Այսօր կանցկացվի «Հայաստան» հիմնադրամի մարաթոնը՝ «Կենսունակ սահմանային համայնքներ» խորագրի ներքո

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News

Հասարակական

Այսօր տեղական ժամանակով ժամը 18:50 Հանրային հեռուստատեսության եթերում կմեկնարկի «Հայաստան» համահայկական հիմնադրամի 24-րդ հեռուստամարաթոնը՝ «Կենսունակ սահմանային համայնքներ» խորագրի ներքո:

Հիմնադրամի հաղորդագրության համաձայն, «ի տարբերություն նախորդ տարիների՝ այս տարի հեռուստամարաթոնն անցկացվելու է նոր ձևաչափով՝ հաշվետու ֆիլմի տեսքով, որի ընթացքում հենց Հիմնադրամի թիմը կներկայացնի 2020-21 թվականներին իրականացված լայնածավալ ծրագրերը Հայաստանում և Արցախում»:

«2020 թվականը համայն հայության համար լի էր բազում մարտահրավերներով ու վայրիվերումներով՝ կորոնավիրուսային համավարակ, տավուշյան մարտեր, Բեյրութի պայթյուն և վերջապես 44-օրյա ծանր պատերազմ։ Այդ առումով տարին նաև բացառիկ ու աննախադեպ էր հայ ժողովրդի միասնականության առումով:

Իր աշխարհասփյուռ գործընկերների և նվիրատուների ջանքերի շնորհիվ է, որ Հիմնադրամը տարիներ շարունակ կարողանում է իրականացնել ռազմավարական նշանակություն ունեցող լայնածավալ ծրագրեր ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում», - ասված է հաղորդագրությունում։

Հավատարիմ մնալով ավանդույթներին՝ 24-րդ հեռուստամարաթոնը կանցկացվի նաև Լոս Անջելեսում, տեղական ժամանակով ժամը 16-ից:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի առաքելությունը համահայկական ցանցային համակարգի ձևավորումն է, որի նպատակը Հայաստանի, Արցախի, ինչպես նաև աշխարհասփյուռ հայկական համայնքների համաչափ, կայուն և փոխկապակցված զարգացման ապահովումն է՝ հիմնվելով ընդհանուր ինքնության վրա», - նաև նշված է հաղորդագրությունում։

Անցած տարի 23-րդ դրամահավաք-հեռուստամարաթոնի արդյունքում հանգանակվել էր մոտ 23 միլիոն դոլար։

--00--ԿԿ

Տեսանյութեր