Թող հանդիպեն, խոսեն, բայց Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, կարմիր գիծ է. Դավիթ Բաբայան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

Քաղաքական

Նոյեմբերի 8-9-ին, ըստ ռուսական մամուլի հրապարակումների, հնարավոր է, որ Մոսկվայում տեղի ունենա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ հերթական եռակողմ հանդիպումը, որտեղ քննարկվեն սահմանների դեմարկացիայի, դելիմիտացիայի և տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերը։

Դեմարկացիայի, դելիմիտացիայի հարցն ուղիղ առնչվում է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ապագային։

Թեմայի շուրջ 24News-ը զրուցել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի հետ։

- Պարոն Բաբայան, Արցախի խնդրի հետ կապված ի՞նչ քննարկումներ կան։ Ռուսական լրատվամիջոցները գրել էին, որ նոյեմբեր 8-9-ին հնարավոր է եռակողմ հանդիպում՝ Պուտին-Ալիև-Փաշինյան։ Հանդիպմանը գուցե անդրադարձ կատարվի սահմանների դեմարկացիայի, դելիմիտացիայի հարցերին։ Արցախի հետ կապված ի՞նչ նոր բան կան։

- Գիտե՞ք, Արցախի հետ կապված նոր բան մեզ համար չկա։ Մենք եղել ենք, կանք ու կլինենք մեր հողում։ Եվ մեր դիրքորոշումը չի փոխվել՝ մենք Ադրբեջանի կազմում լինելու որևէ տարբերակի դեմ ենք, մեզ համար դա անընդունելի է։ Սա այն կարմիր գիծն է, որը մենք միշտ բարձրաձայնել ենք և այսուհետ ևս դրա մասին խոսելու ենք։ Մենք երբևիցե չենք լինելու Ադրբեջանի կազմում։ Սա, կարծում եմ, բոլորի համար պետք է պարզ լինի։

- Նոյեմբերի հանդիպման հետ կապված ի՞նչ նորություններ ունեք, հայկական իշխանությունները ինչ-որ քննարկումներ ունեցե՞լ են այդ հնարավոր հանդիպման վերաբերյալ Ձեզ հետ։

- Գիտե՞ք, հանդիպումը․․․ Մենք ցանկացած հանդիպում կարևորում ենք՝ իհարկե այդ հանդիպումները դիտարկելով որպես կայունության և խաղաղության պահպանման մի գրավական, այսպես ասեմ։ Բայց մեր դիրքորոշումը, ևս մեկ անգամ ուզում եմ շեշտել, չի փոխվել՝ մեզ համար անընդունելի է ցանկացած կարգավիճակ Ադրբեջանի կազմում։ Մնացածը, թող հանդիպեն, խոսեն, հարցեր քննարկեն։

- Իսկ ռուսական կողմից ի՞նչ ազդակներ եք ստացել այս ընթացքում Արցախի հետ կապված։

- Ռուսական կողմը մեծ առաքելություն է իրականացնում իր խաղաղապահների միջոցով՝ տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման ուղղությամբ։ Սա ամենամեծ առաքելությունն է, որ նա իրականացնում է։ Չլինի ռուս խաղապահ առաքելությունը, չի լինի Արցախը։ Ճիշտ է, չլինի Արցախը, շատ, այսպես, անկախատեսելի իրավիճակ է ստեղծվելու մի հսկայական տարածաշրջանում՝ Անդրկովկաս, Հյուսիսային Կովկաս, Սիբիր, Կենտրոնական Ասիա, Մերձավոր Արևելք, Սինծյան և այլն։ Մենք սա էլ ենք հասկանում։ Բայց այս պահի դրությամբ մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունը։

- Բայդենը երբ որ հանդիպել էր Էրդողանին, ըստ Սպիտակ տան հաղորդագրության՝ հանդիպմանը նաև անդրադարձ էր կատարվել «Հարավային Կովկասում դիվանագիտական ջանքերին»։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ է նշանակում, երբ Բայդենն Էրդողանի հետ Հարավային Կովկասն է քննարկում։

- Դա պատահական չէ, որովհետև և՛ ԱՄՆ-ի համար, և՛ Թուրքիայի համար Անդրկովկասը կարևորագույն տարածաշրջաններից մեկն է։ Առավելևս Թուրքիայի համար, որտեղ այդ տարածաշրջանն իր ծավալապաշտական քաղաքականության կիզակետում է գտնվում։ Իսկ այն, որ իրենք քննարկում են, պատահականություն չէ։ Իհարկե մենք պետք է շատ սառնասրտորեն մոտենանք այդ ամենին։ Այս տարածաշրջանի ճակատագիրը և աշխարհաքաղաքական լանդշաֆտը մեծապես կախված է նաև մեզանից։

