Նիդերլանդների խորհրդարանը Հայաստանի դեմ Ադրբեջանի սադրանքների վերաբերյալ բանաձևեր է ընդունել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 24News

մկարր

Նիդերլանդների խորհրդարանը նոյեմբերի 23-ին երկու բանաձև է ընդունել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության և հայ գերիների վերաբերյալ։ Այդ մասին հայտնում է Նիդերլանդներում ՀՀ դեսպանատունը:

Ըստ հաղորդագրության՝ բանաձևերից մեկում խորհրդարանը կոչ է անում Կառավարությանը համատեղ աշխատել ԵՄ հետ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության փաստերի վերաբերյալ անկախ հետաքննություն իրականացնելու նպատակով և կարճ ժամանակահատվածում արդյունքների մասին զեկուցել խորհրդարանին։

Երկրորդ բանաձևում հիշատակվում է Ադրբեջանում մարդու իրավունքների, ազատ խոսքի, մամուլի ազատության հարցերում առկա լրջագույն խնդիրների մասին, որոնք գնալով ավելի են խորանում։ Բանաձևն անդրադառնում է նաև Ադրբեջանում մինչ օրս պահվող հայ ռազմագերիների խնդրին։

Հաշվի առնելով ս. թ. դեկտեմբերի 15-ին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովին Ադրբեջանի մասնակցությունը՝ մի երկրի, որը հեռու է ԵՄ արժեքներից՝ Նիդերլանդների խորհրդարանը կոչ է անում Կառավարությանը՝ ԱլԳ շրջանակում ԵՄ-Ադրբեջան բանակցությունների ժամանակ հետևություններ անել վերոնշյալ իրավիճակներից։

--00—ԼՄ