Քաղաքական կոռուպցիա՞. Սուրեն Պապիկյանը Մոսկվա է մեկնել Ռոման Տրոցենկոյի անձնական ինքնաթիռով

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

Պապիկյան

Սուրեն Պապիկյանը փոխվարչապետի պաշտոնում օգտվել է հայտնի գործարարի ծառայություններից՝ Մոսկվա մեկնելով նրա անձնական ինքնաթիռով։ Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն` մեկնաբանելով, որ խոսքը միլիարդատեր Ռոման Տրոցենկոյի մասին է, որը կոռուպցիոն կասկածահարույց պայմաններում ձեռք է բերել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 9-10-ին Մոսկվա է մեկնել Տրոցենկոյի ինքնաթիռով՝ չարթերային չվերթով, որտեղ ունեցել է տարբեր հանդիպումներ։

Կայքը տեղեկությունները ճշտելու, մեկնաբանություն ստանալու համար դիմել է ՀՀ Կառավարություն։ Փորձել են հասկանալ՝ որքա՞ն գումար է հատկացվել թռիչքի համար, թե դա նվիրատվություն է եղել, սակայն հայտնել են, որ տեղեկությունը կարող են հստակեցնել միայն պաշտոնական գրավոր հարցմամբ։

Հիշեցնենք, սեպտեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ «Արդյունաբերական ընկերություն»-ը դարձել է ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի սեփականատերը՝ դրանք արգելանքից հանելուց հետո հաշված ժամերի ընթացքում։ Իսկ նշված ընկերությունը պատկանում է «Գեոպրոմայնինգ Արմենիային», որի խոշոր բաժնետեր է ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոն, ու ձեռք բերված բաժնետոմսերի մի մասը շտապել է նվիրել կառավարությանը։

ՀՀ գործադիր մարմինը գաղտնի է պահում պայմանագրի պայմանները, սակայն պաշտոնյաները շարունակում են օգտվել միլիարդատիրոջ ծառայություններից։

--00--ԱԹ