ՌԴ-ն պետք է կանգնեցնի Թուրքիային Կովկասում ու վերանայի Երևանի և Բաքվի հետ կապերը. «Կարնեգի»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 10, 24News

Քաղաքական
Արցախում տեղի ունեցած երկրորդ պատերազմի տարելիցի առթիվ ռուսաստանյան Ռազմավարական վերլուծության և տեխնոլոգիաների կենտրոնի մի խումբ վերլուծաբաններ հրատարակել են «Փոթորիկ Կովկասում» գիրքը, որի համար նախաբան է գրել «Կարնեգի» համաշխարհային վերլուծական կենտրոնի մոսկովյան մասնաճյուղի ղեկավար Դմիտրի Տրենինը։ 24News-ը ներկայացնում է հայերեն թարգմանությունը որոշակի կրճատումներով։

Ղարաբաղյան երկրորդ պատերազմը, որ բռնկվեց 2020 թ-ի աշնանը՝ շրջադարձային էր ոչ միայն մասնակից Հայաստանի և Ադրբեջանի համար։ Այն փոխեց քաղաքական ու ռազմական հավասարակշռությունը տարածաշրջանում՝ նպաստելով Թուրքիայի՝ իբրև տարածաշրջանային հզոր պետության բարձրացմանը, ցույց տալով Ռուսաստանի՝ Անդրկովկասում ունեցած ազդեցության իրատեսական չափն ու ԱՄՆ-ի և Եվրամիության երկրների իրական հետաքրքրվածության աստիճանը հետխորհրդային տարածքի այս հատվածում։ Ադրբեջանի՝ օդում ԱԹՍ-ների միջոցով գերակայության հասնելն ու նորարար ռազմամթերքի օգտագործումը դարձավ ոչ միայն այս պատերազմի ելքը որոշող կարևորագույն գործոնը, այլ նաև վերածվեց այս չափի ռազմական կոնֆլիկտների ռազմարվեստի մաս։ 

Ռազմավարական առումով Լեռնային Ղարաբաղում բռնկված պատերազմն անսպասելի չէր իրադարձությունների զարգացմանն ուշադիր հետևող վերլուծաբանների համար։ Դեռ մի քանի տարի առաջ  Ռազմավարական վերլուծության և տեխնոլոգիաների կենտրոնը հրապարակել էր գիրք՝ «Հարավային Կովկաս. փոթորիկին սպասելիս» անվանումով։ Եթե հաշվի առնենք, թե  26 տարվա սառեցումից հետո  որքան արագ ու ուժգին բռնկվեց հայ-ադրբեջանական հակամարտությունը, Լեռնային Ղարաբաղում տիրող այսօրվա իրավիճակը չի կարելի կայուն անվանել։ Եվ եթե այսպես է, պետք է ոչ միայն դասեր քաղել անցած պատերազմից, այլև հետևել դեպքերի զարգացմանը։ 

Նախ, պետք է ընդունել այն փաստը, որ ռազմական կոնֆլիկտի արդյունքները շոկի ենթարկեցին պարտված կողմին (Հայաստան, Արցախ - խմբ.), պատճառելով նրանց խոր վերք, բայց ամբողջությամբ չբավարարեցին հաղթողներին (Ադրբեջան - խմբ.)։ Եթե մոտակա հեռանկարում հայկական կողմի ռևանշի հասնելու հնարավորությունը չի դիտարկվում, ապա Ադրբեջանը փորձելու է հասնել ԼՂ տարածքի նկատմամբ ամբողջական և վերջնական տիրապետության հաստատմանը։ Որոշ միջազգային վերլուծաբաններ շտապեցին անվանել հրադադարի ռեժիմի հաստատումն ու ԼՂ տարածքում ռուսական խաղաղապահների տեղակայումը Մոսկվայի հաղթանակ, որի զորքերն այս պահին գտնվում են երեք հանրապետությունների միջազգային ճանաչված տարածքներում՝ Հայաստան (Գյումրիի ռազմաբազա), Ադրբեջան (խաղաղապահներ Լեռնային Ղարաբաղում) և Վրաստան( ՌԴ խաղաղապահների տեղակայում Աբխազիայում և Հարավային Օսեթիայում, որոնց անկախությունը ճանաչել է միայն Մոսկվան և մի քանի այլ երկրներ)։  

Այսպիսի վերլուծությունը ոչ միայն մակերեսային է, այլ նաև հիմնային սխալ։ Մի կողմ թողնելով ռուսական բազաների առկայությունը Հայաստանում, Աբխազիայում և Հարավային Օսեթիայում, պետք է նշել Ղարաբաղում խաղաղապահների առկայության պայմանական լինելը։ 2020 թ-ի նոյեմբերին համաձայնեցրած հնգամյա մանդատը, այսինքն ՌԴ պրոտեկտորատի տակ Ղարաբաղի հայերի ժամանակավոր կարգավիճակը, հնարավոր է երկարացնել, բայց այն, եթե անգամ տեղի ունենա, չի լինի հեշտ, իսկ առավել ևս՝ մեխանիկական։ Իր դաշնակից Անկարայի հետ Բաքուն արդեն փորձում է ճնշել Մոսկվային, որպեսզի հասնի տարածաշրջանի ամբողջական վերահսկողությանը։ 

