Մինչ օրս չդադարող կրակոցները

ԵՐԵՎԱՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27,  24 News

Վազգեն Սարգսյան

Մինչ օրս չդադարող կրակոցները

Ու մենք հեռացել ենք մեզանից, մեզ խլել են մեր բուն կերպ ու կերպարից, մեզ հագցրել են իրենց կերպարը, որ ապրենք իրենց հաճո ու հարմար կյանքով: Եղել է: Եվ եղել է, որ մեր ձեռքով բացել ենք մեր անառիկ ամրոցների դարպասները ու մեր սիրելի թշնամուն ասել ենք՝ արի, քոնն է, արի ու կեր մեզ, մեր բարիքը, վառիր մեր տունը, մենք քեզ արժանի ենք: Թե ինչ-որ խելառ էլ հանկարծ որոշել է դիմադրել, մեր ձեռքով հերն անիծել ենք: 

«Վազգեն Սարգսյան, 1999թ., հոկտեմբեր` սպանությունից օրեր առաջ

Օր չորեքշաբթի, ժամը 17։15

- Ու՞մ խփեցին։

- Պետությանը։

- Ո՞վ սպանվեց։

- Ապագան։

- Ի՞նչ կորցրինք։

- Պատիվը։

- Ովքե՞ր սպանվեցին։

- Տերերը։

-  Եղածն ի՞նչ էր։

- Դավաճանություն։

- Ի՞նչ է լինելու։

- Խավար։

Որովհետև օրը մայրամուտից առաջ մթնում է միայն արևի խավարման դեպքում և բնության կարգի անբնական խափանումը, ամենահին ժամանակներից ի վեր, սպասվող աղետի մասին է խոսում։

Ինչպե՞ս բնութագրել այն երկրին, հանրությանն ու ժողովրդին, ով իր պետականության հետ կատարված մեծագույն աղետն ու ողբերգությունը դեռևս` 22 տարի անց, չի բացահայտել, չի հասկացել և գնահատական չի տվել։ Այսինքն ինքը (հավաքական առումով) դրա կարիքը չունի. իրեն ո՛չ թափված արյունն է հետաքրքրում, ո՛չ արդարության վերականգնումը։ Բա էդ դեպքում ի՞նչը, մի փոր հացը։ Միայն ուտելով նույնիսկ անասունը չի բավարարվում, որովհետև մոլորակում ամեն ինչ ստեղծված է պատահականության բացառման սկզբունքով, իսկ դա նշանակում է, որ արարչության բոլոր հատիկներն ու երևույթներն ունեն որոշակի նպատակ և միայն մարդն է թերանում այս գործում` հայ մարդն առավել շատ։ Անհասկանալի է մնում մարդկության պատմության մեջ ամենասահմռկեցուցիչ ու ծավալուն քաղաքական սպանության նկատմամբ հայերիս անտարբեր ու անլուրջ վերաբերմունքը։ Եվ սա համազգային բախտի բան չի, այլ` խելքի ու թասիբի` ավելի շուտ դրանց չգոյության։ Մինչ օրս ըստ արժանվույն չի ուսումնասիրվել և քաղաքագիտական ու պատմագիտական եզրակացություն չի տրվել, թե ինչու Վազգեն Սարգսյանը դարձավ վարչապետ և որն էր Կարեն Դեմիրճյանի նպատակը քաղաքականություն վերադառնալու ու հետո Վազգենի հետ դաշինք կազմելու։ Կրակոցների իմաստը այստեղ է թաքնված։ Պետք է սկիզբը վերլուծվի, որ վերջը հասկանալի դառնա, քանի որ քաղաքականության մեջ կատարված գործողության էֆեկտը ավելի ուշ է արտահայտվում։

Վազգենի մոտ ընդգծված էր էպոխայի ընկալումը և ժամանակի զգացողությունը (timing)։ Նա գիտակցում էր, որ տրված հնարավորությունների և ձեռքբերված հաջողությունների բաց թողումը հասարակության և ժողովրդի մոտ բերելու է կրկնվող հիասթափությունների շրջապտույտին, ինչն էլ իր հերթին չեզոքացնելու է ավյունը, փոշիացնելու է ներուժը։ Խորությամբ հասկանում էր, որ պատմական հրամայականի իրագործման բացթողնման դեպքում Հայաստանը չունի մտավոր, կամային, գեոգրաֆիկ և գեոպոլիտիկ այն մեծ հնարավորությունները չջարդվելու ու արագ ոտքի կանգնելու համար։

