Կեսարիայի հունական Ագիոս Պրոկոպիոս պատմական եկեղեցին՝ գանձախույզների թիրախում

ԵՐԵՎԱՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28,  24 News

կեսարիա

Թուրքիայի Կեսարիա նահանգում գտնվող և 164 տարվա պատմություն ունեցող հունական եկեղեցին գանձախույզների կողմից անխնա ավերվում է։ Կեսարիայի Մելիքգազի շրջանի Աղըրնաս թաղամասում գտնվող Ագիոս Պրոկոպիոս եկեղեցին կառուցվել է 1857 թվականին։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Պատմական այս կառույցը տերերի հեռանալուց հետո տարբեր ժամանակներում տարբեր այլ նպատակներով է օգտագործվել։ Իսկ վերջին շրջանում արդեն կիսավեր վիճակում հայտնված եկեղեցին երեխաների խաղատեղի է դարձել։ Պատմական կառույցի պատերին նախկինում եղած սրբապատկերները լիովին ջնջվել են, եկեղեցու պատերի ներքին մակերեսները ամբողջությամբ քերվել են դանակով կամ այլ սուր գործիքներով։ Ավելի ուշ տեղական իշխանությունները փակել են եկեղեցու մուտքերը՝ իրենց համոզմամբ այդ կերպ ինչ-որ չափով կանխելով կառույցի հետագա ավերումը։

Բայց այսօր էլ Ագիոս Պրոկոպիոս եկեղեցին շարունակում է ավերվել գանձ որոնողների անպատասխանատու գործողությունների հետևանքով։ Մշակույթի ոլորտի տեղական պատասխանատուներից Ահմեթ Բեքթաշը եկեղեցու պատմությունը ներկայացնում է այստեղ եկող տեղացի ու արտասահմանցի զբոսաշրջիկներին։ Նա հույս ունի, որ եկեղեցին կվերանորոգվի ու ավելի գրավիչ կդառնա զբոսաշրջիկների համար։

  --00—ՄՀ