Այսպիսով, տարածաշրջանում այսօրվա ստատուս-քվոն ամենասկզբից կայուն չէ։ Այս տեսանկյունից, ռուսական մոտեցումը՝ դաշնակից Հայաստանի և գործընկեր Ադրբեջանի միջև հավասարակշռության հաստատումը՝ պահպանելով մրցավարի դերը և վերահսկելով հակամարտության գոտում իրավիճակը, իրատեսական չէ։ Մոսկվայի միջնորդությամբ 1994 թ-ին հաստատված խաղաղությունը, որը պահպանվեց քառորդ դար, վերջնարդյունքում չկանխեց նոր պատերազմի բռնկումը։ ԼՂ փլատակների վրա նմանատիպ ինչ-որ բան կառուցումն անիմաստ է։ 

Դեռևս ռուսաստանյան ղեկավարությունը հարաբերականորեն հաջողությամբ կարողանում է մանևրել մարտավարական առումով։ Մոսկվան, պահպանելով հակառակորդ երկրների միջև հավասարակշռությունը, Հայաստանին պահպանել է իբրև դաշնակից, իսկ Ադրբեջանին՝ գործընկեր։ ՌԴ-ն ընդունել է Հարավային Կովկասում թուրքական ներկայության փաստը, ինչ-որ չափով պահպանել է իր դեմքը՝ իբրև Երևանի և Բաքվի միջև միակ միջնորդ, ինչպես նաև նշել է իր պատրաստակամությունն աշխատել ՀՀ ցանկացած ղեկավարության հետ, որը լոյալ կլինի ռուսական շահերի նկատմամբ։ Դրա հետ մեկտեղ, Ռուսաստանը հաջող կերպով խուսափում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը քննարկելուց։ Բոլոր այս մանևրները լավ են, բայց դրանք կամ օգտագործվել են արդեն տեղի ունեցած պատերազմի ժամանակ, կամ կարող են դիտարկվել իբրև ժամանակ շահելու հնարավորություն։ Վերջին առումով, պետք է անել ամեն ինչ, որպեսզի շահած ժամանակը բաց չթողնվի։ 

Ստեղծված իրավիճակում Ռուսաստանը պետք է նոր հայացք նետի Հարավային Կովկասի ուղղությամբ ընդհանրապես, իսկ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի վրա՝ մասնավորապես։ Անհրաժեշտ է սեփական ազգային շահերի պաշտպանության և առաջխաղացման համար նոր ռազմավարություն ընտրել։ 

Ռուսաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների ջանքերը ԼՂ հարցով հանգեցնում են միանշանակ հետևության։ Հակամարտության վերջնական հանգուցալուծումը չի կարող տեղի ունենալ միայն դիվանագիտական ջանքերով ու միջկառավարական մակարդակով։ Անհրաժեշտ է երկու երկրների էլիտաների և հասարակությունների իրական շարժ դեպի հաշտություն, որը երևացող ապագայում ուղղակի հնարավոր չէ։ Խնդրի ռազմական լուծում գոյություն ունի, բայց այն ենթադրում է ուղիղ բախում ռուսական խաղաղապահների հետ։  Սա լուրջ խոչընդոտ է, բայց պետք չէ մտածել, որ այն բացարձակապես անընդունելի է այն կողմի համար, որն արտաքին ռազմական աջակցությամբ կարող է փորձել լուծել խնդիրն իր օգտին։ Ռուսական խաղադրույքներն, այսպիսով, լրջորեն մեծացել են, եթե համեմատենք ղարաբաղյան  առաջին ու երկրորդ պատերազմների հետ։ Ռուսական զորքերն արդեն կանգնած են ադրբեջանցիների ու հայերի միջև, հետ քաշվել չի ստացվի, քանի որ դա հղի կլինի Մոսկվայի համար հեղինակության ահռելի կորստի վտանգով։ 

Ռուսաստանի ռազմավարական նպատակն առաջիկա հինգ տարիների համար պետք է լինի ոչ թե Ղարաբաղում ամուր խաղաղության հաստատումը, հիմնված կողմերի համար ընդունելի պայմանագրի վրա, որը դժվար թե գոյություն ունի, այլ նոր՝ երրորդ պատերազմի բացառումը։ Այդպիսի պատերազմը Ռուսաստանի համար շատ ավելի անբարենպաստ հետևանքներ կունենա, քան  2020-ի հակամարտությունը։ Այս նպատակին հասնել հնարավոր է, եթե հենվենք արդեն նախանշված քաղաքական գծի վրա՝ վերականգնել հակամարտող կողմերի միջև տնտեսական համագործակցությունը, ինչպես նաև զարգացնել լոգիստիկ կապերը հյուսիսից հարավ՝ ընդգրկելով Հայաստանը, Ադրբեջանը, ինչպես նաև Թուրքիան ու Իրանը։ Նպատակն այստեղ ոչ միայն Հարավային Կովկասի փոխկապակցվածության աշխատանքների մեջ ընդգրկելն է, այլև թույլ չտալը, որպեսզի այս երկրները ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա։ 

