Արցախի ժողովրդի և իշխանությունների համար անընդունելի է Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ․ Բաբայան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

Քաղաքական

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը ԱԺ նիստերի մեծ դահլիճում մասնակցել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովին և հանդես եկել ելույթով։ Այս մասին տեղեկացնում է ՀՅԴ կայքէջը։

Ելույթում ԱԳ նախարարն անդրադարձել է Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններին, տարածաշրջանային զարգացումներին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին։

Որպես ԱՀ արտաքին քաղաքական առաջնահերթություններ Դավիթ Բաբայանն առանձնացրել է հանրապետության միջազգային ճանաչումը, Արցախի Հանրապետության տարածքների դեօկուպացիան, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ և արդարացի կարգավորումը, տարբեր երկրների և նրանց սուբյեկտների հետ հարաբերությունների զարգացումն ու ընդլայնումը։

Նախարարը շեշտել է, որ Արցախի ժողովրդի և իշխանությունների համար անընդունելի է Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ, ինչը կնշանակի Արցախի և հայոց պետականության կործանում։

Առաջադրված խնդիրների արդյունավետ լուծման համար արտգործնախարարը կարևորել է Արցախի աշխարհաքաղաքական սուբյեկտայնության պահպանումը, համահայկական միասնականությունը, Հայաստանում և Սփյուռքում Արցախի՝ որպես ազգային գերագույն արժեքի ընկալումը։

Բաբայանը բարձր է գնահատել Հայ Դատի գրասենյակների կողմից իրականացվող աշխատանքները, կառույցի ներդրումն Արցախի զարգացման և զորացման գործում։ Նախարարը երախտագիտություն է հայտնել հայրենանվեր աշխատանքի համար՝ հույս հայտնելով, որ ՀՅԴ Հայ Դատը նույն եռանդով և նվիրվածությամբ կշարունակի իր աշխատանքը, և արցախակենտրոնությունը կմնա նրա գործունեության հիմնասյուներից մեկը։

Խորհրդաժողովի ընթացքում ԱԳ նախարարը նաև պատասխանել է ներկաների՝ արտաքին քաղաքականության ոլորտում առկա մարտահրավերներին և դրանց հաղթահարման ուղղությամբ տարվող աշխատանքներին վերաբերող հարցերին։

Խորհրդաժողովին Ելույթներով հանդես են եկել՝ Արցախի Ժողովրդավարական կուսակցության նախագահ Աշոտ Ղուլյանը, Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը

Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը։

--0--ԿԿ

Տեսանյութեր