ԿԳՄՍ փոխնախարարը ներկայացրել է որոշ առարկաների ավարտական քննություններն ավելի արդյունավետ դարձնելուն

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16,  24 News

Ժաննա Անդրեասյան

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է որոշ առարկաների ավարտական քննություններն ավելի արդյունավետ և նպատակային դարձնելուն ուղղված առաջարկներ ու ոլորտի մասնագետներին խնդրել կարծիք հայտնել այդ առաջարկների վերաբերյալ:

Գրառումը ներկայացնում ենք ստորև.

  • Գրականություն առարկայի բանավոր քննությունն իրականացնել ոչ թե հարցաշարով, այլ իբրև նախագծային աշխատանք՝ նախօրոք տրված և ընտրված թեմաներից, ինչպես օրինակ՝ վերլուծել որևէ գրական ստեղծագործություն՝ համադրելով այլ ստեղծագործության հետ, տվյալ պատմական ժամանակաշրջանի հետ ևն,
  • Բնագիտական առարկաների քննությունն իրականացնել լաբորատոր փորձի հիման վրա՝ սկսելով այն դպրոցներից, որտեղ արդեն իսկ ստեղծված կլինեն անհրաժեշտ լաբորատոր պայմանները։

Ըստ Անդրեասյանի, փոփոխությանն նպատակն է՝ անգիրից անցում անել վերլուծական նախագծային աշխատանքին՝ նոր չափորոշիչների տրամաբանության մեջ, բնագիտության մասով փոփոխության նպատակն է՝ ակտիվորեն օգտագործել լաբորատորիաները, ուժեղացնել դպրոցում բնագիտական առարկաների փորձարարական բնույթը։

«Իհարկե, երկրորդ մասը հնարավոր կլինի ամբողջությամբ ներդնել լաբորատոր բազան ապահովելուց հետո, որը կրթության ոլորտում սահմանված կառավարության թիրախներից մեկն է։

Եթե ունեք առաջարկներ մյուս առարկաների ավարտական քննությունների մասով, դրանք էլ կարող եք նշել»,-նշել է փոխնախարարը։

--00—ՄՀ