Ս․ Աթոռի առաքելական նվիրակության բացում՝ ՀՀ-ում․ մասնակցել են Միրզոյանն ու Պառան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

Հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ու պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ (փոխպետքարտուղար) Էդգար Պենյա Պառայի մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակության պաշտոնական բացման արարողությունը:

Առաքելական նվիրակության բացման կապակցությամբ ելույթով հանդես են եկել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ Էդգար Պենյա Պառան:

Իր ելույթում նախարար Միրզոյանը, մասնավորապես, նշել է.

«Ձե՛րդ Վսեմություն,
Հարգելի՛ հյուրեր,
Տիկնայք և պարոնայք,

Այսօր, հիրավի, խորհրդանշական օր է. Սուրբ Աթոռը նստավայր առաքելական նվիրակություն է բացում առաջին քրիստոնյա երկրում, որն ազդարարում է Հայաստան-Սուրբ Աթոռ համագործակցության նոր փուլի սկիզբը: Մեծապես արժևորում ենք Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի այս որոշումը, որը կրկին փաստում է Սրբազան քահանայապետի կողմից հայ-վատիկանյան միջպետական կապերին տրվող կարևորության մասին։

Ընթացիկ տարին նշանակալից է մեր երկկողմ հարաբերությունների համար` հաշվի առնելով, որ լրանում է Սուրբ Հովհաննես Պողոս 2-րդի Հայաստան կատարած այցի քսանամյակը և Նորին Սրբություն Ֆրանցիսկոսի այցի հնգամյակը։ Այդ պատմական այցելությունները միշտ վառ կմնան մեր ժողովրդի սրտում և մտքում:

Հայաստանի և Սուրբ Աթոռի ամուր համերաշխության վկայությունն է հայ ժողովրդի հանճարեղ ներկայացուցիչ Սուրբ Գրիգոր Նարեկացուն «Տիեզերական եկեղեցու վարդապետ» պատվավոր տիտղոսի շնորհումը, նրա ճանաչումը՝ որպես կաթոլիկ եկեղեցու 36 մեծագույն մտածողներից մեկը և Նարեկացու արձանի հանդիսավոր բացումը Վատիկանի պարտեզներում: Չենք կարող չնշել նաև Մխիթարյան միաբանության մասին, որը հսկայական դեր է խաղացել հայ ժողովրդի ուսումնակրթական, գիտական և մշակութային կյանքի զարգացման և Հայաստանի ու Վատիկանի արժեքային ու հոգևոր կապի համար։

Այսօր ցանկանում եմ Հայաստանի և հայ ժողովրդի անունից կրկին երախտագիտություն հայտնել Սուրբ Աթոռին՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ աներկբա ու սկզբունքային դիրքորոշում որդեգրելու և դրանով իսկ ապագայում նման ոճրագործությունները կանխելու գործընթացում ներդրում ունենալու համար:

Բարձր ենք գնահատում նաև Արցախի խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում և դրանից հետո Սրբազան քահանայապետի հղած ուղերձները, ինչպես նաև, մասնավորապես, ռազմագերիների անհապաղ ազատ արձակման կոչերը։

Հարգելի՛ ներկաներ,

Հայաստանի հարաբերությունները Վատիկանի հետ մշտապես աչքի են ընկել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ և հիմնված են ոչ միայն քրիստոնեական արժեքների, այլև ընդհանուր պատմական և հոգևոր ժառանգության, ժամանակակից աշխարհի մարտահրավերների վերաբերյալ համանման մոտեցումների վրա:

Իհարկե, մեր պատմական առնչությունները և կապերը դարերի խորքից են գալիս, բայց դրանք նոր թափով սկսեցին զարգանալ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո։ Առաջնորդվելով երկկողմ հարաբերություններն առավել խորացնելու վճռականությամբ՝ 2013 թ․ Հայաստանը Սուրբ Աթոռում հիմնել էր նստավայր դեսպանություն: Եվ այսօր առաքելական նվիրակության բացումով Վատիկանը ցույց է տալիս հարաբերություններն առավել զարգացնելու, խորացնելու, մեր երկու պետությունների միջև առկա հոգևոր և մշակութային կապերը սերտացնելու իր պատրաստակամությունը:

Մյուս տարի մենք նշելու ենք մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման երեսունամյակը, և կարծում եմ՝ սա լավ հնարավորություն կլինի հայ-վատիկանյան կապերի հետագա զարգացումը ապահովող քայլերը նախանշելու համար:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս՝ Հայաստանում Սուրբ Աթոռի ռեզիդենտ նվիրակության հիմնադրման առիթով»:

--00—ԼՄ