Ինչո՞ւ Հայկ Մարությանը մերժեց եվրոպական արտադրության ավտոբուսներ գնելու հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

Հասարակական

Վերջին օրերին երևանցիների մոտ ամենաքննարկվող թեմաներից է նոր ավտոբուսների շահագործման դուրս գալը մայրաքաղաքի փողոցներ։ Տրանսպորտային բարեփոխումները շատ սպասված էին, ուստի և հաշվի առնելով այն, որ նոր ավտոբուսների ձեռքբերման համար Երևանի բյուջեից ծախսվել է ավելին քան 10 մլրդ դրամ գումար, մի քանի հետաքրքիր փաստեր առաջ եկան գնման գործընթացը ուսումնասիրելու ընթացքում։ 

Եվ այսպես, 2021 թ. Երևանի քաղաքապետարանը իր համայնքային բյուջեի հաշվին անցկացնում է 211 ավտոբուսի գնման մրցույթ, որի ֆինանսական և տեխնիկական պայմաններին համապատասխանում է միայն Չինաստանի Լիաոչենք քաղաքի Zhong Tong ավտոբուսների գործարանը։ Վերջինս հենց ճանաչվում է մրցույթի միանձնյա հաղթողը։

Վերջերս քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ քաղաքը ձեռք կբերի ևս 100 նմանատիպ ավտոբուս արդեն 2022 թվականի ընթացքում և հրապարակեց այդ գնման հետ կապված փաստաթղթեր։

Հիշեցնենք, որ Երևանն արդեն ուներ փորձ չինական ավտոբուսների շահագործման հետ կապված` 2012 թվականին։ Այն ժամանակվա քաղաքապետ Տարոն Մարգարյանի օրոք Չինաստանը Երևանին նվիրեց 249 մանուշակագույն HIGER BUS ավտոբուսներ, որոնք մինչ օրս շահագործվում են։ Իհարկե, այդ ավտոբուսները մեղմ ասած չէին փայլում իրենց հարմարավետության և շահագործման տեսանկյունից բարձր դիմացկունությամբ, սակայն առավելություն ունեին՝ մայրաքաղաքը դրա համար գումար չէր ծախսել։  

Ուսումնասիրություններ կատարելուց հետո պարզվեց, որ թե ներկա, թե նախկին չինական գործարաններն իրենց արտադրանքը մատուցում են ասիական և աֆրիկյան շուկաների համար, և եթե Higer Bus -ի դեպքում կան 1-2 եվրոպական համագործակցող քաղաքներ (օրինակ Բելգրադը), ապա Zhong Tong ի դեպքում դա էլ է բացակայում։ Իսկ վերջիններիս գործարանի մասին պատմող  Wikipedia հոդվածում տեղադրված են ավտոբուսների շահագործման մասին վկայող լուսանկարներ՝ արված Տանզանիայում, Թաիլանդում և Չինաստանում։ Ի դեպ, նաև գործարանների աշխատակիցների քանակի, արտադրողական հզորության, ֆինանսական կայունության մասով «Հայկ Մարությանի գործարանը» մոտ երկու անգամ զիջում է այն գործարանին, որոնց արտադրած ավտոբուսները Երևանին նվիրվեց Տարոն Մարգարյանի օրոք։ 

Այսպիսով ստացվում է, որ համայնքային վերջին գնումով ձեռք է բերվել տեխնիկական առումով մոտավոր այն, ինչ համայնքը ուներ նախկինում, և դեռ մեծ հարց է՝ քանի տարի կկարողանան քաղաքին ծառայել նոր ավտոբուսները։

Իսկ ինչու այդպես ստացվեց։

Ըստ շրջանառվող լուրերի, պատճառները երկուսն են։ Երբ 2020 թվականին  կառավարությունն իր համաֆինանսավորմամբ առաջարկում էր Երևանին ծրագիր, որով պետք է ձեռք բերվեին բարձրակարգ եվրոպական ստանդարտների ավտոբուսներ, քաղաքապետարանի կողմից գործընթացների դանդաղեցման և փաստաթղթային անճշտությունների պատճառով մրցույթը չկայացավ։ Այդ հանգամանքն առաջացրեց լարվածություն երկու մարմինների միջև, կառավարության կողմից սկսեցին հնչել կարծիքներ Հայկ Մարությանի ոչ պրոֆեսիոնալիզմի մասին, ինչպես նաև որոշվեց գնման մրցույթը ստիպված տեղափոխել 2021 թվական։ Սակայն Հայկ Մարությանը, հասկանալով որ այդ տարբերակով շատ է ուշացնում ավտոբուսների ձեռքբերումը և նեղված լինելով նախորդ գնման տապալումից հետո իր հասցեին հնչող արտահայտություններից, որոշում է ինքնուրույն գործել և գնել մեղմ ասած «համեստ» ավտոբուսներ, և հետագայում դրանք ներկայացնել որպես իր անձնական ձեռքբերում, որը կատարվել է բացառապես համայնքային միջոցների հաշվին։

Այսպիսով ստացվում է, որ Տարոն Մարգարյանի օրոք առանց որևէ գումար ծախսելու Երևան քաղաքը ունեցել է ավելի բարձրակարգ ավտոբուսներ, իսկ Հայկ Մարությանի օրոք անձնական վարկանիշի և PR-ի համար երեք տարվա ընթացքում միայն 10 մլրդ դրամի դիմաց Երևան ժամանեցին հերթական աֆրիկյան շուկաների համար նախատեսված ավտոբուսները։