- Վերջերս «Վալդայ» քննարկման ակումբի հանդիպմանն անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին՝ Վլադիմիր Պուտինն ասել էր, որ կողմերը պետք է քննարկեն, փոխզիջումներ լինեն։ Նշել էր, որ ռուսական զինված ուժերի գլխավոր շտաբում քարտեզներ կան։ Նաև խոսել էր անհրաժեշտության դեպքում Մինսկի խմբի ներգրավվման մասին։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս ամենը, ի՞նչ էր ուզում Վլադիմիր Պուտինն ասել այդ ամենով։

- Ճիշտ չէ, որ ես մեկնաբանեմ Վլադիմիր Պուտինի ասածները, Դուք կարող եք համապատասխան մարմիններից դա ճշտել։ Մենք տեսնում ենք Ռուսաստանի շահագրգռվածությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման և պահպանման մեջ։ Եվ սա ամենակարևոր խնդիրներից մեկն է։ Եթե բոլորը շահագրգռված լինեն և ավելի ճիշտ պատկերացնեն բոլոր խաղացողների իրավիճակը, սա միմիայն օգուտ կբերի մեր տարածաշրջանին, այստեղ խաղաղության, կայունության, կանխատեսելիության ամրապնդմանը։

- Իսկ ամերիկյան ու ֆրանսիական կողմերից ի՞նչ ազդակցներ եք ստանում՝ որպես Մինսկի խմբի մյուս երկու համանախագահներից։

- Մենք տեսնում ենք, որ նրանք էլ են ուզում, որ Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափը վերականգնի իր աշխատանքը։ Եվ տեսնենք։ Մենք սպասում ենք, իմիջիայլոց ասեմ Ձեզ, ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների այցելությանը տարածաշրջան, կարևորում ենք այդ այցելությունը։ Հիմա պարզապես պետք է տեսնենք՝ երբ է լինում, և այդ հանդիպումների ընթացքում նաև շատ բան ավելի պարզ կլինի։

- Իսկ մոտավորապես կարո՞ղ եք նշել, թե երբ կլինի այդպիսի այցելությունը։

- Ամսաթիվ չէ, բայց մոտակա ժամանակահատվածում պետք է որ լինի․ կա՛մ մինչև տարեվերջ, կա՛մ հաջորդ տարվա սկզբին։

- Վերջերս կրկին անդրադարձ եղավ 3+3 ձևաչափին, որտեղ պետք է ներգրավված լինեն Իրանը, Թուրքիան, Ռուսաստանը, Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը։ Նախադրյալներ տեսնո՞ւմ եք այս ձևաչափի ձևավորման համար և ի՞նչ վերաբերմունք ունեք։

- Դեռևս անցած տարվա նոյեմբեր ամսին՝ պատերազմից հետո, անձամբ ես մի քանի անգամ ասել եմ, որ նման ձևաչափեր լինելու են, չի բացառվում։ Բայց նման ձևաչափերի ձևավորումն ինչ-որ տեղ օբյեկտիվ բնույթ են կրում։ Բայց պետք է տարանջատենք ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, որով պաշոնապես զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունը, չէ՞, տարածաշրջանում աշխարհաքաղաքական երկխոսության և հավասարակշռվածության պահպանման տեսանկյունից։ Երկրորդ հարթությունում, այսինքն՝ անդրկովկասյան աշխարհաքաղաքական հարթությունում, փոխհարաբերությունների, հավասարակշռվածության պահպանման համար կարող են ստեղծվել, և ըստ երևույթին ստեղծվելու են հարթակներ։ Դրանցից մեկը՝ Ռուսաստան, Թուրքիա, Իրան, գումարած տարածաշրջանային պետությունները, միգուցե այստեղ այլ պետություններ ևս մասնակցեն։ Բայց սա զուգահեռ, այսպես ասած։ Ոչ թե այս հարթակը զբաղվելու է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ, այլ ավելի շուտ գործ է ունենալու տարածաշրջանում այդ աշխարահաքաղաքական հավասարակշռվածության, փոխհարաբերությունների, հարաբերությունների մշակման և պահպանման գործընթացներով։  

--00--ԿԿ