«Հայաստան» խմբակցությունը բյուջեի նախագծին քվեարկելու է դեմ

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8,  24 News

Հայաստան

«Հայաստան» խմբակցությունը բյուջեի նախագծին քվեարկելու է ԴԵՄ։ Այս մասի ասված է խմբակցության հայտարարությունում։

«Սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ,

Այսօր մենք քննարկում ենք երկրի համար ամենակարևոր նշանակություն ունեցող փաստաթաղթերից մեկը՝ պետական բյուջեն։ Բյուջեն հաշվապահություն չէ, բյուջեն լոկ հանրային ֆինանսներ չէ, բյուջեն քաղաքականություն է, քաղաքական նպատակների սահմանումն է, այդ խնդիրների լուծման ուղիների ուրվագծումն ու անհրաժեշտ ֆինանսական միջոցների տրամադրումն է։ Ելնելով երկրի առաջ ծառացած խնդրի կարևորությունից ու կառավարության քաղաքական առաջնահերթությունից այս կամ այն խնդրի լուծման համար կամ բավարար միջոցներ են տրամադրվում, կամ այդ միջոցների տրամադրումը հետաձգվում է մինչև «ավելի լավ օրեր»։ Սա է բյուջեի կազմման փիլիսոփայությունն ու տրամաբանությունը։ Քաղաքական առաջնահերթությունների ու հստակ թիրախների սահմանումն առավել կարևորվում է նամանավանդ ծրագրային բյուջետավորման պարագայում, երբ ֆինանսական ռեսուրսներ հատկացնելուց բացի նաև սահմանվում է, թե հատկացված գումարով ինչ կոնկրետ չափելի արդյունքներ են ակնկալվում։ 
Այս տրվիալ ճշմարտության լույսի ներքո եկենք վերլուծենք կառավարության առաջարկած բյուջեի նախագիծը և հասկանանք արդյոք կառավարությունը ճիշտ է գնահատում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության առաջ ծառացած մարտահրավերները, ճիշտ լուծումներ է առաջարկում և արդյոք հատկացված միջոցներն ադեկվատ են այդ լուծումներին հասնելու համար։
Առանձնացնենք Հայաստանի այն հիմնախնդիրները, որոնք առաջնահերթ լուծման կարիք ունեն։
1․ Անվտանգային խնդիրներ
Ակնհայտ է, որ արցախյան 44-օրյա պատերազմից հետո հայկական զույգ պետությունների առաջ ծառացած անվտանգային մարտահրավերները ոչ միայն չեն մեղմվել, այլ առավել են սրվել։ Ադրբեջանա-թուրքական տանդեմի հեռահար պանթուրքիստական նպատակը չի սահմանափակվում միայն Արցախը հայաթափելով։ Հայաստանն է թուրք-ադրբեջանական գորշ գայլի կոկորդում մխրճված ոսկորը և Հայաստանի փաստացի ոչնչացումն է նրանց քաղաքականության հեռահար նպատակը։ Սկսել են Հայաստանի Հանրապետության սահմանների վերաձևումից, արդեն պահանջում են ցամաքային միջանցք Թուրքիայի և Ադրբեջանի միջև, իսկ վաղը կպահանջեն ադրբեջանցիների վերադարձ իրենց նախապատերազմյան միշտական բնակության վայրեր։ Հետո էլ կարող են տեղական հանրաքվեներ անցկացնել ու պահանջել Վայքը վերանվանել Ազիզբեկով։ 
