Ադրբեջանը հայ գերիների վերադարձի հարցով քաղաքական առևտուր է անում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

Քաղաքական

Երեկ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Հայաստանին է վերադարձրել 10 ռազմագերու։

Նոյեմբերի 16-ին Սյունիքի ուղղությամբ բախումների հետևանքով գերի ընկած հայ զինծառայողների մասով Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմումներ էին ներկայացրել փաստաբաններ Արտակ Զեյնալյանը և Սիրանուշ Սահակյանը, ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչությունը։

Ադրբեջանը մինչ օրս ՄԻԵԴ-ին տեղեկություն չի տրամադրել գերի ընկածների վիճակի, պահման պայմանների վերաբերյալ։ Կրկին ժամանակ է խնդրել՝ տեղեկություն տրամադրելու համար։

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ Ադրբեջանը հայ գերիների մասին տեղեկություն չի տրամադրում (ովքե՞ր են գերի, ի՞նչ վիճակում են), բայց ռազմագերիներին վերադարձնում է ԵԽ նախագահի միջնորդությամբ, փաստաբան Արտակ Զեյնալյանը 24News-ի հետ զրույցում «շատ վատ» որակեց ադրբեջանական կողմի այդպիսի քայլը։ «Որովհետև քաղաքական խողովակների միջոցով որոշակի առևտուր է իրականացնում, ինչ-որ բանի դիմաց է վերադարձնում։ Այն դեպքում, որ պետք է վերադարձնի անվերապահորեն», - նշեց իրավապաշտպանը։

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը 24News-ին ասաց, որ մի գործընթացը մյուսի հետ առնչություն չունի։ «Այսինքն՝ այնպես չէ, որ Եվրոպական դատարանն անմիջականորեն զբաղվում է գերիների վերադարձի հարցով։ Որովհետեւ ՄԻԵԴ-ից արվող գործընթացները բացառապես վերաբերում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի շրջանակում Ադրբեջանի իշխանությունների հովանավորության տակ հայտնված ռազմագերիների կամ քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանությանը։ Եվրոպական դատարան դիմելու մեր խնդիրն է այս անձանց իրավունքները պաշտպանելը», - ընդգծեց նա։ 

Դրմեյանն ասաց, որ բոլոր գերիների մասով ընդունված են միջանկյալ միջոց կիրառելու որոշումներ, ՄԻԵԴ-ն Ադրբեջանին ժամանակ էր տվել տեղեկություն տրամադրելու հայ գերիների մասին։ «Բայց փորձը ցույց է տալիս, որ երբեմն այդ ժամկետները չեն պահպանվում, Ադրբեջանը ժամանակին տեղեկություն չի տրամադրում։ Այս անգամ էլ այդպես եղավ։ Դեկտեմբերի 6-ին մենք ակնկալում էինք, որ Ադրբեջանը կպատասխանի դատարանին, սակայն որևէ արձագանք, որևէ պատասխան չեղավ։ Եվ դատարանը սահմանեց նոր ժամկետ՝ մինչև 2022 թվականի հունվարի 6-ը, որպեսզի Ադրբեջանն այդ անձանց վերաբերյալ տեղեկություն տրամադրի։ Ոչ միայն հաստատի, որ այդ անձինք իր մոտ են, այլեւ՝ նրանց առողջական վիճակի վերաբերյալ, գտնվելու, պահման պայմանների վերաբերյալ հստակ տեղեկատվություն տա։ Անկախ այդ անձանց վերադարձվելուց, միևնույն է իրավական գործընթացը շարունակվելու է, որովհետեւ այդ անձանց իրավունքները ենթադրաբար խախտվել են։ Հետևաբար միջպետական գանգատի շրջանակում, որի մի մասը Հայաստանը ներկայացրել է՝ ռազմագերիների շահերի, իրավունքների պաշտպանություն, այդ գործընթացը շարունակվելու է։ Եվ նաեւ Ադրբեջանի կողմից փաստաթղթեր չտրամադրելն իրավական գնահատականի է արժանանալու»։

Իրավաբանը նշեց, որ ի վերջո գերիների վերադարձի հարցը պետք է միջնորդության կամ երկխոսության հիման վրա լուծվի։ «Որևէ միջազգային դատարան, այս դեպքում մենք խոսում ենք Եվրոպական դատարանի մասին, չունի լիազորություն մեկ այլ երկրի հորդորելու վերադարձնել ռազմագերիներին։ Ինչո՞ւ, որովհետեւ այդ հարցը կարգավորվում է Միջազգային մարդասիրական իրավունքի և Ժնևյան կոնվենցիաների համաձայն։ Իսկ Ժնևյան կոնվենցիան անդամ երկրներին պարտադրում է ռազմական գործողությունների ավարտից հետո կամ զինված բախումների հետեւանքով գերեվարված անձանց վերադարձնել հայրենիք։ Հիմա որեւէ դատական ատյան չունի որևէ լիազորություն հորդորելու այս կամ այն երկրին վերադարձնել ռազմագերիներին։ Դա լուծվում է միջնորդական առաքելությունների միջոցով, Կարմիր խաչի մասնակցությամբ կամ միջնորդ պետությունների ջանքերով, այս դեպքում մենք տեսանք, որ ԵՄ-ը որոշակի դերակատարություն ունեցավ», - ընդգծեց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավարը։

«Եվ այո, եթե Ադրբեջանը խախտում է դատարանի պահանջը՝ տրամադրել տեղեկատվություն անձանց վերաբերյալ, այդ հանգամանքը դատարանի կողմից գնահատականի է արժանանալու և ճանաչվելու է խախտում», - եզրափակեց նա։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին գերեվարված ևս 10 գերիների Ադրբեջանը Հայաստանին էր վերադարձրել դեկտեմբերի 4-ին, ռուսական կողմի միջնորդությամբ։ Ադրբեջանական կողմը նշել էր, որ բանակցությունների արդյունքում հայկական կողմը փոխանցել էր ականապատ դաշտերի քարտեզներ։