Դու ունես երկընտրանք. սպասարկել մի կուսակցությա՞ն, թե երեւանցու շահերը․ Աբգարյանը՝ Սարգսյանին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

Հասարակական

Դու ունես երկընտրանք. սպասարկել մի կուսակցությա՞ն, թե Երեւանի ու երեւանցու շահերը: Առաջին դեպքում, լավ իմացիր, որ դառնալու ես խամաճիկ, որը չի կարողանալու Ոչ ասել, եթե քեզ քաղաքապետ նշանակող թիմից մեկը որեւէ բան պահանջի, որն, ըստ քեզ, սխալ կլինի Երեւանի համար՝ կադրերի նշանակումից մինչեւ այլ՝ տարբեր հարցեր: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Երեւանի քաղաքապետարանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը՝ դիմելով Երեւանի փոխքաղաքապետ, Իմ քայլի կողմից առաջադրվող քաղաքապետի թեկնածու Հրաչյա Սարգսյանին:

«Պարոն Սարգսյան, Hrach Sargsyan ջան,

Յուրաքանչյուրի մոտ կյանքում լինում է պահ, երբ ճակատագրական որոշում է պետք կայացնել: Այսօր դու ես կանգնած այդ մարտահրավերի առջեւ եւ ունես բարդ երկընտրանք՝ կարճատեւ աշխատանքային առաջխաղացո՞ւմ՝ փակելով աչքերն ու ականջները, որ չտեսնես երեւանցիների զայրույթը եւ խաբված, արհամարհված լինելը, թե՞ արժանապատիվ քայլ, որը, կապիտալացվելով, քեզ ավելի ուշ հնարավորություն կտա աշխատանքային նոր հաջողությունների եւ, ամենակարեւորը, պարզերես կլինես երեւանցիների առջեւ:

Դու ունես երկընտրանք. սպասարկել մի կուսակցությա՞ն, թե Երեւանի ու երեւանցու շահերը: Առաջին դեպքում, լավ իմացիր, որ դառնալու ես խամաճիկ, որը չի կարողանալու Ոչ ասել, եթե քեզ քաղաքապետ նշանակող թիմից մեկը որեւէ բան պահանջի, որն, ըստ քեզ, սխալ կլինի Երեւանի համար՝ կադրերի նշանակումից մինչեւ այլ՝ տարբեր հարցեր: Չես կարողանալու ՈՉ ասել, որովհետեւ լիովին կախվածության մեջ ես լինելու՝ չունենալով որպես հենարան ժողովրդի վստահությունն ու համակրանքը:

Երկընտրանքդ նաեւ լինելու է գիշերը հանգիստ խղճով քնելու եւ անընդհատ «ուրիշինը վերցրածի» զգացումից տառապելու մեջ:

Երեւանի ավագանու նիստերի դահլիճի մոտ, պատին փակցված են մեր համայնքի բոլոր ղեկավարների լուսանկարները: Խնդրում եմ, ուշադիր նայիր ու հարց տուր քեզ, թե արդյո՞ք Հայկ Մարությանն է, որ արժանի է դառնալ այն քաղաքապետը, ում հեռացրել է ավագանին:

Գիտե՞ս, երբ ես եմ նայում այդ լուսանկարներին, աչքերիս առաջ անցնում է Երեւանի պատմությունը՝ փառահեղ ժամանակահատվածներով, երբ Երեւանը քաղաք էր դառնում եւ խայտառակ, հանցավոր տարիներով, երբ հանրային, կանաչ տարածքները ոչնչացվում էին, համայնքայինից դառնում ինչ֊որ մարդկանց սեփականությունը ...

Ի՞նչ են քո նկարին նայելիս մտածելու ավագանու ապագա անդամները, եթե քո նկարն էլ փակցվի այդ պատին: Գիտե՞ս, որ աշխատանքիդ, արածիդ մասին չեն մտածելու: Հիշելու են, որ դու երեւանցուն հնարավորություն չտվեցիր ընտրություն կատարել, չպաշտպանեցիր արդեն իսկ կատարած ընտրությունը:

Այս ընթացքում աշխատելով միասին, անցնելով թե՜ վատ, թե՜ լավ օրեր՝ չեմ ուզի, որ հայտնվես այդ աննախանձելի վիճակում:

Ուստի խնդրում եմ քեզ ինքնաբացարկ տալ եւ պահանջել, որ հաջորդ քաղաքապետն էլ ընտրված լինի երեւանցիների կողմից:

Իմաստություն, կամքի ուժ եւ արդարամտություն մաղթելով՝

Երեւանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյան»,- նշել է նա գրառման մեջ:  

--0--ԿԿ