Այս տրամաբանության մեջ պետք է վերանայել ու վերագործարկել Ռուսաստանի հարաբերությունները Հայաստանի հետ։ ՌԴ քաղաքականության նպատակը պետք է լինի պահպանել ռազմավարական ու գործընկերային հարաբերությունները՝ պահպանելով կողմերի գործնական շահերը։ Մոսկվան ցույց է տալիս, որ չի պատրաստվում խառնել Երևանի ներքաղաքական գործերին, այս սկզբունքը պետք է պահել նաև հետագայում։ Հայերի արտաքին քաղաքական ու տնտեսական կողմնորոշումն իրենց գործն է, բայց Մոսկվան պետք է հստակ հասկացնի Երևանին, որ այս ուղղությամբ ցանկացած որոշում կունենա կոնկրետ հետևանքներ Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա։ Հայաստանի անդամակցումը ԵԱՏՄ-ին պետք է ձեռնտու լինի երկու կողմերին, գործընկերների պարտականությունները անվտանգային ու պաշտպանական համակարգերում պետք է ոչ միայն հստակ ամրագրել գրավոր կերպով, այլև հրապարակային հայտարարել։ 

Ադրբեջանի հետ հարաբերությունները, ում կապերը Թուրքիայի հետ ձեռք են բերում սկզբունքորեն ավելի ամուր բնույթ, նույնպես վերաարժևորման կարիք ունեն։ Մոսկվայի նպատակն է պահպանել բարեկամական, տնտեսական, մշակութային ու գիտական հարաբերությունները Բաքվի հետ այնպես, որպեսզի Ադրբեջանը չդառնա Թուրքիայի արբանյակը։ Նպատակահարմար է, սակայն, Բաքվին հասկացնել, թե ինչքան կարևոր են նրա համար Մոսկվայի հետ բարիդրացիական հարաբերությունները։ Այս իրավիճակում Ադրբեջանի արտաքին բազմավեկտոր քաղաքականությունը, Թուրքիայի և Ռուսաստանի միջև հավասարակշռության պահպանումը, լավագույնն է, որ հնարավոր է։ 

Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո ռուսաստանյան ռազմավարությունը պետք է հաշվի առնի ՆԱՏՕ-ի անդամ ու հավակնոտ տարածաշրջանային հզոր պետություն Թուրքիայի քաղաքական ու ռազմական ներկայությունն Անդրկովկասում։ Անկարան վճռական դեր խաղաց Ադրբեջանի ռազմական հաջողության մեջ Ղարաբաղում։ Մոսկվան արդեն խոստովանել է այդ ներկայության փաստը՝ հղում անելով Աղդամում գործող մոնիթորինգային համատեղ կենտրոնին։ Դրա հետ մեկտեղ, Կովկասում Թուրքիայի հետագա ռազմական ու քաղաքական էքսպանսիան բացասական հետևանքներ կունենա Ռուսաստանի անվտանգության համար։ Թուրքիային պետք է կանգնեցնել, ըստ անհրաժեշտության ցույց տալով նրա խոցելիությունն այլ տարածաշրջաններում։ 

Ռուս-թուրքական հարաբերությունները, ընդգրկելով մրցակցության և համագործակցության տարրեր, դառնում են էլ ավելի հակամարտող, եթե հաշվի առնենք, որ Անկարայի ազդեցություն ու հավակնությունները սկսում են տարածվել ոչ միայն այն երկրների վրա, որոնք ընդգրկված են եղել Օսմանյան կայսրությունում, բայց Միջին Ասիան, Հյուսիսային Կովկասը, Ղրիմը, Աբխազիան և այլ տարածաշրջաններ։ Ղարաբաղյան հակամարտությունում Թուրքիայի մասնակցության հաջողությունը մեծապես մեծացրել է այդ ազդեցության համար պարարտ հողը։ Թուրքիայի ջանքերը՝ Ադրբեջանի և Թուրքմենստանի հետ դաշինք կազմելու առումով, արդեն այսօր նոր իրավիճակ են ստեղծում Կասպիական տարածաշրջանում։ Թուրքիայի հետ ուղիղ բախումը ՌԴ-ն շահերին հակասում է, բայց և նահանջն էլ՝ անընդունելի։ Թուրքական ուղղությունը կարիք ունի հատուկ ռազմավարության, որտեղ համագործակցությունն ու հակամարտելը պետք է փոխկապակցված լինեն։

--0--ԿԿ