2022-ին Հայաստանում կանցկացվի ՀՀ ԱԺ և ՌԴ Դաշնային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովի 34-րդ նիստը

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17,  24 News

նիստ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 33-րդ նիստին, որն անցկացվել է առցանց ձևաչափով:

Ելույթներով հանդես են եկել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովը, ինչպես նաև երկու երկրների խորհրդարանների և կառավարության անդամներ:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն իր ելույթում անդրադարձել է կրթության ոլորտում հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը` նշելով, որ միջպետական երկկողմ հարաբերություններում կրթության ոլորտի հարցերը մշտապես առանցքային են եղել:

Նրա խոսքերով` բարեկամական հարաբերությունների շրջանակում կարևոր դեր են խաղում Հայաստանում ռուսաց լեզվի, Ռուսաստանում հայոց լեզվի զարգացմանն ուղղված պետական աջակցության ծրագրերը: Ռուսերենը համարվում է պարտադիր ուսուցման առարկա ՀՀ բուհերում և դպրոցներում, բնակչության շրջանում ամենատարածվածն է՝ որպես օտար լեզու: Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ Հայաստանում անցկացվում են ռուսերենի առարկայական օլիմպիադաներ, գործում է ավանդական դարձած «Տարվա լավագույն ռուսերենի ուսուցիչ» մրցույթը: ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, համագործակցելով Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի հետ, իրականացնում է ուսանողների, աշակերտների և ուսուցիչների փոխանակման մի շարք ծրագրեր, կազմակերպվում և անցկացվում են համատեղ քննարկումներ, սեմինարներ, փոխադարձ երկկողմ այցեր:

Ընդգծելով, որ հայ-ռուսական միջկառավարական համագործակցության օրակարգում ընդգրկված է նաև Ռուսաստանում հայերենի՝ որպես մայրենի լեզվի ուսուցման զարգացման մասին դրույթը` նախարարի տեղակալը նշել է, որ կոմպակտ հայ բնակչությամբ բնակավայրերում հայերենի՝ որպես մայրենի լեզվի ուսուցման հարցը դեռևս բաց է և լուծման կարիք ունի:

Նիստի օրակարգային հարցերի շրջանակում պատգամավորները երկկողմ միջպետական երկխոսության ամրապնդման համատեքստում անդրադարձել են միջխորհրդարանական հարաբերությունների հետագա զարգացմանը, դրանց հիմնական ուղղություններին ու հեռանկարներին: Քննարկման մասնակիցները բարձրացրել են ռուսալեզու ուսումնական ձեռնարկների և դասագրքերի համալրման, կրթական փոխանակման ծրագրերի, միջբուհական համագործակցության, թատերական փառատոնների կազմակերպման խթանման հարցերը:

Հանձնաժողովի նիստում որոշվել է աջակցել Երևանի Ռուսաստանի հրապարակում հայ-ռուսական բարեկամությանը նվիրված հուշարձանի տեղադրմանը: Միջխորհրդարանական հանձնաժողովին առընթեր կստեղծվի փորձագիտական խորհուրդ, որը կհամալրվի տարբեր ոլորտների բարձրակարգ մասնագետներով:

Հաստատվել է միջխորհրդարանական հանձնաժողովի 2022թ. աշխատանքային պլանը: Հանձնաժողովի 34-րդ նիստը կանցկացվի Հայաստանում հաջորդ տարի:

--00—ՄՀ