Դեկտեմբերի 7-ին Հաագայի դատարանը կհրապարակի «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով որոշումը

ԵՐԵՎԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3,  24 News

Հաագա

 

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը գործուղվում է Նիդերլանդների Թագավորություն (Հաագա)։ Այս մասին որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝

1. ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության կողմից Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի հիման վրա ներկայացված ժամանակային (հրատապ) միջոցների վերաբերյալ որոշումների հրապարակմանը Հայաստանի Հանրապետության ներկայացուցչությունն ապահովելու նպատակով Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին 2021 թվականի դեկտեմբերի 6-8-ը ներառյալ գործուղել Նիդերլանդների Թագավորություն (Հաագա):

2. Եղիշե Կիրակոսյանի՝ Նիդերլանդների Թագավորություն (Հաագա) գործուղման ծախսերը (ավիատոմս, գիշերավարձ, օրապահիկ), ինչպես նաև «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին՝ Նիդերլանդների Թագավորություն գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն»,- ասված է որոշման մեջ։ 

Դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը կհրապարակի իր որոշումը Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման հիմքով Ադրբեջանի դեմ Հայաստանի կողմից ներկայացված մի շարք հրատապ միջոցների կիրառման կապակցությամբ:

--00—ՄՀ