Ադրբեջանցիները միշտ էլ կրակել են, որպեսզի Արցախի ժողովրդին խուճակի մեջ պահեն․ Արցախի պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ԴԵՄՏԵՄԲԵՐԻ 3, 24News

Հասարակական

Նոյեմբերի 2-ին՝ 18։00-ի կողմերը, տեղեկություններ տարածվեցին, որ Արցախի Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի ուղղությամբ ադրբեջանական կողմը կրակում է։

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը 24News-ի հետ զրույցում հրաժարվեց որևէ տեղեկություն փոխանցել այս հարցով՝ խնդրելով կապ հաստատել պաշտպանության նախարարության հետ։ «Դրանք օպերատիվ տվյալներ են, որոնց մասին որևէ բան ասել չեմ կարող», - հավելեց Ավանեսյանը։

Արցախի Ազգային ժողովի «Արդարութուն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը 24News-ին ասաց, որ իր ունեցած տեղեկություններով՝ երեկոյան Կարմիր Շուկայում կրակոցների ձայներ լսվել են։ «Բայց կոնկրետ բնակավայրի, բնակարանի վնասված լինելու մասին տեղեկություններ չունեմ», - նշեց նա։ 

«Ադրբեջանցիները միշտ էլ փորձել են սադրել, միշտ էլ կրակել են, որպեսզի Արցախի ժողովրդին խուճակի մեջ պահեն։ Դա ոչ առաջին դեպքն է, ոչ էլ՝ վերջինը։ Պարբերաբար լինում են, ու մենք քանի որ, այսպես ասենք, պարտված կողմ ենք, մեր քայլերն անվտանգության առումով առաջնահերթ պետք է լինեն։ Ցավոք սրտի, մեր կողմից պատասխան լինելու դեպքում ավելի մեծ սադրանքների են դիմում։ Դա արդեն բնական է դարձել ղարաբաղցիների համար։ Թե՛ Կարմիր Շուկայի կողմում թե՛ մնացած այլ սահմանամերձ հատվածներում, որտեղ որ այսօր խաղաղ բնակիչներն ապրում են, այդ մտավախությունն ամեն օր կա», - հավելեց Գալստյանը։

Պատգամավորի կարծիքով՝ անվտանգային համակարգը հնարավորինս պետք է քիչ լուսաբանվի։ 

«Բայց տեսնում ենք, որ բնակչության մեջ մտավախություններ կան, ամեն րոպե մտածում են, որ եթե շուտ տարածեն, ավելի շուտ միջոցներ կձեռնարկվեն այդ կրակոցները լռեցնելու համար։ Ես կողմնակից եմ, որ պաշտպանության բանակի գործը քաղաքական դաշտում չքննարկվի։ Բայց ինչպես տեսնում ենք, որ Հայաստանի Հանրապետության առաջին դեմքի մակարդակով է բերվել քաղաքական դաշտ և քննարկվում է։ Հիշո՞ւմ եք զինվորի «տրուսիկ-մայկայի» հարցն Ազգային ժողովի ամբիոնից էին քննարկում։ Սա էլ է մեր անվտանգության հարցը, որ նման հարցերը փակ նիստերում քննարկվեն, որպեսզի ավելի արդյունավետ հետագայում կարողանան մեր անվտանգային համակարգն արդիականացնել։ Բայց դա երկրի իշխանությունների գործն է, որոշում կայացնեն և իրենց իսկ որոշումը հարգեն, սակայն երբ իրենց հարմար է, քաղաքական դաշտ են բերում, երբ հարմար չէ, ասում են՝ «պետք չէ դա քաղաքական դաշտ բերել»։ Դա էլ են սարքել իրենց անձնական, ձեռքի «խաղալիքը», երբ ուզում են, գեներալներին փնովում են, իսկ երբ որ կարող է հարցն իրենց շոշափել, խնդրում են, հորդորում են, կոչ են անում զերծ մնալ», - եզրափակեց «Արդարության» ղեկավարը։

Այս թեմայով մեկնաբանություն ստանալու համար Արցախի պաշտպանության բանակի մամուլի խոսնակի և Կարմիր Շուկայի համայնքապետի հետ կապ հաստատել չհաջողվեց։

--00--ԿԿ

Տեսանյութեր