Ռուբինյանի նշանակումը նույնն է, ինչ եթե Չելսին հանդիպի ոչ զարգացած երկրի գավառային թիմի հետ

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19,  24News

․

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի նշանակումը որպես Հայաստանի հատուկ ներկայացուցիչ խնդրահարույց է։

Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների նշանակման թեմային։

«Նախևառաջ հայ-թուրքական հարաբերությունների հաստատման համար Հայաստանը հիմա գտնվում է ոչ շահեկան վիճակում, ամենաթույլ բանակցային սկզբնակետում։ Անցնող 30 տարիների ընթացքում հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու մի քանի փորձեր եղել են, ընթացել են տարբեր ինտենսիվության բանակցություններ, բայց երբեք Հայաստանը ներկայացված չի եղել թույլ բանակցային հիմքով, երկրորդը՝ նման ոչ պրոֆեսիոնալ կադրերով», - ընդգծեց պրոֆեսորը։

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչ կամ բանագնաց նշանակելու պատրաստակամության մասին դեկտեմբերի 13-ին հայտարարել էր Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն։ Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 14-ին, Հայաստանի ԱԳ նախարարությունը հայտարարել էր, որ պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացին ու դրական գնահատել Թուրքիայի ԱԳ նախարարի` հարաբերությունների կարգավորման նպատակով հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին հայտարարությունը, հաստատել, որ հայկական կողմը ևս երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի։ Դեկտեմբերի 15-ին պաշտոնական այցով Արաբական Միացյալ Էմիրություններում եղած Թուրքիայի դիվանագիտության ղեկավարը հայտարարել էր, որ Անկարայի բանագնացը Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչն է լինելու: Երեկ երեկոյան ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում հայաստանյան կողմի հատուկ ներկայացուցիչը կլինի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։

Երկու երկրների ներկայացուցիչների մասով պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանն ասաց, որ իհարկե քաշային կատեգորիաները տարբեր են։ 

«Նաև եկեք չթերագնահատենք թուրքական դիվանագիտական դպրոցը։ Թուրքական դիվանագիտությունն այդ պետության կարևոր ինստիտուցիոնալ կառույցներից է, որն ունի տրադիցիաներ, որոնք շարունակում է։ Եվ պետք է խոստովանենք, որ կան բազմաթիվ պրոֆեսիոնալ թուրք դիվանագետներ, և մեկը հենց Քըլըչն է։ Ինչ վերաբերում է Հայաստանի ներկայացուցչին, ապա ես կարծում եմ՝ գերիշխել է ոչ թե պրոֆեսիոնալ մոտեցումը, այլ՝ կուսակցամոլությունը։ Եվ տվյալ անձի մասնագիտական, աշխատանքային հետագիծը, եթե դա կարելի է հետագիծ համարել, շատ թույլ է։ Բացի այդ, այդ անձի մոտեցումները, հայացքները Հայաստանի շահերի հետ կապված նույնպես խնդրահարույց են։ Ուստի ես կարծում եմ, որ այն, ինչ հիմա տեղի է ունենում, առաջին հերթին ձեռնտու է հենց Թուրքիային։ Որովհետեւ դա ասես լինի սպորտային մի մրցույթ, որտեղ անգլիական Չելսին հանդիպելու է ոչ զարգացած երկրի գավառային մի թիմի հետ», - նշեց թուրքագետը։

Երկրորդը, ըստ Մելքոնյանի, այն է, որ Հայաստանն այս ներկայացուցչությամբ և այս մոտեցումներով չի կարողանալու ապահովել հայ ազգի և Հայաստանի համար թեկուզ մինիմալ շահերը։ «Այնպես որ, մենք գտնվում են շատ-շատ վտանգավոր մի պրոցեսի շեմին, որի արդյունքները չեն կարող լինել լավ։ Եվ այստեղ լավատեսության որևէ նշույլ անգամ ունենալ չենք կարող», - եզրափակեց Արևելագիտության ֆակուլտետի դեկանը։

Նշենք, որ Թուրքիայի բանագնաց Սերդար Քըլըչը 1984 թվականից Թուրքիայի արտաքին գերատեսչությունում է աշխատում ու տարբեր պաշտոններ է զբաղեցրել: 63-ամյա դիվանագետը 2006-08 թվականներին ԱԳ նախարարության ՆԱՏՕ-ի հարցերով վարչության ղեկավարն է եղել, 2008-10 թթ.-ին՝ Թուրքիայի դեսպանը Լիբանանում։ 2010-2012 թվականներին զբաղեցրել է Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնը, 2012-14 թթ.-ին՝ Ճապոնիայում, 2014-21 թթ.-ին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում Թուրքիայի դեսպանն է եղել։

Իսկ Հայաստանի բանագնաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը 2015-17թթ.-ին եղել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, մամուլի խոսնակը: 2018-19 թվականներին զբաղեցրել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի, իսկ 2019-21 թթ.-ին՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնները։

--00--ԱՀ