ՌԴ դեսպանի հետ հանդիպմանը Սիսակ Գաբրիելյանը կարևորել է Հայաստանի և Ռուսաստանի միջև կապերի զարգացումը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News

Քաղաքական

Նոյեմբերի 25-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:

Ողջունելով  հյուրին` Սիսակ Գաբրիելյանը կարևորել է Հայաստանի և Ռուսաստանի միջև կապերի զարգացումը, ընդգծել տարբեր ոլորտներում համագործակցության խորացման անհրաժեշտությունը:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել  հանդիպման համար` կարևորելով  երկու երկրների համագործակցությունը հատկապես  ԵԱՏՄ շրջանակում:

Հանձնաժողովի նախագահն անդրադարձել է Հայաստանի  դպրոցներում ռուսաց լեզվի դասավանդման հարցին, կարևորել ուսուցիչների վերապատրաստման խնդիրը: Դեսպանն աջակցության պատրաստակամություն է հայտնել:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև մշակույթի ոլորտին առնչվող հարցեր: Սիսակ Գաբրիելյանը ներկայացրել է Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի խնդիրները:

Սերգեյ Կոպիրկինը տեղեկացրել է, որ  նախորդ տարի դեսպանության աջակցությամբ  թատրոնում տեխնիկական որոշ խնդիրներ լուծվել են, մասնավորապես, փոխվել է ձայնային համակարգը: Առաջիկայում նախատեսված է արդիականացնել լուսավորությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

--00--ԿԿ