Վարչապետի հետ հանդիպմանն առաջարկել եմ Սյունիքում ստեղծել ինքնապաշտպանական ուժեր. Տաթեւի համայնքապետ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News

տաթև

Վարչապետի հետ հանդիպմանն առաջարկել եմ Սյունիքում ստեղծել ինքնապաշտպանական ուժեր: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Սյունիքի Տաթև համայնքի ղեկավար, «Շանթ դաշինք» կուսակցության ներկայացուցիչ Սամվել Լալայանը:

«Հարգելի՛ հայրենակիցներ, ԶԼՄ ներկայացուցիչներ, վերջին օրերում մամուլում և սոցիալական հարթակներում շրջանառվում են մի շարք կեղծ և զրպարտիչ նյութեր, առ այն, իբրև թե Սյունիքի համայնքապետերի և ՀՀ վարչապետի հետ հանդիպման ընթացքում, Սյունիքի համայնքապետերն իրենց համաձայնությունն են տվել Սյունիքից տարածքներ հանձնելուն մեր թշնամուն:

Տեղեկատվական այս քաոսին վերջ տալու նպատակով կներկայացնեմ մի փոքր դրվագ Սյունիքի համայնքապետերի և ՀՀ վարչապետի հետ հանդիպումից, բնականաբար, հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերոնշյալ հանդիպումը փակ ֆորմատով էր և որոշ քննարկված հարցեր ենթակա չեն հրապարակման:

Որպես Տաթև համայնքի ղեկավար, պահեստազորի սպա, Արցախյան երեք պատերազմների մասնակից, ՀՀ վարչապետին առաջարկել եմ Սյունիքում ստեղծել ինքնապաշտպանական ուժեր, որով հնարավոր կլինի արդյունավետ կերպով օգնել ՀՀ զինված ուժերին՝ դիմագրավելու թշնամական ագրեսիաներին:

Եվ վերջում մեկ անգամ էլ կուզեմ ասել, որ Սյունիքը մե՛րն է և մե՛րն է լինելու, Սյունիքը՝ թշնամուն հող չունի՛ հանձնելու»,-նշել է Լալայանը:

--00—ԼՄ