Կառավարությունը հաճախ դիմադրության է հանդիպել Երևանում ոլորտային փոփոխություններ անելու հարցում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

Հասարակական

Կառավարությունը հաճախ դիմադրության է հանդիպել Երևան քաղաքում ոլորտային փոփոխություններ անելու հարցում, սակայն համբերատար աշխատել է քաղաքապետի հետ, որպեսզի ավելորդ ցնցումներից զերծ մնանք քաղաքում։ Առողջապահության նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը գրառում է արել Երեւանի քաղաքապետին անվստահություն հայտնելու հարցին եւ նշել, որ իրերն իրենց անունով կոչելու ժամանակն է։

«Իրերն իրենց անունով կոչելու ժամանակ

Իմ կողմից ավելացնեմ, որ Հայկ Մարությանը ունեցել է բոլոր հնարավորությունները կառավարության հետ համահումչ աշխատելու միջոցով ապահովելու էական առաջընթաց Երևան քաղաքի կառավարման բոլոր ուղղություններով։ Կառավարությունը հաճախ դիմադրության է հանդիպել Երևան քաղաքում ոլորտային փոփոխություններ անելու հարցում, սակայն համբերատար աշխատել է քաղաքապետի հետ, որպեսզի ավելորդ ցնցումներից զերծ մնանք քաղաքում։ Ցավոք սրտի պետք է արձանագրենք, որ այլևս անհնար է դա շարունակել։

Ես որպես նախկին առողջապահության նախարար, ուզում եմ տեղեկացնել, որ քաղաքային իշխանությունները դժկամությամբ են գնացել փոփոխությունների Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բժշկական հաստատություններում (մի քանի հիվանդանոցներ, բազմաթիվ պոլիկլինիկաներ, շտապ բժշկական օգնության ծառայություն), չնայած համակողմանի ֆինանսական և այլ տեսակի աջակցությանը մեր կողմից։ Մինչ օրս չեն փոխվել տասնյակ տարիներ այդ հաստատությունները վատ կառավարած բազմաթիվ տնօրեններ, բավարար չափով չի բարելավվել այդ հաստատությունների աշխատանքը։

Նույնն է պատկերը գրեթե բոլոր ոլորտներում՝ կրթություն, մշակույթ և այլն։

Եվ ես վստահ եմ, որ նոր քաղաքապետի հետ արդյունավետ աշխատելով էական փոփոխություններ ենք արձանագրելու բոլոր ուղղություններով և արագ լրացնելու բաց թողնվածը»-գրել է Թորոսյանը։