Ադրբեջանն ու Թուրքիան չեն էլ թաքցնում, որ պատրաստ են իրենց նպատակներին հասնել ռազմական ճանապարհով, եթե Հայաստանը կամավոր չհրաժարվի իր իրավունքներից։ Պատահական չէ, որ միայն այս տարի 10-ից ավելի թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ են անցկացրել Հայաստանի սահմանների մոտ։ Զորավարժություններից մեկին նրանց միացավ նաև Պակիստանը։ Կույր պետք է լինել չտեսնելու համար, որ խաղաղության դարաշրջանի փոխարեն մենք ունենք փխրուն հրադադար, որը պարբերաբար խախտվում է։ Նոյեմբերի 16-ին մենք ունեցանք մարտական գործողությունների էսկալացիա, որին հետևեց Փաշինյանի հանձնարարականը պաշտպանության նախարարին սկսել սահմանների սահմանազատման և սահմանագծման գործընթացը։ Ակնհայտ է, որ սա զուտ համընկում չէր։ Հայապահպանության հայրենական պատերազմը չի ավարտվել, այն ուղղակի ժամանակավորապես փոխել է իր բնույթը։
2․ Արցախի հարց
Առանձին Արցախի հարց, որպես այդպիսին, գոյություն չունի․ այն հայապահպանության, հայ ազգի և հայոց պետականության գոյության հիմնահարցի բաղադրիչներից մեկն է։ Չկա Հայաստանի Հանրապետության առանց Արցախի Հանրապետության, չկա Արցախի Հանրապետություն առանց Հայաստանի Հանրապետության։ 2020 թ․ պատերազմի արդյունքում Արցախի Հանրապետությունը կորցրեց իր տարածքի 75 տոկոսը, ներառյալ Հադրութը և Ստեփանակերտի նկատմամբ գերիշխող դիրք ունեցող հայոց պատմական Շուշին։ Երկու հանրապետությունների միջև ցամաքային սահմանի փոխարեն մենք ունենք նեղ միջանցք։ Նոյեմբերի 9-ի խայտառակ փաստաթղթով նախատեսված է կառուցել Շուշին շրջանցող այլընտրանքային ճանապարհ, որը, որը կխորացնի Արցախի անկլավացումը։ 
Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունները փաստորեն ընդհատվել են։ Ադրբեջանն ընդհանրապես ժխտում է Լեռնային Ղարաբաղի հարցի գոյությունը։ Այս պայմաններում ի՞նչ լուծում է առաջակում քաղաքական մեծամասնությունը, ի՞նչ քայլեր է առաջարկում կառավարությունն այդ լուծումն ապահովելու համար և որքա՞ն գումար է պատրաստ հատկացնել այդ լուծումն իրականություն դարձնելու համար։ Արդյո՞ք պետական բյուջեի նախագիծը պատասխանում է այդ հարցին։ Ո՛չ։ Բյուջեի «Արցախյան հիմնախնդիր» բաժինը լավագույնս է արտացոլում Հայաստանի իշխանությունների արցախյան քաղաքականությունը։ Ընդամենը 69 բառ է։ Բառացի մեջբերում եմ․

