Դավիթին հարցրեցի՝ շարունակելո՞ւ ես ծառայությունը, նեղացավ․ գյուղապետը՝ Սյունիքում զոհված զինծառայողի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

Հասարակական

Նոյեմբերի 16-ին Սյունիքի մարտական գործողություններում զոհված Դավիթ Ամիրյանը պայմանագրային զինծառայող է եղել, ծնվել և մեծացել է Լոռու մարզի Դեբետ համայնքում:

«Դավիթին անձամբ եմ ճանաչում, իր ընտանիքի հետ մտերիմ ենք, Դավիթը ծնվել և մեծացել է Դեբետ գյուղում, վեց տարի առաջ անցել էր պայմանագրային զինծառայության, մասնակցել է 44-օրյա պատերազմին, Մատաղիսի ինքնապաշտպանական մարտերին: Տեսակով յուրահատուկ տղա էր, հանգիստ ու հարեհաս»,- 24News-ի հետ զրույցում նշեց Դեբետ համայնքի ղեկավար Աշոտ Ղազարյանը: 

Համայնքապետի խոսքով՝ երեկվանից Դավիթին փնտրում են բոլոր զորամասերում, որպեսզի լուր իմանան, բայց ապարդյուն։ Գիշերը եղբայրը տեսանյութ է տեսել, որտեղ երևում է, որ Դավիթը վիրավոր է և ադրբեջանական համազգեստով զինվորականներ պատգարակով տեղափոխում են: Որոշում են առավոտյան գնալ Կարմի խաչ և Պաշտպանության նախարարություն, սակայն ճանապարհին հարազատները զանգել և հայտնել են, որ Պաշտպանության նախարարության հրապարակած զոհվածների ցուցակներում նշված է Դավիթի անունը:

«Դավիթն ուներ ամուսնացած քույր և եղբայր, ինքը տան փոքրն էր, ապրում էր ծնողների հետ: Մի քանի տարի արտագնա աշխատանքից հետո վերադարձել էր Հայաստան և անցել զինվորական աշխատանքի: Պատերազմից հետո իրեն հարցրեցի՝ մտադրություն ունի՞ արդյոք Զինված ուժերի շարքերից դուրս գալ, ինքը այդ հարցից նեղացավ, որովհետև սիրում էր ծառայությունը և հասկանում էր երկրի վիճակը, որ բանակի շարքերը չպետք է նոսրանան: 

Բնավորությամբ շատ հեռատես էր, Դեբետ համայնքը ՀՀ առաջի Սմարթ համայնքն է  և ինքն էլ գաղափարական փնտրտուքների մեջ էր, ցանկանում էր ծրագրավորմամբ զբաղվել:
Վերջին անգամ մինչև հերթափոխը վերակարգ էին, իրեն և գյուղից մեկ համագյուղացու ես տարա զորամաս, ամբողջ ճնապարհին հետաքրքիր պատմություններով, կատակներով ու պատերազմական դրվագներ պատմելով հասանք զորամաս: Իր հետ հետաքրքիր պատմությունները շատ են»,- հիշեց համայնքապետը:

--00--ԿԿ