ՀՀ կառավարությունն ավելացրել է գիտության ոլորտի ֆինանսավորումը 85 տոկոսով, ինչը դեռ բավրար չէ

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11,  24 News

Դումանյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այց են կատարել Լոռու մարզ:

Այցի շրջանակում ոլորտի պատասխանատուները եղել են Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջում, որը հիմնանորոգվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով: Նրանք շրջել են շինհրապարակում և ծանոթացել աշխատանքների ընթացքին: Հաջորդ տարի ՀՀ պետբյուջեի միջոցներով քոլեջին կտրամադրվեն գույք և սարքավորումներ, որպեսզի ուսումնական հաստատությունը 2022-2023 ուստարում իր դռները բացի ուսանողների առջև: Նշենք, որ 2016 թվականի դեկտեմբերին ՀՀ և Եվրոպական միության միջև ստորագրվել է ԵՄ բյուջետային աջակցության «Որակավորումների բարելավում ավելի լավ աշխատատեղերի համար» ֆինանսավորման համաձայնագիրը, որով սահմանված նախապայմանների շրջանակում նախատեսվել են ընտրված գյուղատնտեսական ՄԿՈՒ ուսհաստատությունների վերանորոգում և վերակառուցում, համապատասխան գույքով և սարքավորումներով համալրում, անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովում։ Ընտրված գյուղատնտեսական ՄԿՈՒ ուսումնական հաստատությունների ցանկում ներառվել է նաև Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջը։

Նախարարի այցի հաջորդ կանգառը Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանն էր: Վահրամ Դումանյանը փոխնախարար Ժաննա Անդրեասյանի և բուհի ռեկտոր Ռուստամ Սահակյանի ուղեկցությամբ շրջել է բուհում և ծանոթացել ուսհաստատության ենթակառուցվածքներին, եղել համալսարանի գրադարանում և ծանոթացել այնտեղ պահվող հնատիպ գրքերին: Նրանք շրջել են բնական գիտությունների ֆակուլտետում, կենսաբանաէկոլոգիական հետազոտությունների և բնագիտական կոմպլեքս լաբորատորիայում, եղել են բուհի երկու լսարաններում, որոնք անհրաժեշտ պարագաներով համալրվել են Էրազմուս+ ծրագրի ARMDOCT նախագծի շրջանակում:

Այնուհետև ԿԳՄՍ նախարարը հանդիպել է համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Բուհի ռեկտոր Ռուստամ Սահակյանը ներկայացրել է համալսարանի ընթացիկ գործունեությունը՝ ընդգծելով, որ ներկայում բուհում գիտության զարգացման և միջազգային ծրագրերի ուղղությամբ իրականացվում են մի շարք կարևոր գործընթացներ:

Վահրամ Դումանյանը, ողջունելով ներկաներին, ներկայացրել է բարձրագույն կրթության և գիտության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը։ Նա ընդգծել է, որ ոլորտում մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով առկա են բազում խնդիրներ: Օբյեկտիվ պատճառը, ըստ նախարարի, պայմանավորված է սահմանափակ պետական ֆինանսավորմամբ, որին լուծումներ են տրվում զարգացման տարբեր ծրագրերի միջոցով:

«Օրինակ՝ ՀՀ կառավարությունն ավելացրել է գիտության ոլորտի ֆինանսավորումը 85 տոկոսով, որը ևս բավարար չէ: Սակայն ավելացումը կատարվել է կոնկրետ ծրագրերի մասով և այն պայմանով, որ դրանք չափելի արդյունք կապահովեն: Ոլորտում առկա սուբյեկտիվ պատճառը մի շարք բուհերում ստեղծված որոշակի անառողջ մթնոլորտն է: Իմ գերխնդիրն է այդ բուհերում ապահովել բուհին հատուկ ակադեմիական միջավայր և փոխադարձ վստահության մթնոլորտ, որպեսզի դրանք կրկին մտնեն իրենց գործունեության բնականոն հուն»,- փաստել է նախարարը:

Նա տեղեկացրել է, որ ներկայում շրջանառվում է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի խմբագրված տարբերակը համապատասխանեցվել է ՍԴ որոշման պահանջներին: Վահրամ Դումանյանը նշել է, որ օրենքի ընդունումից հետո դրա կիրարկման համար անհրաժեշտ է համախմբել ոլորտի բոլոր ներկայացուցիչների ջանքերը, քանի որ նախատեսվում է բավականին մեծ ծավալի աշխատանք: Մասնավորապես, նախատեսվում է ասպիրանտուրայի, գիտական աստիճանաշնորհման և կրթական ծրագրերին առնչվող փոփոխությունների փաթեթ, որն օրենքի ընդունումից հետո կմտնի գործնական փուլ՝ նոր կարգեր, ենթաօրենսդրական կարգեր և այլն։

Վահրամ Դումանյանն անդրադարձել է պետական և ոչ պետական բուհերին, դրանց մասնաճյուղերի քանակին և իրավակազմակերպական ձևին, ինչպես նաև բուհերում որակյալ կադրերի անհրաժեշտությանն առնչվող խնդիրներին: Նա քննարկել է պրոֆեսորադասախոսական կազմի և գիտաշխատողների վարձատրության, ուսման վարձավճարների, ուսանողական վարկերի հետ կապված հարցեր։

Նախարարի ելույթից հետո ներկաները մի շարք հարցեր են ուղղել նրան: Դրանք վերաբերել են բուհի ամբիոնների, հոգաբարձուների և գիտական խորհուրդների գործունեությանը, մարզադաշտերի առկայությանը, կրթական ծրագրերի ստանդարտների բացակայությանը, դասախոսներին սոցփաթեթի տրամադրման հնարավորությանը:

«Մենք՝ յուրաքանչյուրս, մեր տեղում պետք է մեր գործունեության և նվաճումների մասին հաշվետվություն ներկայացնենք մեր հանրությանը, քանի որ այն մեզանից ակնկալում է որակյալ կրթություն: Մենք դասախոսի և գիտնականի աշխատանքը գրավիչ պետք է դարձնենք երիտասարդների համար, այդ թվում՝ նրանց տրամադրելով սոցիալական երաշխիքներ»,- ամփոփել է նախարարը՝ ներկաների ուշադրությունը մեկ անգամ ևս հրավիրելով բուհերում ակադեմիական միջավայրի պահպանման և մասնագիտական դաշտում առողջ քննարկումների անցկացման կարևորության վրա:

--00—ՄՀ