«Հայաստանը շարունակելու է հանդիսանալ Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը և աշխատել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության, այդ թվում՝ Արցախի մշակութային և կրոնական ժառանգության պահպանման ուղղությամբ: Հիմնախնդրի կարգավորումը հնարավոր է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ներքո Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցմամբ՝ հայտնի սկզբունքների և տարրերի, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա: Հայաստանը ձգտելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո բանակցային գործընթացի լիարժեք վերականգնման՝ համոզված լինելով, որ հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման տեսանկյունից բովանդակային բանակցությունները չունեն այլընտրանք»։ Հայաստանն աշխատելու է «Արցախի մշակութային և կրոնական ժառանգության պահպանման ուղղությամբ»։ Ու վե՞րջ։ Ումի՞ց եք պաշտպանելու․ Արցախի հանրապետության իշխանություններից, ռուս խաղաղապահներից, թե՞ ադրբեջանցի զավթիչներից։ Նախընտրական ծրագրով Արցախի դե-օկուպացիա պահանջող քաղաքական ուժն այսօր բավարարվում է մշակութային արժեքների պաշտպանության աշխատանքներով։ Հստակ չէ արցախյան հիմնախնդրի ինչ լուծման է հետամուտ ՀՀ այսօրվա իշխանությունը։ Մինսկի խումբն ընդամենը հարթակ է։ Խնդրի լուծման հարթակի մասին հայտարարությունը չի փոխարինում լուծման տեսլականի մասին հայտարարությանը։ Արցախի հայերին, որպես բնիկ ժողովրդին, կարող են ռեզերվացիաներում հավաքեն ու թողեն որ անխոչընդոտ կերպով ժենգյալով հաց թխեն։ Դա էլ է կարգավիճակ։ «Կարգավիճակի հստակեցում» հեղեհեղուկ ձևակերպումը չի կարող փոխարինել քաղաքական մեծամասնության հստակ քաղաքական դիրքորոշմանը։
Այս պայմաններում հստակ է, որ պետության բոլոր ջանքերը պետք է ուղղվեն անվտանգային խնդիրների լուծմանը, խաղաղություն երաշխավորելու նպատակով մեր զինված ուժերի մարտունակության վերականգնմանը և զարգացմանը։ Պետական բյուջեն պետք է արտացոլի նշված քաղաքական առաջնահերթությունը։ Արդյո՞ք դա այդպես է։
2021 թ․ հաստատված բյուջեի համեմատ 2022թ․ բյուջեով նախատեսվում պետական եկամուտներն ավելացնել 17,5%-ով՝ 290 մլրդ դրամով։ Ծախսերը նախատեսվում է ավելացնել 16,6%-ով՝ մոտ 263 մլրդ դրամով։ Մի պահ չանդրադառնանք այդ հաշվարկների իրատեսականությանը, բայց պարզ տրամաբանությունը հուշում է, որ անվտանգային, գոյութենական խնդիրների առջև կանգնած երկիրը գոնե 16,6%-ով պետք է ավելացնել պաշտպանական բյուջեն։ Հայաստանի կառավարությունն առաջարկում է պաշտպանական բյուջեն ավելացնել ընդամենը 11%-ով՝ մոտ 30 մլրդ դրամով։ Հավանաբար ՀՀ կառավարություն պատրաստվում է խաղաղության դարաշրջանին և առաջնորդվում է ՀՀՇական «մեր պաշտպանությունը մեր անպաշտպանության մեջ է սկզբունքով»։

