ԱԳ նախարարներն ստորագրել են գերատեսչությունների 2022-2023-ի համագործակցության միջոցառումների ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, ԴԵՄՏԵՄԲԵՐԻ 3, 24News

․

ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ունեցել Ղազախստանի ԱԳ նախարար Մուխթար Թլեուբերդիի հետ։ Հանդիպման ընթացքում Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարները ստորագրել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Ղազախստանի արտաքին գործերի նախարարության 2022-2023-ի համագործակցության միջոցառումների ծրագիրը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, Հայաստանի ու Ղազախստանի արտգործնախարարներն ընդգծել են փոխադարձ հարգանքի ու վստահության վրա հիմնված հայ–ղազախական հարաբերությունների զարգացման նշանակությունը և վերահաստատել քաղաքական երխոսությունն առավել խորացնելու շահագրգռվածությունը թե՛ երկկողմ, թե՛ ինտեգրացիոն միավորումների ու միջազգային կազմակերպությունների շրջանակներում։ Այդ համատեքստում կարևորվել է բարձր մակարդակով փոխայցելությունների, ԱԳՆ-ների միջև խորհրդակցությունների անցկացումը։

«Երկու երկրների առևտրատնեսական համագործակցության խթանման համատեքստում նախարարներ Միրզոյանն ու Թլեուբերդին կարևորել են Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը։ Ընդգծվել է նաև ուղիղ չվերթների վերականգնման դերակատարությունը։

Զրուցակիցները անդրադարձ են կատարել կրթական, մշակութային և հումանիտար ոլորտներում համագործակցության օրակարգին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ մտքեր են փոխանակվել նաև միջազգային ու տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ։

--00--ԱՀ

Տեսանյութեր