Միս կտրատելու ժամանակ բաճկոնը դրել էր բազմոցին, դրամապանակից 115 հազար դրամ էին գողացել․ բացահայտում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News

Նոյեմբերի 23-ին՝ գիշերվա ժամը մեկին, ոստիկանություն է զանգել Գեղարքունիքի մարզի Նորակերտ գյուղի մի բնակիչ ու հայտնել, որ Մարտունի քաղաքի Մամիկոնյան փողոցի մի հասցեում իր 56-ամյա հոր դրամապանակից 115 հազար դրամ են գողացել:

Ոստիկանության Մարտունու բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ահազանգողի հայրը նշված հասցեի նկուղում միս կտրատելու ժամանակ բաճկոնը դրել էր բազմոցին, գործն ավարտելուց հետո հագել ու արդեն փողոցում նկատել էր, որ դրամապանակը գրպանում չի։ Վերադարձել ու տեսել էր, որ դատարկ դրամապանակը բազմոցին է:

Նյութերի նախապատրաստման ընթացքում Մարտունու քրեական հետախույզները ստացել են օպերատիվ տվյալ, որն իրացրել են առավոտյան։ Նրանք բերման են ենթարկել Մարտունու բնակիչ, 27-ամյա մի երիտասարդի, որը խոստովանել է արարքը և ներկայացրել գողացած 115 հազար դրամը:

Հանգամանքները պարզվում են:

--00—ԼՄ