Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը ուսումնասիրում է ՊՇՌ թեստավորման շուկան

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29,  24 News

կորոնավիրուս

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը կորոնավիրուսի հայտնաբերման ՊՇՌ թեստավորում իրականացնող «Էկոսենս», «Դիագեն պլյուս վիրուսաբանություն» և «Պրոմ տեստ» ընկերություններին կասկածում է շուկայում գերիշխող դիրքի չարաշահման մեջ։ Նոյեմբերի 24-ին ՄՊՀ-ն ընկերությունների ներգրավմամբ հնարավոր իրավախախտման վերաբերյալ վարույթ է հարուցել։

«Հավաքված տեղեկատվության նախնական ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Հայաստանի Հանրապետությունում Covid-19-ի ախտորոշման նպատակով իրականացվող լաբորատոր հետազոտության (ՊՇՌ թեստեր) ծառայություններ մատուցելիս ընկերությունների կողմից 2020 թվականից մինչև 2021 թվականի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում գների սահմանումը, փոփոխումը և պահպանումը կարող են լինել չհիմնավորված, իսկ «Էկոսենս», «Պրոմ տեստ», «Դիագեն պլյուս վիրուսաբանություն» ընկերությունները կարող են ունենալ գերիշխող դիրք, ուստի վերջիններիս կողմից չհիմնավորված գների սահմանումը, փոփոխումը, պահպանումը առերևույթ պարունակում են գերիշխող դիրքի չարաշահման հատկանիշներ»,- նշված է հանձնաժողովի որոշման մեջ։

Անցյալ մարտից ՊՇՌ թեստի գինը հիմնականում 15 000 դրամ էր տարբեր ախտորոշիչ ու բժշկական կենտրոններում։ Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով այս տարվա հոկտեմբերի 1-ից կառավարությունը որոշեց աշխատող քաղաքացիների համար սահմանել աշխատանքի ներկայանալիս պատվաստված լինելու պահանջ, իսկ դրա բացակայության դեպքում՝ երկու շաբաթը մեկ բացասական թեստի պատասխան աշխատավայր ներկայացնելու պահանջ։ Այս որոշումից հետո ՊՇՌ հետազոտությունների արժեքը կտրուկ նվազեց՝ ընդհուպ հասնելով 5000-8000 դրամի։ Բժշկական կենտրոններն ու լաբորատորիաները մինչ այժմ չեն պարզաբանել, թե ինչպես է ձևավորվել ՊՇՌ թեստի արժեքը, ինչու էր այն նախկինում 15 000 դրամ, իսկ հետո գինը կտրուկ նվազեց։ Առողջապահության նախարարությունը, պարզաբանելով հարցը, հայտարարել էր՝ այդ հարցն իրենց իրավասությունից դուրս է։

«Պրոմ-տեստ» լաբորատորիան հիմնվել է 1998-ին։ Ներկայումս ընկերությունն ունի 7 լաբորատորիա։ «Պրոմ-տեստի» բաժնետերն ու տնօրենը Արթուր Մելքոնյանն է։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից թեստավորման գների հարցում գերիշխող դիրքի չարաշահման վերաբերյալ վարույթի մասին խոսելով՝ նա վստահեցնում է՝ հանձնաժողովն իրենցից պահանջել է նյութեր և այլն, որոնք տրամադրվել են: «Ո՞վ է գերիշխող դիրքում, և որտեղ է չարաշահումը։ Ես չեմ կարծում, որ էստեղ չարաշահում կա»,- ասաց լաբորատորիաների ցանցի տնօրենը՝ կարծիք հայտնելով, որ ՊՇՌ թեստավորման շուկան ազատ ու մրցակցային է։ Մելքոնյանի փոխանցմամբ՝ «Պրոմ-տեստը» թեստավորման գների փոփոխություն չի իրականացրել, արժեքը ներկայումս էլ, նախկինում էլ 15 000 դրամ է՝ վստահեցում է Մելքոնյանը: «Ինձ թվում է՝ ՊՇՌ թեստի գինը շատ ավելի բարձր պիտի լինի, բայց շուկան է թելադրում գները։ Հայաստանի գները աշխարհի ամենացածր գներից են։ 15 000 դրամը աշխարհի միջին գներից ցածր է»,- նշում է «Պրոմ-տեստի» ղեկավարը։ Վերջինս ասում է՝ շուկայի մասնակիցները շատ են, գնային առաջարկները՝ բազմազան, ու նման դեպքում «գերիշխող դիրքի չարաշահման մասին խոսք լինել չի կարող»։ Մելքոնյանը, ամեն դեպքում, անհրաժեշտություն տեսնում է, որ պարզվի՝ ինչո՞ւ են անցյալ տարի թեստի գները բարձր մնացել, իսկ այս տարի՝ ցածր։

Գերիշխող դիրքի չարաշահման վարույթում ընդգրկված է նաև «Էկոսենս» լաբորատորիաների ցանցը, որը ներառում է 10 լաբորատորիա։ Այն հիմնվել է 2009-ին։ «Էկոսենս»-ի տնօրեն Ինեսսա Նազարյանը «Լուրեր»-ի հետ զրույցում ասաց՝ վարույթ հարուցելը հանձնաժողովի աշխատանքն է: «Թող իրենք աշխատանքը անեն, եզրակացությունը կտան։ Նրանք վարույթի ընթացքում կհասկանան՝ ինչը ոնց, ոչ մի մեղադրանքի մասին խոսք չի կարող լինել, մինչև վարույթը չավարտվի։ Այլ մեկնաբանություններ չունենք»,- ասաց նա։

Այս վարույթից առանձին հանձնաժողովը հարուցել և ուսումնասիրում է մեկ այլ վարույթ, որը վերաբերում է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի կողմից գերիշխող դիրքի չարաշահմանը։ Ըստ հանձնաժողովի համապատասխան որոշման՝ «Զվարթնոց» օդանավակայանը շահագործող «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն ՊՇՌ թեստավորում իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին օդանավակայանում տարածքներ է տրամադրել գործընթացը կազմակերպելու համար, որի դիմաց թեստավորում իրականացնող ընկերությունները Զվարթնոց օդանավակայանին վճարել են տաղավարի համար նախատեսված վճարը, բացի դրանից՝ յուրաքանչյուր թեստի դիմաց մեկնման ու ժամանման սրահներից օգտվելու դեպքում նախատեսված վճար։ Ըստ հանձնաժողովի՝ այդ վճարները, հնարավոր է, տնտեսապես ու տեխնոլոգիապես հիմնավորրված չեն և պարունակում են առերևույթ գերիշխող դիրքի չարաշահման հատկանիշներ։

--00—ՄՀ