Հայրենասեր, նպատակասլաց, հայ սպայի կերպարով տղա էր․ համայնքապետը՝ զոհված ավագ լեյտենանտի մասին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News

Հասարակական

Տարոն Սահակյանի հայրիկին եմ ճանաչել, հայրը զինվորական է եղել, Կողբի զորամասում է ծառայել, Ոսկեվան գյուղից էր։ 24News-ի հետ զրույցում ասաց Կողբ խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սերյոժա Ավագյանը՝ խոսելով նոյեմբերի 16-ին Սյունիքի ուղղությամբ հայ-ադրբեջանական մարտերի ժամանակ զոհված, ավագ լեյտենանտ Տարոն Սահակյանի մասին։ Նա բնակվում էր Ջերմուկում ու ծառայում տեղի զորամասում։ 

«Իր հայրը, քանի որ աշխատել, ծառայել է Կողբի զորամասում, մի որոշ ժամանակ բնակվել են Ոսկեվան գյուղում։ Երեք եղբայր են, Տարոն Սահակյանը միջնեկ եղբայրն է, ամուսնացած էր, մի տղա ունի»,- նշեց Ավագյանը։

Կողբի Ոսկեվան բնակավայրի վարչական ղեկավար Վոլոդյա Ղազինյանը նույնպես որոշ մանրամասներ պատմեց զոհված Տարոն Սահակյանից։ «Հայրենասեր, նպատակասլաց, հայ սպայի կերպարով տղա էր՝ իր բնավորությամբ։ 2006 թվականին ավարտել է Կողբի միջնակարգ դպրոցը, 2012 թվականից ծառայության էր անցել՝ որպես պայմանագրային զինծառայող, 2015 թվականին սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, դասընթացի մասնակցել ու ստացել լեյտենանտի կոչում»,-նշեց նա։

Ոսկեվանի ղեկավարն ասաց, որ Սահակյանը 2018 թվականից պահեստազոր է անցել, 44-օրյա պատերազմի ժամանակ ՄՈԲ-ով Տավուշի մարզի սահմաններն է պաշտպանել։ «2021 թվականից ավագ լեյտենանտի կոչումով նորից ծառայության է անցել զինված ուժերում՝ Ջերմուկի զորամասում», - եզրափակեց Վոլոդյա Ղազինյանը։

Մեր տեղեկություններով, Սահակյանի հուղարկավորությունը տեղի կունենա նոյեմբերի 20-ին։
Ավելի վաղ Կողբի բնակիչ Արսեն Աղաբաբյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմել էր, որ հայկական կողմը ադրբեջանական սադրանքի ժամանակ թշնամու զինծառայողներ է գերեվարել, ապա հրաման են ստացել ազատ արձակել։ «Թշնամուն գերի վերցրած Տարոնը նրանց ազատ է արձակել, ապա` ինքը գերեվարվել։ Մեզ հասած տվյալներով, մեր կողմը ադրբեջանցիներին գերի է վերցրել։ Հրաման են տվել ադրբեջանցի գերիներին հետ տանել, ու տղաները հետ են տարել՝ իրենք են գերի ընկել։ Մեր տվյալներով, Տարոնի աճյունը ահավոր խոշտանգված վիճակում է։ Չգիտեմ՝ որ մի ոչխարի հրամանով է, որ ադրբեջանցի գերիներին հետ են ուղարկել, ու այդ տղաները գերի ընկել։ Մեզ հասած տվյալներով, նրան դաժան ձևով են սպանել, անգամ ծեծելով։ Տեսել եմ լուսանկարն ու մինչև հիմա ուշքի չեմ գալիս»,- «Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ ասել էր Աղաբաբյանը։

Ավելի ուշ Սահակյանի եղբայրը՝ Ռոմանը, ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հերքել էր այն լուրերը, թե եղբայրը գերի է ընկել, իսկ մարմինն էլ խոշտանգված և անճանաչելի է:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ին ՌԴ հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի միջնորդությամբ, հատուկ չվերթով Բաքվից Երևան էր տեղափոխվել նոյեմբերի 16-ին Սյունիքի ուղղությամբ ադրբեջանական սադրանքի հետևանքով ծավալված մարտերում զոհված ավագ լեյտենանտ Տարոն Ջիվանի Սահակյանի մարմինը։ 

--00--ԿԿ