2․ Տնտեսական խնդիրներ
Հայաստանը գտնվում է լրջագույն սոցիալ-տնտեսական մարտահրավերների առաջ։ Քովիդ համավարակը, արցախյան 44 օրյա պատերազմը, Արցախում և Հայաստանի Հանրապետության սահմաններին չմարող հիբրդիային պատերազմը, արտաքին և ներքին քաղաքական անորոշություններն օբյեկտիվ բարդություններ են ստեղծում։ Այս օբյեկտիվ դժվարությունների պայմաններում անհրաժեշտ է հստակ տնտեսական դոկտրին, տնտեսական գաղափարախոսության վրա հիմնված տնտեսական քաղաքականություն։ Մինչդեռ երկրում բացակայում է տնտեսական քաղաքականություն, որը հստակություն և կանխատեսելիություն կմտցնի և կնվազեցնի տնտեսական ռիսկերը։ Կառավարության տնտեսական քաղաքականությունը կարելի է նկարագրել մի քանի խոսքով․ «պարտքով ասֆալտ անել»։
Տնտեսական աճի համար անհրաժեշտ է երեք գործոն՝ կապիտալի կուտակում, տեխնոլոգիական զարգացում և մարդկային ռեսուրսների ավելացում։
Առանձին առանձին դիտարկենք, թե այս ուղղություններով կառավարությունն ինչ քաղաքականություն է իրականացնում։
1․ Կապիտալ ծախսեր
2022 թ․ համար կառավարությունը բյուջետավորել է 346,5 մլրդ դրամի կապիտալ ներդրումներ (ՀՆԱ 4,4%)՝ մոտ 120 մլրդ դրամով ավելի քան 2021 թ․ ճշգրտված պլանը։
Կապիտալ ներդումներ կատարելու ՀՀ կառավարության ունակությունը խիստ կասկածելի է․ կառավարությունը խրոնիկ կերպով թերակատարում է կապիտալ ներդրումների իրականացումը։ Հինգ տարվա կտրվածքով միջինացված կապիտալ ծախսերը կազմել են 163 մլրդ։ 2021 թ․ 9 ամիսների կատարողականն ընդամենը 125,5 մլրդ դրամ է։ Փաստորեն, պլանավորում է կատարել 346,5 մլրդ դրամի կապիտալ ծախս, ինչն ավելի քան կրկնակի ավել է, քան հինգ տարիների միջին արժեքը։ Մենք այս մոտեցումն իրատեսական չենք գնահատում։
Կապիտալ ներդրումներ կատարելու ունակությունից բացի, անհրաժեշտ է անդրադառնալ նաև այդ ներդրումների արդյունավետությանը։  Կապիտալ ներդրումների տնտեսական արդյունավետության որևէ հաշվարկ ներկայացված չէ, հայտնի չէ արդյոք ներդրումներն իրենց կարդարացնեն, թե՞ կավելացնեն արտաքին պարտքը, առանց այդ պարտքը սպասարկելու միջոցներ ստեղծելու։ Կան էական ռիսկեր, որ Հայաստանը կարող է հայտնվել «ենթակառուցվածքային պարտքային ծուղակում»։
Էապես նվազել են նաև հիմնական միջոցներում մասնավոր ընկերությունների ներդրումները։ Ակնկալվում է, որ 2021 թ․ հիմնկանում միջոցներում մասնավոր ընկերությունների ներդրման իրական աճը կկազմի ընդամենը 0,6%։ Ամենևին ընկալելի չէ կառավարության կանխատեսումը, որ մասնավոր ընկերությունների ներդրումները շեշտակի աճ կարձանագրեն և 2022 թ․ կկազմեն 15,6%: Ավանդների փոփոխության դինամիկան վկայում է, որ ձեռնարկությունները գերադասում են ավելի քան  720 մլրդ դրամ պահել բանկերում, որից 432 մլրդ դրամը՝ եկամուտ չապահովող հաշիվների վրա, քան ներդնել Հայաստանի տնտեսության մեջ։
Ի դեպ, պետական հատվածում վիճակն ավելի լավ չէ։ Կառավարությունը զեկուցում է, որ «եկամուտների ծրագրի գերազանցմամբ և ծախսերի համեմատաբար ցածր կատարողականով պայմանավորված ներքին աղբյուրներում գրանցվել է բյուջեի ազատ միջոցների՝ նախատեսվածից ավել աճ, որը ծրագրված 47.3 մլրդ դրամի փոխարեն կազմել է 232.9 մլրդ դրամ»։ Այսինքն, պետությունը քաղաքացիներից ու բիզնեսից գումար է գանձում և չի կարողանում այն օգտագործել տնտեսության զարգացման վրա։ Եթե չեք կարողանալու օգտակար կերպով օգտագործեք, թողեք մարդիկ իրենք կծախսեն, մասնավոր ծախսումները կավելանան, տնտեսությունը կաճի։ Կամ թողեք որ բիզնեսն ինքը տնօրինի։ 
Նաև անդրադառնանք օտարերկրյա ներդրումներին։ Առաջնորդվենք այն կանխավարկածով, որ օտարերկրյա ներդրումները նույնպես նպաստում են կապիտալի ակումուլյացիային։ Մասնավորապես, 2021 թվականի երկրորդ եռամսյակի դրությամբ օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են ընդամենը 42,8 մլն ԱՄՆ դոլար։ Զուտ միջազգային ներդրումային դիրքը 2021 թ․ երկրորդ եռամսյակի դրությամբ կազմել է հակառեկորդային – 10,9 մլրդ ԱՄՆ դոլար՝ անհամեմատ ավելի վատ քան մինչև Փաշինյանի կողմից կառավարության ձևավորումը։ 

