ՔՊ-ում տեղյակ չեն՝ Հայկ Մարությանը դեռ կուսակցակա՞ն է, թե` ոչ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

Քաղաքական

Դեռևս շարունակում է անհայտ մնալ՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդա՞մ է, թե՝ ոչ։ Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Հայկ Մարությանը կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել։

«Ես կարծում եմ, որ այս հարցը պետք է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հարգարժան գործընկերներին ուղղել», -  24News-ի հետ զրույցում ասաց քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ 

«Ես տեղեկություն չունեմ, քաղաքապետարանում եմ աշխատում։ Կուսակցությանը վերաբերող հարցերին միգուցե կուսակցությունից պատասխանեն», - հավելեց Կարապետյանը։

Պատգամավոր, ՔՊԿ մամուլի խոսնակ Վահագն Ալեքսանյանն ասաց, որ մեկնաբանել չի կարող Մարությանի՝ ՔՊԿ անդամ լինել-չլինելու հարցը։ «Տեղեկատվություն չունեմ», - նշեց Ալեքսանյանը։

Հարցին՝ թե ե՞րբ է կարող պատասխանել, պատգամավորն ասաց․ «Չեմ կարող ասել»։

Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» կայքում հրապարկվել էր «Հայկ Մարությանին «հեղափոխությունից շեղած» գեներալները» վերտառությամբ հոդված։ Հոդվածում, ի թիվս այլնի, նշված էր, որ ըստ շրջանառվող տեղեկությունների՝ պատերազմի ավարտից հետո Երևանի քաղաքապետը դիմում է ներկայացրել ՔՊԿ-ից հեռանալու մասին և խզել հարաբերություններն իշխող ուժի անդամների հետ։

--00--ԿԿ