Շիրակի մարզպետը ծանոթացել է Գյումրու ԲԿ-ի գործունեությանն ու մատուցվող ծառայություններին

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29,  24 News

․

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն առողջապահության վարչության պետի պարտականությունները կատարող Լեյլի Ասլանյանի հետ այսօր այցելել է «Գյումրի բժշկական կենտրոն»։ Տնօրեն Արմեն Իսահակյանի ուղեկցությամբ մարզպետը շրջել է կենտրոնում, ծանոթացել բժշկական հաստատության աշխատանքների ընթացքին, բաժանմունքների գործունեությանն ու մատուցվող ծառայություններին։

Ըստ այդմ, վիրաբուժական, վնասվածքաբանական, ակնաբանական, սրտաբանական, ուրոլոգիական, լաբորատոր-ախտորոշիչ և այլ ծառայությունների կողքին, շատ շուտով լիարժեքորեն կգործի սուր իշեմիկ կաթվածի բուժման պետական ծրագիրը։

Նազելի Բաղդասարյանը կարևորել է բուժսպասարկման որակի արդյունավետությունն ու ծառայությունների պատշաճ մատուցումը, ինչպես նաև հակահամաճարակային միջոցառումների իրականացումն ու կանոնների պահպանումը։

«Գյումրի բժշկական կենտրոնում» այս պահին COVID-19 ախտորոշմամբ 68 հիվանդ է բուժվում, ևս 26 հիվանդ էլ ինֆեկցիոն բաժանմունքում։ Ընդհանուր առմամբ՝ նկատվում է հիվանդության նվազում։

Շիրակի մարզպետն այցելել է նաև «Գյումրի բժշկական կենտրոնի» ծննդաբերական բաժանմունք, կենտրոնին միանալուց հետո ծննդատունն աշխատանքներում դրական դինամիկա ունի, ծնունդների թիվը նախորդ տարվա համեմատ ավելացել է 100-ով, իսկ վճարովի ծառայությունները կրկնապատկվել են։

Մարզպետը շրջել է հիվանդանոցում, ծանոթացել կատարված աշխատանքներին, ինչպես նաև շնորհավորել նորաթուխ մայրերին՝ մաղթելով երջանիկ մայրություն ու քաջառողջություն։

--00--ԱՀ