ԶՄՊԿ բաժնետոմսերը Տրոցենկոն ձեռք է բերել արգելանքը վերացնելու միջնորդությունից ժամեր անց

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

Հասարակական

Ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոյին պատկանող «Գեոպրոմայնինգ» ՍՊԸ-ն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 60 տոկոսը ձեռք է բերել՝ ընդհանուր բաժնետոմսերի 75%-ի վրա դրված արգելանքը վերացնելու մասին դատարանի որոշումից անմիջապես հետո՝ ժամեր անց։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ԶՊՄԿ բաժնետոմսերի 12.5 տոկոսի սեփականատեր Ռուսաստանի առողջապահության ու սոցիալական զարգացման հարցերի նախկին նախարար Միխայիլ Զուրաբովը հայցադիմում էր ներկայացրել դատարան՝ ԶՊՄԿ բաժնետոմսերը ձեռքբերելու նախապատվությունն իրեն տալու մասին։

Օգոստոսի 2-ին ներկայացված հայցադիմումը դատարանը ոչ միայն վարույթ է ընդունել, այլ նաեւ կիրառել հայցի ապահովման միջոց՝ արգելանքի տակ դնելով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ընդհանուր բաժնետոմսերի 75%-ի վրա։

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը սեպտեմբերի 30-ին որոշում էր կայացրել՝ հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին, ինչից հետո ժամեր անց բաժնետոմսերը գնել է ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոյին պատկանող «Գեոպրոմայնինգ» ՍՊԸ դուստր ընկերությունը՝ «Արդյունաբերական ընկերություն» ԲԸ-ն։ Գործարքից անմիջապես հետո գնված բաժնետոմսերի 15 %-ը Տրոցենկոն նվիրաբերել է ՀՀ կառավարությանը։

Միխայիլ Զուրաբովի ղեկավարած «Զանգեզուր Մայնինգ» ՍՊԸ ներկայացուցիչ Արամ Օրբելյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ բաժնետոմսերը արգելանքից հանելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել։

Իսկ թե արդյո՞ք պատահականություն է, որ դատարանի որոշման մասին կողմը նախապես տեղյակ է եղել, քանի որ գործարքը կնքվել է հենց դատական նիստ օրը՝ հաշվված ժամերի ընթացքում, թե գործ ունենք քաղաքական կոռուպցիայի բացահայտ դրսևորման հետ՝ հարցին ի պատասխան Օրբելյանը զերծ մնաց քաղաքական-իրավական տեսանկյունից մեկնաբանություն տալուց։ Սակայն նրա փոխանցած տեղեկությունները, թե ինչպիսի հրատապությամբ է դատարանը քննել բաժնետոմսերն արգելանքից հանելու միջնորդությունը, ավելի է ամրապնդում դատարանի որոշման վրա կողմնակի ազդեցության հավանականությունը։

Այսպես՝ փաստաբանի փոխանցմամբ, հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին միջնորդությունը դատարան ներկայացվել է էլեկտրոնային տարբերակով՝ սեպտեմբերի 29-ին, ինչից մի քանի ժամ անց ստացել են հեռախոսագիր, էլեկտրոնային եղանակով ծանուցում՝ սեպտեմբերի 30-ին դատական նիստի վերաբերյալ, իսկ երբ փորձել են պարզել, թե ինչու է դատական նիստի օր նշանակվել հաջորդ օրը՝ նկատի ունենալով, որ օրենքով 15-օրյա ժամկետ է սահմանված, անհրաժեշտ է ողջամիտ ժամկետ՝ միջնորդությանը ծանոթանալու համար, պատճառաբանություն է բերվել օբյեկտիվ բացակայությունների վերաբերյալ։ Այդուհանդերձ, դատական նիստին ներկայացել են, որը սկսվել է մոտ մեկ ժամ ուշացումով՝ դիմումատուի ուշ ներկայանալու պատճառով։

«Դատական նիստն ավարտվել է ժամը 17.00-ից հետո, դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ մոտավորապես նշելով, որ պետք է մտքերը հավաքի և այլն։ Դատարանի որոշումը ստացել ենք հաջորդ օրը, բայց դատական նիստը օրը տարածվեց արդեն հաղորդագրությունը, որ բաժնետոմսերի նոր սեփականատերը 15 տոկոսը նվիրաբերել է կառավարությանը»,- ասել է Ա. Օրբելյանը։

