Մայրս մահացել է ոչ պատշաճ բժշկական օգնություն ստանալու պատճառով, քրեական գործն առաջ չի գնում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News

Այս տարվա սեպտեմբերի 26-ին սրտի կանգի պատճառով մահացել էր Երևանի բնակիչ Նարինե Աբրահամյանը, ինչի կապակցությամբ քրեական գործ է հարուցված։ 24News-ի հետ զրույցում Նարինե Աբրահամյանի դուստրը՝ Լիլիաննան, ասաց, որ մայրը մահացել է ոչ պատշաճ բժշկական օգնություն ստանալու պատճառով։ 

«Վատ զգացողության պատճառով զանգահարել է Շտապ օգնություն։ Կարդիոբրիգադա է կանչվել, բժիշկը և բուժակը չեն արել համապատասխան գործողությունները, առանց որևէ դիագնոստիկ միջամտության եզրակացություն են կայացրել, որ նևրոզ է եղել։ Անգամ ԷԿԳ չեն արել։ Հեռանալուց հետո, մինչև մեկ ժամվա ընթացքում գրանցվել է կենսաբանական մահ՝ սրտի կանգի պատճառով։ Դրանից հետո ես դիմել եմ դատախազություն՝ քրեական գործ է հարուցվել, բայց մինչ օրս ոչ մի կերպ գործն առաջ չի գնում։ Այսինքն՝ անգամ դեռ հայտնի չէ՝ այդ բժշկին հարցաքննել են, թե ոչ։ Ինձ Շտապ օգնության կայանից ասել են, որ նրան աշխատանքից հեռացրել են։ Խնդրել եմ, որ պատճառը ներկայացնեն, սակայն չեն ներկայացրել, այսինքն՝ ես չգիտեմ՝ այդ տղան առհասարակ երկրում է, թե ոչ», - ասաց Լիլիաննա Աբրահամյանը։

Տուժող կողմի փաստաբան Արմեն Գրիգորյանը նշեց, որ քրեական գործը հարուցվել է Ավան և Նոր Նորք քննչական շրջանների քննչական բաժնում, և դժգոհություն հայտնեց գործի քննության արագության կապակցությամբ։

Գործը քննում է Ավան և Նոր Նորք քննչական շրջանների քննչական բաժնի քննիչ Նիկոլայ Պավլովը, իսկ հսկողություն իրականացնում՝ դատախազ Արմեն Սուքիասյանը։ Գործը հարուցված է 130-րդ հոդվածի (Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը) 2-րդ մասի հատկանիշներով։

Անդրադառնալով տուժող կողմի բողոքներին՝ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանն ասաց, որ գործընթացը շարունակվում է։

«Բայց քանի որ դատաբժշկական փորձաքննություն է նշանակված, մինչև փորձաքննության արդյունքը չգա, որևէ այլ բան չեն կարող անել», - հավելեց նա։

Արևիկ Խաչատրյանն ասաց, որ տուժող կողմը դժգոհել է, որ իրենց ինֆորմացիա չի տրամադրվում։ «Կա ինֆորմացիա, որ նախաքննության ընթացքում չի տրամադրվում, նախաքննական գաղտնիք է։ Տրամադրվում է այնքանով, որքանով հասանելի է», - նշեց Արևիկ Խաչատրյանը։

Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանն ասաց, որ ներկայումս այս գործով հարցաքննությունները շարունակվում են։ «Գործը նախաքննական փուլում է, հարցաքննվել են տուժողի քույրերը, ամուսինը, Շտապ օգնության աշխատողները, հարևանները։ Դատաբժշկական փորձաքննություն է նշանակված, դեռ պատասխանը չի եկել, սպասում ենք դատաբժշկի պատասխանին։ Գործն առաջ գնում է, այնպես չէ, որ գործը կանգնած է», - եզրափակեց Թադևոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։