Ցավոք, ունենք կորուստներ, անհետ կորածներ, գերեվարվածներ. Արմեն Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 24News

Այսօր տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 30-րդ նիստը, որը վարել է Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի Արմեն Սարգսյանը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Բացելով նիստը՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ այն անցկացվում է փորձություններով ու մարտահրավերներով լի բարդ ժամանակահատվածում՝ ի դեմս Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմի, Հայաստանի ինքնիշխան տարածքի հանդեպ ռազմական ագրեսիայի, ինչպես նաև համավարակի հետևանքների: «Ցավոք, ունենք կորուստներ, անհետ կորածներ, գերեվարվածներ,- ասել է նախագահը: -Առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել հայրենիքի անվտանգության և պաշտպանության համար զոհվածների և համավարակի հետևանքով մահացած մեր հայրենակիցների հիշատակը՝ ևս մեկ անգամ ցավակցելով նրանց ընտանիքներին ու հարազատներին...

Համբերություն մաղթենք գերիների և անհետ կորածների ընտանիքներին՝ շարունակելով բոլոր ջանքերը գործադրել գերիների վերադարձի և անհետ կորածների հայտնաբերման ուղղությամբ...

Բնականաբար, իրավիճակը և իրադարձություններն իրենց ազդեցությունն են թողել նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեության և աշխատանքների վրա՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում: Հիմնադրամի աշխատանքների ուղղվածությունը ենթարկվել է իրավիճակով պայմանավորված չնախատեսված սրբագրումների: Այսօրվա նիստում կտեղեկացվի նաև այդ մասին:

Որպես «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, որպես Հայաստանի Հանրապետության նախագահ, որպես հիմնադրամի նվիրատու և որպես հայ, ցավ եմ ապրում անվստահության խոսակցությունների ու արձագանքների համար: Ակնկալում եմ, որ համապատասխան ուսումնասիրությունների արդյունքները լույս կսփռեն իրավիճակի վրա և կծառայեն վստահության մթնոլորտի ձևավորմանը: Հիմնադրամն անցել է երկար ու դժվարին ճանապարհ և պետք է ամեն ինչ անի՝ սխալներն ու թերությունները շտկելու, վստահությունը վերականգնելու համար:

Մյուս կողմից, ավելի է հասունացել հիմնադրամի արդիականացման պահը: Պետք է որդեգրել նոր մտածողություն, լայնորեն կիրառել նոր տեխնոլոգիաներ, գտնել կազմակերպական նոր մոդելներ:

Ցանկանում եմ անկեղծ շնորհակալություն հայտնել մեր բոլոր հայրենակիցներին, նվիրատուներին ու բարերարներին: Եվ ուրախ եմ, որ օրերս կայացած հեռուստամարաթոնին հանգանակվել է զգալի գումար:

Բոլորիս մաղթում եմ արդյունավետ աշխատանք և կառուցողական քննարկումներ»:

Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի օրհնությունից հետո խորհուրդը սկսել է օրակարգային հարցերի քննարկումը՝ առաջինն անդրադառնալով «Մենք ենք մեր սահմանները» համազգային դրամահավաքի շրջանակներում հավաքագրված և 2020թ. հոկտեմբերի 8-ից մինչև նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում թվով ինը պայմանագրերով Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերված գումարների նպատակային օգտագործման վերաբերյալ ուսումնասիրություն-զեկույցին:

Տեսանյութեր