Նրա պարզաբանմամբ՝ քաղաքացիական գործերով որոշումներն այժմ չեն հրապարակվում դատական նիստերի դահլիճում, այն տեղի է ունենում «Դատալեքս» համակարգում։

Տվյալ պարագայում, ընդհանրապես որոշումը համակարգում տեղակայվել է հոկտեմբերի 8-ին, իսկ Զուրաբովի ներկայացուցչին որոշումն ուղարկվել է դատական նիստի հաջորդ օրը, սակայն «Գեոպրոմայնինգ» ՍՊԸ-ն, փաստորեն, հենց նույն օրն է իմացել դատարանի որոշման մասին, որ հասցրել են անգամ գործարք կնքել։

«Դատական նիստն ավարտվել է Ժամը 17.10-ի սահմաններում, իսկ ժամը՝ 20.30-21.00-ի սահմաններում տարածվում է հաղորդագրություն, որ 60 տոկոսի սեփականատերը (այսինքն՝ այդ ընթացքում մեկ անձ արդեն պետք է հասցներ դառնալ 60 տոկոսի սեփականատեր) առաջարկել է կառավարությանը նվիրել 15 տոկոս բաժնետոմսերը և կառավարությունն արդեն իսկ համաձայնել է ստանալ »,- նշեց Օրբելյանը՝ հավելելով, որ հաջորդ օրվա ամսաթվով առկա է տեղեկանք գործերից մեկով, որով արդեն ՀՀ-ն՝ ի դեմս վարչապետի աշխատակազմի՝ հանդիսանում է 15 տոկոսի բաժնետեր. «Այստեղ կա կոռուպցիա, թե ոչ, գործընթացն արագ է եղել, թե ոչ՝ չեմ ցանկանում գնահատական տալ, գնահատական կարող է տալ ցանկացած ունկնդիր»։

Օրբելյանն ընդգծեց, որ Հայաստանում նման արագ գործընթաց վերջին ժամանակներում եղել է Սահմանադրական փոփոխությունների ժամանակ, երբ մեկ օրում փոխել են Սահմանադրությունը։

«Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել է, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 12.5 տոկոսի սեփականատեր Միխայիլ Զուրաբովը նոր հայցադիմում է ներկայացրել դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել կոմբինատի բաժնետոմսերի 60 տոկոսը «Գեոպրոմայնինգ» ՍՊԸ-ին վաճառելու գործարքը ու կիրառել անվավերության հետևանքներ։

Հայցադիմումը դատարան մուտք է եղել հոկտեմբերի 10-ին և նույն օրը մակագրվել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անահիտ Թումանյանին։

Օրբելյանը չբացառեց, որ հետագայում կարող է քննարկվել նաև միջազգային արբիտրաժային դատարան դիմելու հարցը, հետագա գործընթացների հետ կապված հարցերը քննարկում են վստահորդների հետ։ Մեր զրուցակիցը փաստեց, որ ձգտում են ստանալ արդարադատություն՝ հայկական դատական ատյաններում, ինչը չի բացառում միջազգային իրավական պաշտպանության գործիքների կիրառումը։

Հարցին՝ արդյո՞ք ԶՄՊԿ բաժնետոմսերի 60 տոկոսը Տրոցենկոյին վաճառելու գործարքով խախտվում են Կոմբինատի մյուս բաժնետերերի, այդ թվում՝ Զուրաբովի իրավունքները՝ Օրբելյանը նշեց, որ անձնավորել պետք չէ. «ԶԼՄ հրապարակումներից տպավորություն է ստեղծվում, որ երկու ռուս ձեռնարկատերերի վեճ է։ Այդպես չէ»։ Այդուհանդերձ, «Զանգեզուր Մայնինգ» ընկերության բաժնետերը գտնում է, որ խախտվել են իր իրավունքները և դրա համար էլ դիմել է դատարան, խախտվել են առնվազն՝ նախապատվության իրավունքը և կոմբինատի գույքի, տվյալ դեպքում՝ բաժնետոմսերի վաճառքի կորպորատիվ իրավական կանոնակարգը։

--0--ԿԿ

Տեսանյութեր