Նոյեմբերի 16-ին գերեվարված տասնյակ զինծառայողներին Կարմիր Խաչի ներկայացուցիչները դեռ չեն տեսակցել

ԵՐԵՎԱՆ, ԴԵՄՏԵՄԲԵՐԻ 3, 24News

գերի

ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի՝ նոյեմբերի 16-ին իրականացրած ագրեսիայի հետևանքով գերեվարված հայ զինծառայողները դեռևս զուրկ են միջազգային պաշտպանությունից։ Նրանց ճակատագրերը վտանգված են

Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակի մամուլի պատասխանատու Զառա Ամատունին այսօր՝ դեկտեմբերի 3-ին, «Փաստինֆո»-ին տեղեկացրել է, որ նոր գերեվարված անձանց հետ հանդիպում դեռ տեղի չի ունեցել։

«Տեսակցություն դեռ չի եղել։ Որևէ այլ՝ բովանդակային մասով երկխոսության և հաստատումների մասին մանրամասներ չեմ կարող հաղորդել։ Կարող եմ փաստել, որ երկխոսությունը շարունակվում է կողմերի հետ»։

Հիշեցնենք, որ ՀՀ արևելյան սահմանագծում ադրբեջանական ագրեսիայից անցել է 17 օր, որի հետևանքով, ըստ պաշտոնական աղբյուրների, գերեվարված է 31 զինծառայող։

Նոյեմբերի 16-ին ադրբեջանական ագրեսիայից հետո ՀՀ ՊՆ-ն հաղորդեց 13 գերեվարված և 24 անհետ կորած զինծառայողի մասին, սակայն Նիկոլ Փաշինյանը ավելի ուշ՝ առցանց ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ Սյունիքում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով անհետ կորած համարվող 24 զինծառայողները գերեվարվել են ու շրջանառության մեջ դրել «24+8» բանաձեւը։

Նոյեմբերի 26-ին հայտնի դարձավ, որ գերեվարված քաղաքացիներից մեկին, որը նաև ծանր վիրավոր էր, վերադարձվել է։ Բաքուն, սակայն, չի շտապում պաշտոնապես հաստատել այն անձանց տվյալները, որոնք նոյեմբերի 16-ից գտնվում են գերության մեջ։ Զառա Ամատունին հայտնել է, որ այս պահին կապի մեջ են համապատասխան իշխանությունների հետ։ Երկու կողմերի հետ էլ ընթանում են կոնֆիդենցիալ երկխոսություններ։

Միաժամանակ, Բաքվում շարունակում են պահվել նաև 44 օրյա պատերազմում գերեվարված զինծառայողները։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները վերջին անգամ հոկտեմբերին են այցելել գերեվարված և պատանդառված հայերին, ծանոթացել նրանց պահման պայմաններին, օգնել կապ հաստատել ընտանիքների անդամների հետ: Ըստ հայկական կողմի, Բաքուն այս պահին հաստատում է 40 անձի՝ Ադրբեջանում գտնվելու հանգամանքը: Այս թվի մեջ նոյեմբերի 16-ին գերեվարվածները ներառված չեն։

«Հաստատված վերջին այցը եղել է հոկտեմբերին։ Խոսքն այն անձանց մասին է, որոնց մասին հաստատումները ստացել ենք և պարբերաբար այցելել ենք։ Հաջորդ այցերի հետ կապված չեմ կարող ասել, դրանք մեկ օրում չեն լինում, մինչև ընտանիքներին չենք հաղորդում, հաջորդ այցերի մասին հաստատում չենք ներկայացնում»,- տեղեկացրեց Ամատունին։

--00--ԱՀ