Երևանում պարեկները մեկ ամսվա ընթացքում 315 հետիոտնի են տուգանել

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15,  24 News

․

Պարեկային ծառայության Երևանի գնդի աշխատակիցները հոկտեմբերի 13-ից նոյեմբերի 12-ը կազմել են հետիոտնի կողմից երթևեկելի մասերի հատման կանոնների խախտման 315 արձանագրություն։Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։

«Պարեկային ծառայության Երևանի գնդի աշխատակիցները շարունակում են շուրջօրյա ծառայությունը մայրաքաղաքում. հիմնական նպատակներն են ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումն ու հասարակական կարգի պահպանությունը։

Հանրությանը պարբերաբար տեղեկացվում է վարորդների կողմից թույլ տրված իրավախախտումների վերաբերյալ վիճակագրություն։ Բայց երթևեկության մասնակիցներ են ոչ միայն վարորդները, այլև հետիոտները։ Երթևեկության ընթացքում հետիոտները նույնպես պետք է պահպանեն կանոնները։ Փողոցը պետք է անցնել հետիոտնային անցումներով, գետնանցումներով ու վերգետնյա անցումներով։ Այս ուղղությամբ նույնպես պարեկներն իրականացնում են համապատասխան ծառայություն։ Փողոցը չթույլատրված վայրով անցնողները զգուշացվում են, որոշ դեպքերում՝ տուգանվում»,- ասվու  է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ միայն մեկ ամսում, հոկտեմբերի 13-ից նոյեմբերի 12-ը, Երևանում կազմվել է հետիոտնի կողմից երթևեկելի մասերի հատման կանոնների խախտման 315 արձանագրություն։

Ոստիկանությունը երթևեկության մասնակիցներին՝ վարորդներին, ուղևորներին ու հետիոտներին հորդորում է, անվտանգությունից ելնելով, պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։

--00--ԱՀ