոպական հեռարձակողների միության գլխավոր տնօրեն Նոել Քարանը հավելել է․ «Անչափ ոգևորված ենք այս շաբաթ Փարիզում Հայաստանի տարած երկրորդ հաղթանակով և շնորհավորում ենք Մալենային ու Հանրային հեռուստաընկերության աշխատասեր պատվիրակությանը շլացուցիչ հաղթանակի կապակցությամբ։ Ողջունում ենք մեր ԵՀՄ-ի հայաստանյան անդամի՝ 20-րդ Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթը հյուրընկալելու պատրաստակամությունը և սպասում փայլուն համագործակցության ԵՀՄ-ի և Հանրային հեռուստաընկերության միջև գալիք ամիսներին»։

Հայաստանի հանրային հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Հովհաննես Մովսիսյանն նշել է․ «Երգի պրեմիերայի առաջին իսկ րոպեներից մենք հավատում էինք Մալենայի հաղթանակին՝ տեսնելով եվրոպացի երաժշտասերների բուռն արձագանքը, հետևաբար և անհամբերությամբ սպասում՝ հյուրընկալելու նաև այս մասշտաբային միջոցառումը Հայաստանում: Մեր հայրենակիցները մեծ ոգևորությամբ ընդունեցին Հայաստանի վերադարձը եվրատեսիլյան ընտանիք, ավելին՝ անհամբեր սպասում այս տպավորիչ միջոցառումը մեր երկրում հյուրընկալելուն: Բարի գալուստ Հայաստան»։

Մանկական Եվրատեսիլ 2022 մրցույթի անցկացման ամսաթիվը և վայրը կհաստատվեն մոտակա ամիսներին։

«France Télévisions»-ի կազմակերպած 2021թ․ մրցույթը կարող եք դիտել հետևյալ հղումով:

--00--ԱԹ