Վազգենին Դեմիրճյանի հետ միասին, հաջողվեց ստեղծել ոգևորության վարակիչ մի մթնոլորտ, որը մեկ էլ կար 1988թ. Շարժման շրջանում` մոտ էր այդ ժամանակին։ Վերականգնվեց իշխանություն֊հասարակություն֊ժողովուրդ ներդաշնակության մեխանիզմը։ Մարդկանց մոտ վստահություն առաջ եկավ, որ կամային ու անվախ վարչապետն և ԱԺ իմաստուն ու փորձառու նախագահը պետությունը վճռականորեն, կբարձրացնեն երրորդ ու աղքատ երկրի կարգավիճակից` հասցնելով արժանապատիվ գործընկերոջ մակարդակին։ Ասվածի համար բոլոր նախադրյալները առկա էին։ Կային հիմքերը մտածելու, որ Հայաստանը առաջ է անցնելու տարածաշրջանային ուժեղ ու ազդեցիկ պետության լինելուց և դառնալու է տերություն` այն իմաստով, որ հայկական ժառանգության համակարգված մատուցումը աշխարհին, և որոշ ճյուղերի զարգացումն այնպիսին է դառնալու, որ մրցելու է համաշխարհային առաջատարների հետ և շահած է դուրս գալու։ Վազգենն ամբողջությամբ տեսնում էր Հայաստան-Արցախ-Սփյուռք եռաստիճան լայնածավալ ռեսուրսները, դրա չօգտագործված լինելը, պոտենցիալի զորեղությունը։

Նա ուներ հստակ իդեալ և նպատակ, խնդիրների պատկերացում ու միջոցները գտնելու կամային վճռականություն, մինչև վերջ պայքարելու բնավորություն։ Վազգենի գլխավոր երկու թեզերը` «Համազգային միասնություն» և «Համաշխարհային դիմոդրողականության բարձրացում», նրա պետական նպատակի ամբողջականության մասին են խոսում։ Ինքը նշանավոր հայ մտավորական երջանկահիշատակ Ռաֆայել Իշխանյանի կողմից ձևակերպված և Շարժման կողմից որդեգրած «Երրորդ ուժի բացառման օրենք»-ի կրողն էր։ Անկախությունն ու ուժեղ պետականությունը նրա քաղաքական կրեդոներն էին։

Պետք է ասել, որ Վազգենը Շարժման գաղափարոխոսության և արժեհամակարգի ճամբարում էր` միանշանակ, որտեղ, առանց շեղումներ թույլ տալու, ուներ իր անհատական մոտեցումները, որոնք արտահայտվում էին մեթոդիկայի մեջ և իդեոլոգիային չէին հակասում։ Եվ այսպես, որն էր 27֊ի դավաճանական կրակոցների ողբերգական իմաստը` մեկ բառով` տիրազրկությունը։ Անտեր տունը, հողը, խանութը, գործարանը, շենքը, գյուղը, քաղաքը, երկիրը ժամանակի ընթացքում չոլի են վերածվում։ Թվում է կան, բայց իրականում չկան։ Հոտը կա, հովիվը` ոչ։ Դերակատարները առկա են, դերերը` բացակա։ Անռեժիսոր ու անսցենար վիճակ է։ Եվ, եթե, 1988թ. ազգի փայլուն սերունդը ոտքի կանգնեց հանուն Հայաստանի Անկախ Հանրապետության, ապա հետո եկածները համախմբվում են իշխանության դեմ կամ կողմ լոկ իրենց սոցիալական նեղ շահերից ելնելով, որովհետև պատասխանատվություն են զգում միայն յուր ընտանիքի առաջ և ոչ պետության։

«Որտեղ հաց այնտեղ կաց» վախկոտների փիլիսոփայությունը դարձավ պետական ներքին քաղաքականություն, վկա՝ արտագաղթը, «չենք պայքարում` քոչում ենք», և պետությունը թևակոխեց Վանոյի կողմից անվրեպ ու դիպուկ բնորոշած փուլերը` «Գյադաների ժամանակը» և «Թուլեքի թագավորությունը»։