2․ Աշխատուժ
Թեև ՀՀ կառավարությունը 2022 թ․ համար ժողովրդագրական փոփոխությունների վերաբերյալ կանխատեսումներ չի արել, սակայն անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ նաև տնտեսական աճի հիմնական գործոնին՝ աշխատուժին։ 2021 թ․ շարունակվել են բացասական միտումները։ Մասնավորապես, 2020 թ․ համեմատ աշխատանքային ռեսուրսները նվազել են 9,7%-ով, աշխատուժի առաջարկը՝ 6,2%-ով, որից զբաղվածների թիվը՝ 10,1%-ով։ Գործազուրկների թիվը նվազել է 20%-ով։ 
Վերլուծելով աշխատանքի շուկայի միտումներն, աղքատության ու արտագաղթի աճը, առավել կան տարակուսելի ու անընդունելի է կառավարության կողմից վարվող սոցիալական քաղաքականությունը։ Կառավարությունը հայտարարում է, որ չի կարող ավելացնել սոցիալական բյուջեն, քանի որ միջոցներն ուղղվում են բիզնեսի խթանմանն ու տնտեսության զարգացմանը։ Սակայն, 2022 թ․ բյուջեով նախատեսված է 25,5 %-ով (536 մլն դրամով) նվազեցնել զբաղվածության ծրագրերի բյուջեն և կրճատել երեք ծրագիր։ Ի դեպ, կրճատվող ծրագրերի հիմնական շահառուները կանայք էին։ Անապահով սոցիալական խմբերին տրամադրվող աջակցության բյուջեն կրճատվել է 17,9 %-ով (6,77 մլրդ դրամով)։ Հավելենք, որ նախարարության կենտրոնական ապարատի պահպանման ծախսերն աճել են 28%-ով։
3․ Տեխնոլոգիական առաջընթաց
Տեխնոլոգիական առաջընթացի մասին ընդհանրապես իմաստ չունի խոսել, քանի որ դեռևս ոչ մի էական արդյունք չենք արձանագրել և եթե համեստ նվաճումները պրոյեկտենք ապագայի վրա, դարձյալ համեստ արդյունքներ կունենանք։
Եվ վերապես չենք կարող չանդրադառնալ պետական պարտքին։ Ակնկալվում է, որ գալիք տարվա վերջին այն կհատի 10 մլրդ դոլարի շեմը։ Սրա մասին շատ է խոսվել, չնայած ինչքան ասես, էլի ասելու տեղ է մնում, բայց ես խոսեմ պարտքի մի ասպեկտի մասին, որի մասին չի խոսվում կամ շատ քիչ է խոսվում։
2020 թ․ հաստատված պետական բյուջեով նախատեսվում էր հավելյալ պարտք ներգրավել ներքին ռեսուրսներից, սակայն փետրվարի 2-ին փետրվարի 2 ին Հայաստանի Հանրապետությունը միջազգային կապիտալի շուկայում տեղաբաշխեց 750 մլն ԱՄՆ դոլար ծավալով, 10 տարի մարման ժամկետով, 3.875% տեղաբաշխման եկամտաբերությամբ արտարժութային պետական պարտատոմսեր։ Ընդ որում, ՀՀ 2021 թվականի վերանայված պետական բյուջեի համաձայն, պետական բյուջեի պակասուրդի զուտ ֆինանսավորումը արտարժութային պետական պարտատոմսերի հաշվին նախատեսվել էր 500 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով (241.9 մլրդ դրամ): Հավելյալ 250 մլն դոլարի պարտք ներգրավվեց, քանի որ լավ գին էին տալիս ինչպես նաև «նպատակ է ունեցել բարձրացնել պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորման հնարավոր ռիսկերի կառավարելիության աստիճանը, ինչպես նաև նպաստել վճարային հաշվեկշռի արտաքին հատվածի կայունությանը: Արտարժութային պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված ավելցուկային գումարը (136.8 մլրդ դրամ) ուղղվել է կայունացման դեպոզիտային հաշվի համալրմանը:» Ստացվում է, որ ավել փող ենք պարտք վերցնում, դոլարը փոխարկում ենք դրամի, իսկ դրամը «քնեցնում» ենք։ Հստակ է, որ դոլարային պարտատոմսերի թողարկումը նաև փոխարժեքի պահպանման նպատակ է հետապնդում։ 
Գանձապետական պարտատոմսերի տոկոսադրույքը 10,06%։ 10 տոկոսով պետությունը պարտք է վերցնում ու գումարն էլի քնեցնում է։ Սա անթույլատրելի է։ Պարտքը և անիմաստ տեղը կուտակված տոկոսները մենք ենք վճարում։ Իսկ որ այդ վճարները շատ բարձր են, պարոն նախարարը առավոտյան արդեն հաստատել է։
Ամփոփում
Ներկայացված նախագիծը պատշաճ կերպով չի արձագանքում Հայաստանի ու Արցախի հանրապետությունների առջև ծառացած մարտահրավերները, հատկապես անվտանգային մարտահրավերները։
Տնտեսական աճի հաշվարկներն անիրատեսական են և նպատակ են հետապնդում ստեղծելու լավ ապրելու պատրանք, որպեսզի մեղմեն հասարակությունում աճող դժգոհությունը։
Բյուջեն, իր էությամբ, հակասոցիալական է։ Սոցիալական լարվածությունը մեղմելու փոխարեն այն խրախուսելու է, որ մեր հայրենակիցները շարունակեն մեկնել արտագնա աշխատանքի՝ նվազեցնելով ՀՀ տնտեսության պոտենցիալը, կամ, լավ կյանքի ակնկալիքով, ընդհանրապես լքեն հայրենիքը։
«Հայաստան» դաշինք խմբակցությունը բյուջեի նախագծին քվեարկելու է ԴԵՄ»։

  --00—ՄՀ