Պարեկները հետապնդել են կարգազանց վարորդներին ու կիրառել «ճանապարհային ոզնի». կան բերման ենթարկվածներ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News

Նոյեմբերի լույս 23-ի գիշերը պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները գիշերային ծառայության ժամանակ նկատել են առանց համարանիշերի «BMW» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ, որոնց վարորդները, չենթարկվելով պարեկների «Կանգ առ» պահանջին, մեքենաներով փախել են։

Պարեկային կարգախմբերը հետապնդել են, փորձել հարկադրաբար կանգնեցնել նրանց՝ անգամ կիրառելով «ճանապարհային ոզնի», ինչի հետևանքով ծակվել է «BMW»-ի անվադողը։

Կարգազանց վարորդները շարունակել են փախուստը՝ այդ ընթացքում վնասելով նաև պարեկների մեքենաներից մեկը և վտանգելով երթևեկության մյուս մասնակիցների կյանքն ու առողջությունը։ Հետապնդումը շարունակվել է։ «BMW» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաների վարորդները, դուրս գալով մայրաքաղաքից, ընթացել են Աբովյան քաղաքի ուղղությամբ։ Այնուհետև «BMW»-ն մտել է Երևան-Սևան ճանապարհի հյուրանոցային համալիրներից մեկի ավտոտնակ, իսկ «Տոյոտայի» վարորդը մեքենան կայանել է հյուրանոցի հարևանությամբ։

Պարեկների հմուտ գործողությունների շնորհիվ հյուրանոցից ոստիկանության Կոտայքի բաժին բերման են ենթարկվել 6 անձ։ Բաժնում պարզվել է նրանց ինքնությունը։

Պարզվել է նաև, որ բերման ենթարկվածներից 28-ամյա երիտասարդը ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների, այդ թվում՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ 

Հանգամանքները քննությամբ պարզվում են։

--00—ԼՄ 

Տեսանյութեր