ԶԱՀ ներկայացուցիչները Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսի հետ քննարկել են պատերազմի վերաբերյալ հարցեր

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23,  24 News

հյուպատոս

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, դեսպան Արմեն Բայբուրդյանը հանդիպել է «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» (ԶԱՀ) Հանրային կապերի և զարգացման բաժնի ղեկավար Նարինե Գալստյանի և Ֆոնդհայթայթման և դոնորների հետ հարաբերությունների պատասխանատու Սոնա Բաղդասարյանի հետ․ տեղեկացնում են Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից։

Հիմնադրամի ներկայացուցիչները Լոս Անջելես էին ժամանել «Սփյուռքի իրազեկում» ծրագրի շրջանակներում, որը նպատակ ունի ամրապնդել կապերը հայկական խոշոր համայնքների և «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» միջև։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հիմնադրամի գործունեությանը և դրա վրա 2020թ․ Արցախյան պատերազմի ունեցած ազդեցությանը վերաբերող հարցեր։

Դեսպան Բայբուրդյանը բարձր է գնահատել հիմնադրամի կատարած աշխատանքն ու որդեգրած առաքելության կարևորությունը։ Զրուցակիցները քննարկել են համագործակցելու հեռանկարը։

ՀՀ գլխավոր հյուպատոսությունն առաջիկայում կկազմակերպի արվեստի ցուցահանդես, որի ամբողջական հասույթը կուղղվի «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին»։

ՀՀ գլխավոր հյուպատոսությունում կայացել է նաև ԶԱՀ ներկայացուցիչների մամուլի ասուլիսը, որի ընթացքում ԶԼՄ ներկայացուցիչները բարձրացրել են իրենց հուզող հարցերը ԶԱՀ գործունեության վերաբերյալ։ Մինչ օրս ԶԱՀ-ն ունի 4582 շահառու, որից 4165-ը գրանցվել են 44-օրյա պատերազմից հետո, հատուցում է տրամադրվել շուրջ 109,000,000 ամերիկյան դոլարի չափով։ ԶԱՀ-ի շահառուների 86 %-ը (3948) զոհված հերոսներ են, 2 %-ը (76)՝ անհայտ բացակայողներ, 12 %-ը (558)՝ 1-ին կամ 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցողներ։ Հիմնադրման օրվանից ԶԱՀ-ն ստացել է շուրջ 23 միլիոն ամերիկյան դոլար նվիրատվություն, որի 70 %-ն ստացել է Հայաստանից, մնացածը՝ աշխարհի շուրջ 70+ երկրներից։

Այս նվիրատվությունների մեծ մասը հավաքագրվել է Արցախյան վերջին պատերազմի ընթացքում և հետո։ Մնացած միջոցները գոյանում են Հայաստանի և Արցախի բնակիչների աշխատավարձերի պարտադիր վճարներից (2017թ․ սկսած՝ հավաքվել է 106 միլիոն ամերիկյան դոլար գումար)։

 --00—ՄՀ