Հոկտեմբերի 27-ի ծրագրավորումը ոսկերչական անսխալությամբ իրագործվեց։ Հայերը ներքաշվեցին դարի տիրադավության մեծագույն օպերացիային` մասնակցելով ու չըմբոստանալով։ Պետությունը` մասսայական սպանության ճանապարհով, կորցրեց տիրոջ հոգեբանությամբ օժտված հայաստանակենտրոն առաջնորդներին, հայ մարդն ընկավ անպաշտպանվածության հոգեբանական հորձանուտը, երկիրը ընկղմվեց կեղտաջրի փոսի մեջ։ 27-ից հետո եղածը, պետական մակարդակով, գավառական դեմագոգիա էր և «դիշովկի» պոպուլիզմ։

Հայաստանը, որպես գործոն էլ չկար, կար կենսատարածք, որում համապետական նպատակից բացի ամեն ինչ կար` ջրիկ, անլուրջ, ցածրորակ, անօգուտ, անիմաստ։ Երկիրը քնում ու զարթնում էր քաղաքական խաղերի ֆոնին` առավ փախավների ու գռդոնչիների դերակատարությամբ։ Եվ այսպիսի ընթացքը մեզ նորից պիտի բերեր հասցներ զոհի ծնկաչոք կեցվածքին` դրանից առաջ թույլ տալով վերջին հանցավոր սխալը, որ ջահել, դատարկ հակապետականները ղեկապետ դառնան ու դնեն 27-ից հետո սկսված ավարտի արյունածոր վերջակետը` միտք արտադրողներից զրկված ժողովրդին խաբեությամբ քցեն իրենց մանիպուլյատիվ թակարդը։ Հոկտեմբերի 27֊ից սկսված շակալների խրախճանքը այսօր էլ իրավամբ շարունակվում է, որովհետև 22 տարի առաջ հնչած կրակոցները շարունակվում են մեր օրերում լսվել։

Քսան֊քսանի պատերազմը քսանյոթի հետևանք էր` ընդամենը, սարսափելիորեն ընդամենը։ Սակայն հիմա էլ, այսքան բանից հետո էլ շտկվելու փորձի փոխարեն համատարած ապուշության շատացման ենք ականատես լինում։ Հավատքի բոցավառություն չկա, ապաշխարհություն` այսինքն մտածելակերպի փոփոխություն չկա, ողջախոհություն չկա, անվախ կամք չկա, Վճռական Մենակը չկա (հուսանք` դեռ)։

Այսինքն գրվածից ամեն ինչ էլ կա, բայց անհատական դրսևորումով, ոչ թե համընդհանուր տեսքով։ Եվ հրճվացող բառադիության շքերթը արդեն որերորդ անգամ գոտենպնդում է Վիրտուալ Հայաստանը։ Ին՞չ անել։ Վերադառնալ Վազգենին` սպանված տղային, հավատավոր իդեալիստին, խիզախ առաջնորդին, խորագետ հային, հայրենիքը ազատագրած մենակին, պայքարի կամքի կենտրոնին։ Մտնենք նրա ժառանգության մեջ, հռչակենք մեզ իր զինվորը, խոսք տանք, որ իր գործը կվերածնվի։ Սկսենք այնտեղից, որտեղ կանգնեց Անկախ պետության ժամանակը, արնաշաղախ արվեց Հայաստանը։

Ընդհանրապես, բայց այսօր առավել ևս` 44֊օրյա պարտված պատերազմից և կապիտուլյացիայից հետո, վազգենականությունը վերականգնման համար պարտադիր պայման է և ճշմարիտ ելքը մթնոլորտի հաղթահարման խնդրում, թե՛ քաղաքական, թե՛ հոգեբանական, թե՛ մարտավարական առումներով։ Գոնե մի անգամ մենք մեր համազգային պատերազմը մինչև վերջ հասցնելու անջարդ կամք ցուցաբերենք և դրա համար Վազգենի կարիքը շատ ունենք` նրանով վերսկսելու, նրա պատկերացրած պետությունը վերականգնելու համար։

Հ.Գ Հարգելի ընթերոցող, հիմա խնդրում եմ նայիր այս ասված֊գրվածի վերևում նշված ամսաթվին ու ժամին, տարիները տեղերով տեղափոխիր և ինքդ քեզ ասա, թե ինչ է փոխվել այս ժամանակահատվածում։

Ռուբեն Վարդանյան պատմաբան, հրապարակախոս 

 --00—ՄՀ