Հայաստանում մեկնարկել է բացառիկ չորանոցների արտադրություն

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Չրարտադրության ոլորտում նոր հնարավորություններ են ստեղծվում. Հայաստանում արտադրվել է արևային օդատաքացման, ջրատաքացման, ջերմային պոմպով և ժամանակակից այլ տեխնոլոգիաներով զինված նորարարական շարժական չորանոց: Վերջինս բացառիկ է նաև միջազգային շուկայում:

Հայկական առաջին շարժական չորանոցը նախագծել և կառուցել է «Օպտիմում Էներջի» ընկերությունը: Չորանոցը 30-60%-ով ավելի էներգախնայող է գոյություն ունեցող լավագույն չորանոցներից. աշխատում է հոսանքով, ինչպես նաև արևային էներգիայով: Չորանոցի էներգախնայողության շնորհիվ ստացվող չրերի ինքնարժեքը ստացվում է բավականին ցածր:

Հայկական առաջին շարժական չորանոցը պետական սուբսիդավորման ծրագրի շրջանակում և ԱԳԲԱ Լիզինգի ֆինանսավորմամբ ձեռք է բերել «ԱռԼեԱՄ» ընկերությունը:

ԱԳԲԱ Լիզինգի ֆինանսավորմամբ չորանոցներ հնարավոր կլինի ձեռք բերել Ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի պետական աջակցության 0% տոկոսագրույքով ծրագրի շրջանակում:

«Ներկայանում ենք նոր առաջարկով և վստահ ենք, որ այն իր ծավալներով և որակով մեծ ներդրում կունենա հայկական չրագործության համար: Այսօր ԱԳԲԱ Լիզինգը ակտիվ համագործակցում է և՛ «Օպտիմում Էներջի», և՛ «Արեգի» կազմակերպությունների հետ, որոնց սարքավորումների լիզինգ ենք տրամադրել պետական սուբսիդավորման ծրագրի շրջանակում: Բավականին հաջող փորձ ունենք. երկար տարիներ համագործակցում ենք և վստահ ենք, որ առաջիկայում էլ ավելի մեծ ծավալներով ենք համագործակցելու»,- նշել է ԱԳԲԱ Լիզինգի գլխավոր տնօրեն Աղասի Գասպարյանը:

«Մեր ընկերությունը զբաղվում է ինտենսիվ գյուղատնտեսությամբ, խնձորի, ծիրանի, տանձի ինտենսիվ այգիների մշակմամբ: Կարևորելով երկրորդական վերամշակումն ու տեսնելով հայկական նորարարություն,  որոշում կայացվեց, որ մենք առաջինը լինենք չորանոցի ձեռքբերողն ու մեր իսկ  այգու արտադրած ապրանքից ստանանք չրեր: ԱԳԲԱ Լիզինգի հետ համագործակցում ենք բավականին երկար ժամանակ և ուրախ ենք, որ հայկական արտադրության այս ծրագրին էլ միացել է ԱԳԲԱ Լիզինգն ու մենք կարողացել ենք օգտվել այս ծրագրից»,- նշել է «ԱռԼեԱՄ» ընկերության տնօրեն Մանուկ Խուդոյանը:

««Օպտիմում Էներջին» նախագծեց և պատրաստեց սարքը, իսկ ԱԳԲԱ Լիզինգը առաջինը հավատաց ու կատարեց առաջին ֆինանսավորումը՝ 0 տոկոս պետական աջակցության ֆոնդով: Այսուհետև բոլոր այն մարդիկ, ովքեր հետաքրքրված են նմանօրինակ մոբիլ, էներգախնայող չորանոցի ձեռքբերմամբ, կարող են ձեռք բերել ԱԳԲԱ Լիզինգի միջոցով: Սարքավորման մեջ արևային էներգիան օգտագործվում է երկու մեթոդով՝ օդատաքացման ու ջրատաքացման: Օգտագործվում է պոմպ, խնայող սարքեր, ապահովում է հոսք, որ միրգը չորանա հավասար: Ունենք խելացի կոնտրոլներ, ղեկավարման լոգիկա, ինչը ամենակարևորներից մեկն է, քանի որ ճիշտ հերթականությամբ պետք է աշխատեն, որպեսզի ունենանք առավելագույն էներգախնայողություն, կարճ չորացման ժամանակ և առավելագույն բարձր որակ»,- նշել է «Օպտիմում Էներջի» և «Արեգի» ընկերությունների համահիմնադիր Արմեն Ղարիբյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Տնտեսական
Տնտեսական

ԱԳԲԱ Լիզնիգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: