Ադրբեջանցիները Ճակատենում եթե անցակետ դնեն, Կապանն ու 4-5 գյուղ անանցանելի կդառնան

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 13,  24 News  

կոլաժ

Ժամը 19:00-ի մոտ գնացել եմ գյուղ, եկել եմ, գնալիս տեսա մոտ 4-5 հոգի աշխատում էին, բահերով ինչ-որ բաներ էին անում։ Չէի կարող կանգնել ու նայել՝ ինչ են անում, իսկ հետ գալիս տեսա կռունկ, բեռնատար մեքենաներ, 15-20 ադրբեջանցի զինվորականներ՝ ոմանք բահերով, ոմանք՝ զենքերով, աշխատանքներ էին անում, չէի կարող կանգնել ու նկարել։ Ռուս սահմանապահներ էլ կային կանգնած։ 

24News-ի հետ զրուցում ասաց Կապան համայնքի Ճակատեն բնակավայրի ղեկավար Արա Հարությունյանը՝ անդրադառնալով Կապան-Ճակատեն ճանապարհին տեղի ունեցողին։

«Քիչ առաջ վիդեո տեսա, արդեն ռուս սահմանապահներ չկային, Ադրբեջանից զինվորներ՝ մասկեքով, տնակ էլ կար, բայց էդ տնակը տեղադրելու իմա՞ստը, ի՞նչ է լինելու առավոտ, ես այդ հարցին չեմ կարող պատասխանել։ Առավոտ, ինձ թվում է, պարզ կլինի», - ասաց Ճակատենի գյուղապետը։ 

Ըստ նրա՝ Կապան քաղաքը, Ճակատենը և 4-5 գյուղ կարող են անանցանելի դառնալ։ «Եթե անցակետ դրվեց, չգիտեմ՝ ո՞նց ենք անցնելու։ Չգիտեմ՝ անցակետ կդնեն, թե ոչ, բայց դրան է տանում, տնակ ինչո՞ւ են դնում։ Այս պահին այլընտրանքային ճանապարհ չունենք, ընթացքի մեջ է, տեխնիկան բերել են, որ աշխատեն», - հավելեց նա։

Ըստ Հարությունյանի՝ Տաթևից այլընտրանքային ճանապարհ չի կարող լինել, իսկ հնարավոր այլընտրանքային ճանապարհը պետք է լինի Ճակատենի մեկ այլ մասով, սակայն նույնիսկ գրունտային ճանապարհ դեռ չկա դեպի Կապան, «զրոյից» պետք է այն կառուցվի։ «Բայց ե՞րբ կլինի ճանապարհը։ Համակարգչով չես սարքում ճանապարհը, տեխնիկա պետք է աշխատի, չգիտենք՝ երբ կլինի։ Գիտեմ, որ մարդիկ են եկել, Սուրեն Պապիկյանն է եկել, տեխնիկայի մի մասը բերել են, բայց դեռ եղանակային պայմանները խանգարում են։ Դեռ լրիվ թափով չեն սկսել, բայց որ սկսեն, ե՞րբ կվերջացնեն։ Առավոտ կարող է՝ զարթնես, փակ լինի ճանապարհը։ Առավոտ 7 անց կես պարզ կլինի։ Բայց ճանապարհը բաց էր, ես 2 անգամ գնացել-եկել եմ։ Այնպես էլ չէ, որ առաջվա նման 1 հոգի է կանգնած ճանապարհին, գնալուց 4-5 հոգի էին, գալուց՝ 20-ից ավելի։ Դա է ինձ անհանգստացնում, իրենք [ադրբեջանցիները] շատ հանգիստ են», - ասաց Ճակատենի ղեկավարը։

--00—ՄՀ