ՀՀ-ի և Էստոնիայի միջև առկա են ջերմ ու բարեկամական հարաբերություններ․ Աղաջանյանն ընդունել է դեսպանին

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15,  24 News

աղաջանյան

Դեկտեմբերի 15-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին (նստավայրը` Թբիլիսի): Հանդիպմանը մասնակցել է Հայաստան-Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Անուշ Բեղլոյանը, ինչպես նաև դեսպանորդ Փեեթեր Փալսը:

Ողջունելով դեսպանին` Էդուարդ Աղաջանյանը նշել է, որ երկու երկրների միջև առկա են ջերմ ու բարեկամական հարաբերություններ, որոնց ընդլայնման առումով կարևոր են միջխորհրդարանական հարաբերությունները, մասնավորապես խորհրդարանական բարեկամության խմբերի սերտ աշխատանքը:

Որպես Հայաստան-Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար` Անուշ Բեղլոյանը կարևորել է օրենսդիրների միջև շփումների ակտիվացման և առաջիկայում աշխատանքային օրակարգի ձևավորման հարցերը:

Հանձնաժողովի նախագահը ներկայացրել է հետպատերազմյան իրավիճակը, տարածաշրջանում առկա մարտահրավերները: Էդուարդ Աղաջանյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքներին և եռակողմ հայտարարությամբ ամրագրված դրույթների խախտումներին:

Հայ խորհրդարանականները նշել են, որ օրակարգային կարևորագույն հարցը շարունակում է մնալ հայ ռազմագերիների և գերեվարված անձանց վերադարձը հայրենիք: Այս համատեքստում Էդուարդ Աղաջանյանն արժևորել է Էստոնիայի խորհրդարանի Հայաստանի հետ բարեկամական խմբի` ռազմագերիների վերադարձի հարցում հստակ դիրքորոշումը:

Խոսելով ՀՀ-ԵՄ համագործակցությունից` Հայաստան-Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Անուշ Բեղլոյանը կարևորել է Էստոնիայի աջակցությունը` Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ և լիարժեք կիրարկման հարցում:

Դեսպանն ընդգծել է միջխորհրդարանական կապերի խորացման, փոխայցերի ակտիվացման, ինչպես նաև մի շարք ոլորտներում փոխգործակցության զարգացման անհրաժեշտությունը:

Կողմերն անդրադարձել են անվտանգային հարցերի կարևորությանը և տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատման հարցերին:

Զրուցակիցները քննարկել են նաև հայ-էստոնական համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները, մասնավորապես համագործակցությունը և գալիք աշխատանքները մի շարք կառույցների ու կազմակերպությունների շրջանակներում:

 --00—ՄՀ